Եզեկիել
21 Եհովան դարձյալ խոսեց ինձ հետ՝ ասելով. 2 «Մարդո՛ւ որդի, դեմքով շրջվիր դեպի Երուսաղեմ, դատաստանական լուր հայտնիր և մարգարեացիր սուրբ վայրերի ու Իսրայելի մասին: 3 Իսրայելի երկրին ասա. «Եհովան ասում է. «Ես քո դեմ եմ: Սուրս հանելու եմ պատյանից+ ու քո միջից վերացնելու եմ թե՛ արդարին, թե՛ չարագործին: 4 Սուրս հանելու եմ պատյանից և քո միջից վերացնելու եմ բոլոր մարդկանց՝ թե՛ արդարին, թե՛ չարագործին՝ հարավից մինչև հյուսիս: 5 Եվ բոլոր մարդիկ կիմանան, որ ես՝ Եհովաս եմ հանել իմ սուրը պատյանից և այն այլևս հետ չեմ դնի»»:+
6 Մարդո՛ւ որդի, իսկ դու հառաչիր և դողա, այո՛, դառնությամբ հառաչիր բոլորի աչքի առաջ:+ 7 Եվ եթե հարցնեն քեզ՝ «Ինչո՞ւ ես հառաչում», պատասխանիր՝ «Լուրի պատճառով»: Բոլորն, անշուշտ, կլսեն այն, բոլորը վախով կհամակվեն, թևաթափ կլինեն, կվհատվեն, ու բոլորի ծնկներով ջուր կհոսի:*+ «Աղետ կգա, այն անպատճառ վրա կհասնի»,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»:
8 Եհովան նորից խոսեց ինձ հետ՝ ասելով. 9 «Մարդո՛ւ որդի, սա մարգարեացիր. «Եհովան ասում է. «Ասա՝ սո՛ւր, սո՛ւր+ է սրվել ու փայլեցվել: 10 Այն սրվել է կոտորած անելու համար և փայլեցվել՝ շողշողալու համար»»»:
«Մի՞թե չպետք է ցնծանք»:
«Արդյոք այն* կմերժի՞ իմ որդու գավազանը,+ ինչպես ցանկացած ծառի է մերժում:
11 Այն տրվել է, որ փայլեցվի ու հետո օգտագործվի: Այդ սուրը սրված և փայլեցված է, որ դահճի ձեռքը տրվի:+
12 Աղաղակիր ու ողբա,+ ո՛վ մարդու որդի, որովհետև սուրը իմ ժողովրդի դեմ է ուղղված, Իսրայելի բոլոր առաջնորդների դեմ:+ Նրանց իմ ժողովրդի հետ սրի կքաշեն: Ուստի դառնացած հարվածիր ազդրիդ: 13 Ստուգումն արդեն կատարվել է:+ Իսկ ի՞նչ կլինի, եթե սուրը մերժի գավազանը: Գավազանն այլևս գոյություն չի ունենա,+– ասում է Գերիշխան Տեր Եհովան:–
14 Մարդո՛ւ որդի, մարգարեացիր, ծափ տուր և երեք անգամ ասա՝ սո՛ւր: Այն կոտորածի՝ մեծ կոտորածի սուր է, որը նրանց շուրջբոլորն է:+ 15 Նրանք վախով կհամակվեն,+ և շատերը կընկնեն քաղաքի դարպասների մոտ: Ես կոտորած կանեմ, սրի կքաշեմ նրանց: Սուրը կայծակի պես փայլատակում է, այն փայլեցված է կոտորելու համար: 16 Ա՛ջ հարվածիր, ձա՛խ հարվածիր: Գնա՛, ուր որ սայրդ ուղղված է: 17 Ես նույնպես ծափ կտամ և կհագեցնեմ ցասումս:+ Ես՝ Եհովաս եմ դա ասել»:
18 Եվ Եհովան կրկին խոսեց ինձ հետ՝ ասելով. 19 «Ո՛վ մարդու որդի, Բաբելոնի թագավորի սրի համար երկու ճանապարհ գծիր: Երկուսն էլ մի երկրից պետք է սկիզբ առնեն: Ցուցանշան դիր այն վայրում, որտեղ ճանապարհը բաժանվում է երկու մասի՝ տանելով երկու քաղաքներ: 20 Ցույց տուր, որ ճանապարհներից մեկով սուրը գնալու է ամմոնացիների քաղաք Ռաբա,+ իսկ մյուսով՝ Հուդայի ամրացված քաղաք Երուսաղեմ:+ 21 Բաբելոնի թագավորը կանգ կառնի երկու ճանապարհների բաժանման հատվածում, որպեսզի գուշակություն անի: Նա կթափահարի նետերը, կդիմի իր կուռքերին* և կզննի լյարդը: 22 Նրա աջ ձեռքում գուշակությունը ցույց կտա, որ պետք է Երուսաղեմ գնալ՝ այնտեղ պարսպակործան զենքեր տեղակայելու, կոտորածի հրաման տալու, մարտագոչ արձակելու, դարպասների դիմաց պարսպակործան զենքեր դնելու, պատնեշ կանգնեցնելու ու պաշարման պարիսպ կառուցելու:+ 23 Բայց այդ գուշակությունը կեղծ կթվա նրանց,* ովքեր երդումներ էին տվել նրանց:*+ Սակայն նա կհիշի նրանց հանցանքը ու կբռնի նրանց:+
24 Ուստի Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Դուք ստիպեցիք հիշել ձեր մեղքերը, քանի որ ի ցույց դրեցիք ձեր չարագործությունները, և բոլորը տեսան ձեր հանցանքները՝ ձեր մեղսագործությունները: Եվ հիմա, երբ ձեր մասին հիշեցին, ձեզ բռնի ուժով կգերեվարեն»:
25 Քո օրը եկել է, ո՛վ Իսրայելի չար առաջնորդ, որ մահացու վիրավոր ես,+ քո հատուցման ժամը հասել է: 26 Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Հանիր գլխափաթթոցը և թագը:+ Ամեն ինչ կփոխվի:+ Ցածրին բարձրացրու+ և բարձրին ցածրացրու:+ 27 Կկործանե՛մ, կկործանե՛մ, կկործանե՛մ այն:* Այն ոչ ոքի չի պատկանի, մինչև որ չգա նա, ով իրավունք ունի այն ստանձնելու,+ և ես այն նրան կտամ»:+
28 Մարդո՛ւ որդի, մարգարեացիր՝ ասելով. «Ահա թե Գերիշխան Տեր Եհովան ինչ է ասում ամմոնացիների և նրանց վիրավորանքների մասին»: Ասա. «Սո՛ւրը, սո՛ւրը մերկացվել է կոտորելու համար և փայլեցվել է, որ կայծակի պես փայլատակի ու խժռի: 29 Չնայած քո* մասին տեսած կեղծ տեսիլքներին և սուտ գուշակությանը՝ քո բնակիչներին կկիտեն մեղսագործների դիակների վրա՝ այն մարդկանց, ում հատուցման ժամը եկել է: 30 Սուրը պատյանի մեջ դիր: Ես կդատեմ քեզ քո ծննդավայրում՝ այնտեղ, որտեղ ստեղծվեցիր: 31 Իմ բարկությունը կթափեմ քեզ վրա: Իմ ցասման կրակը քեզ վրա կփչեմ ու կմատնեմ դաժան մարդկանց ձեռքը, որոնք սպանելու վարպետ են:+ 32 Դու վառելիք կդառնաս կրակի համար,+ արյունդ կթափվի քո իսկ երկրում: Դու մոռացության կմատնվես, որովհետև ես՝ Եհովաս եմ դա ասել»»: