Թվեր
5 Այնուհետև Եհովան խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 2 «Պատվիրիր իսրայելացիներին, որ ճամբարից դուրս հանեն բոլոր նրանց, ովքեր բորոտ են,+ արտահոսում ունեն կամ անմաքուր են դարձել՝ մահացածի* դիպչելով:+ 3 Լինեն տղամարդ թե կին՝ դուք պետք է դուրս հանեք նրանց: Ճամբարից հեռացրեք նրանց, որ չպղծեն+ ճամբարում եղողներին, որոնց մեջ ես բնակվում եմ»:+ 4 Իսրայելացիները այդպես էլ արեցին. ճամբարից դուրս հանեցին նրանց: Իսրայելացիներն արեցին ճիշտ այնպես, ինչպես Եհովան ասաց Մովսեսին:
5 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 6 «Իսրայելացիներին ասա. «Եթե որևէ տղամարդ կամ կին Եհովայի հանդեպ անհավատարիմ գտնվի՝ դրացու դեմ մեղք գործելով, նա հանցավոր կլինի:+ 7 Նա* պետք է խոստովանի+ իր* գործած մեղքը և հատուցի ամբողջ վնասը՝ ավելացնելով դրա արժեքի հինգերորդ մասը:+ Փոխհատուցումը նա պետք է տա նրան, ում հանդեպ մեղք է գործել: 8 Սակայն եթե տուժածը մահացել է և չունի մոտ ազգական, որը կարող է ստանալ փոխհատուցումը, ապա այն պետք է տրվի Եհովային ու պատկանի քահանային, ինչպես որ քավության համար բերված արու ոչխարը, որով նա քավություն է անելու մեղք գործողի համար:+
9 Ամեն սուրբ նվիրաբերություն,+ որ իսրայելացիները կտան քահանային, նրան կպատկանի:+ 10 Յուրաքանչյուր մարդու կողմից բերված ամեն սուրբ բան նրանը կլինի: Ինչ որ տան քահանային, նրան կպատկանի»»:
11 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 12 «Խոսիր իսրայելացիների հետ ու ասա նրանց. «Եթե որևէ մեկի կինը մեղք գործի՝ դավաճանելով նրան, 13 եթե ուրիշ տղամարդ սեռական հարաբերություն ունենա այդ կնոջ հետ,+ նրա ամուսինը չիմանա այդ մասին, ու դա չբացահայտվի, այսինքն՝ եթե կինը պղծվի, սակայն նրա դեմ վկա չլինի, ու նա չբռնվի, 14 եթե ամուսինը սկսի խանդել իր կնոջը ու կասկածել անհավատարմության մեջ, անկախ նրանից՝ կինը իրականում պղծել է իրեն, թե ոչ, 15 երկու դեպքում էլ ամուսինը իր կնոջը պետք է բերի քահանայի մոտ: Նա պետք է նաև իր կնոջ համար մատուցվելիք ընծա բերի՝ մեկ տասներորդ արդուի* չափ գարու ալյուր: Նա չպետք է դրա վրա յուղ լցնի, ոչ էլ կնդրուկ* դնի վրան, քանի որ դա խանդի պատճառով մատուցվող հացի ընծա է՝ մեղավորությունը պարզելու հացի ընծա:*
16 Քահանան կնոջը կբերի ու կկանգնեցնի Եհովայի առաջ:+ 17 Ապա կավե անոթով մաքուր* ջուր կվերցնի և խորանի հատակից հող կլցնի դրա մեջ: 18 Կնոջը կանգնեցնելով Եհովայի առաջ՝ քահանան կարձակի նրա մազերը, նրա ձեռքում կդնի մեղավորությունը պարզելու հացի ընծան, այսինքն՝ խանդի պատճառով մատուցվող հացի ընծան,+ իսկ անեծք բերող դառը ջուրը իր ձեռքում կպահի:+
19 Քահանան պետք է կնոջը երդվել տա՝ ասելով. «Եթե քո ամուսնությունից հետո* ուրիշ տղամարդու հետ սեռական հարաբերություն չես ունեցել,+ մեղք չես գործել ու քեզ չես պղծել, ապա անեծք բերող այս դառը ջուրը թող չվնասի քեզ: 20 Սակայն եթե դու, ամուսնացած լինելով,* մեղք ես գործել ու պղծել ես քեզ՝ ուրիշ տղամարդու հետ հարաբերություն ունենալով...»:+ 21 Այդ ժամանակ քահանան երդվել կտա կնոջը անեծք պարունակող երդմամբ՝ ասելով. «Թող Եհովան այնպես անի, որ մարդիկ երդվելիս ու անիծելիս քեզ հիշատակեն որպես օրինակ, և թող Եհովան այնպես անի, որ քո արգանդը չորանա,* և քո որովայնը ուռչի: 22 Անեծք բերող այս ջուրը կլցվի աղիներիդ մեջ, որովայնդ կուռչի, և արգանդդ կչորանա»: Ի պատասխան՝ կինը պետք է ասի. «Ամե՛ն, ամե՛ն»:*
23 Այնուհետև քահանան պետք է այս անեծքները գրի առնի գրքում,* ապա ջնջի դրանք՝ լվանալով դառը ջրի մեջ: 24 Դա անեծք բերող դառը ջուրն է, որը նա խմել կտա կնոջը, և որը կլցվի նրա մեջ ու դառը հետևանք կբերի: 25 Քահանան պետք է կնոջ ձեռքից վերցնի խանդի պատճառով մատուցվող հացի ընծան,+ այն տարուբերի Եհովայի առաջ ու մոտեցնի զոհասեղանին: 26 Քահանան հացի ընծայից մի բուռ կվերցնի որպես այդ ողջ ընծայի խորհրդանիշ և կայրի* զոհասեղանի վրա:+ Ապա կնոջը խմել կտա այդ ջուրը: 27 Եթե կինը պղծել է իրեն և իր ամուսնուն անհավատարիմ է եղել, ապա անեծք բերող ջուրը, լցվելով նրա մեջ, դառը հետևանք կբերի. նրա որովայնը կուռչի, արգանդը կչորանա, և մարդիկ անիծելիս նրան կհիշատակեն որպես օրինակ: 28 Սակայն եթե կինը չի պղծել իրեն ու մաքուր է, ապա զերծ կմնա այդ պատժից. նա կկարողանա հղիանալ և երեխա ունենալ:
29 Սա է խանդի մասին օրենքը:+ Ահա թե ինչ պետք է արվի, երբ ամուսնացած* կինը մեղք է գործում ու պղծում իրեն, 30 կամ երբ տղամարդը սկսում է խանդել և անհավատարմության մեջ կասկածել իր կնոջը. նա իր կնոջը պետք է կանգնեցնի Եհովայի առաջ, և քահանան պետք է անի այն, ինչ նշվում է այս օրենքում: 31 Տղամարդը մեղավոր չի համարվի, իսկ կինը, եթե իսկապես մեղավոր է, պատասխան կտա իր հանցանքի համար»»: