Ելք
7 Հետո Եհովան ասաց Մովսեսին. «Տես, ես քեզ նշանակել եմ, որ լինես ինչպես Աստված* փարավոնի առաջ, իսկ քո եղբայր Ահարոնը քո մարգարեն կլինի:+ 2 Դու քո եղբայր Ահարոնին կհաղորդես այն ամենը, ինչ կպատվիրեմ քեզ, նա էլ կխոսի փարավոնի հետ, և ի վերջո փարավոնը իսրայելացիներին թույլ կտա գնալ իր երկրից: 3 Ես կթողնեմ, որ փարավոնի սիրտը համառ դառնա,+ և բազում զորավոր գործեր ու հրաշքներ կանեմ Եգիպտոսում:+ 4 Փարավոնը ձեզ չի լսի, և ես իմ զորավոր ձեռքով կգործեմ ընդդեմ Եգիպտոսի ու մեծ դատաստաններով այնտեղից կհանեմ իմ մեծաթիվ ժողովրդին՝* իսրայելացիներին:+ 5 Ու երբ զորավոր ձեռքով գործեմ ընդդեմ Եգիպտոսի և իսրայելացիներին հանեմ նրանց միջից, եգիպտացիները կիմանան, որ ես Եհովան եմ»:+ 6 Մովսեսն ու Ահարոնը արեցին այնպես, ինչպես Եհովան պատվիրեց. նրանք հենց այդպես արեցին: 7 Մովսեսը 80 տարեկան էր, իսկ Ահարոնը՝ 83, երբ խոսեցին փարավոնի հետ:+
8 Եհովան ասաց Մովսեսին ու Ահարոնին. 9 «Եթե փարավոնն ասի՝ «Մի հրաշք արեք», դու՝ Մովսե՛ս, Ահարոնին կասես. «Վերցրու գավազանդ ու նետիր փարավոնի առաջ»: Այդ ժամանակ այն մեծ օձ կդառնա»:+ 10 Մովսեսն ու Ահարոնը գնացին փարավոնի մոտ և արեցին ճիշտ այնպես, ինչպես Եհովան պատվիրել էր: Ահարոնն իր գավազանը գցեց փարավոնի ու նրա ծառաների առաջ, և այն մեծ օձ դարձավ: 11 Սակայն փարավոնը կանչեց իմաստուններին ու կախարդներին, և Եգիպտոսի այդ քրմերը*+ իրենց մոգությամբ նույնն արեցին:+ 12 Յուրաքանչյուրն իր գավազանը ցած գցեց, և դրանք մեծ օձեր դարձան, բայց Ահարոնի գավազանը կուլ տվեց նրանց գավազանները: 13 Այդուհանդերձ, փարավոնի սիրտը համառ դարձավ,+ և նա չլսեց Մովսեսին ու Ահարոնին: Եղավ ճիշտ այնպես, ինչպես Եհովան ասել էր:
14 Այդ ժամանակ Եհովան ասաց Մովսեսին. «Փարավոնի սիրտը կարծրացած է:+ Նա չի համաձայնվում ազատ արձակել ժողովրդին: 15 Ուստի առավոտյան գնա փարավոնի մոտ: Նա ջրի մոտ կգա: Իսկ դու կանգնիր Նեղոս գետի ափին, որ հանդիպես նրան: Հետդ վերցրու այն գավազանը, որն օձ էր դարձել:+ 16 Փարավոնին ասա. «Եհովան՝ եբրայեցիների Աստվածն է ինձ ուղարկել քեզ մոտ:+ Նա ասում է. «Բա՛ց թող իմ ժողովրդին, որ գնա և անապատում պաշտի* ինձ»: Բայց մինչև հիմա դու չես հնազանդվում: 17 Ուստի ահա թե ինչ է ասում Եհովան. «Սրանի՛ց կիմանաս, որ ես Եհովան եմ.+ իմ գավազանով կհարվածեմ Նեղոս գետի ջրին, և այն արյուն կդառնա: 18 Նեղոս գետի ձկները կսատկեն, գետը կգարշահոտի, ու եգիպտացիները չեն կարողանա գետից ջուր խմել»»»:
19 Ապա Եհովան ասաց Մովսեսին. «Ահարոնին պատվիրիր. «Գավազանդ ձեռքդ վերցրու և մեկնիր դեպի Եգիպտոսի ջրերը՝+ նրանց գետերը, Նեղոսի ջրանցքները, ճահիճներն+ ու բոլոր ջրամբարները, որ դրանց ջրերը արյուն դառնան»: Եվ ողջ Եգիպտոսում արյուն կլինի, անգամ փայտե ու քարե տարաներում»: 20 Մովսեսն ու Ահարոնը իսկույն արեցին այնպես, ինչպես պատվիրեց Եհովան. Ահարոնը բարձրացրեց գավազանը, փարավոնի ու նրա ծառաների աչքի առաջ հարվածեց Նեղոսի ջրին, և գետի ամբողջ ջուրը արյուն դարձավ:+ 21 Նեղոս գետի ձկները սատկեցին,+ և գետը սկսեց գարշահոտել, այնպես որ եգիպտացիները չէին կարողանում ջուր խմել գետից:+ Ողջ Եգիպտոսում արյուն էր:
22 Բայց Եգիպտոսի քրմերը իրենց կախարդությամբ+ նույնն արեցին, ուստի փարավոնի սիրտը համառ մնաց, և նա չլսեց Մովսեսին ու Ահարոնին, ճիշտ ինչպես Եհովան ասել էր:+ 23 Փարավոնը վերադարձավ տուն, և այս անգամ էլ իր տեսածը ոչ մի ազդեցություն չթողեց իր վրա: 24 Բոլոր եգիպտացիները սկսեցին փորել Նեղոսի շրջակայքը, որ խմելու ջուր գտնեն, քանի որ գետի ջրից չէին կարողանում խմել: 25 Անցավ յոթ լրիվ օր այն բանից հետո, երբ Եհովան պատուհասեց Նեղոս գետը: