Երեմիա
39 Հուդայի թագավոր Սեդեկիայի իշխանության իններորդ տարում՝ տասներորդ ամսին, Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորը իր ողջ զորքով եկավ ու պաշարեց Երուսաղեմը:+
2 Սեդեկիայի իշխանության 11-րդ տարում՝ չորրորդ ամսվա իններորդ օրը, նրանք ճեղքեցին քաղաքի պարիսպը:+ 3 Բաբելոնի թագավորի բոլոր իշխանները մտան քաղաք ու նստեցին Մեջտեղի դարպասի մոտ:+ Նրանք էին սամեգար* Ներգելսարասարը, ռաբսարիս* Նաբավսարսեքիմը,* ռաբմագ* Ներգելսարասարը և Բաբելոնի թագավորի մնացած բոլոր իշխանները:
4 Նրանց տեսնելով՝ Հուդայի թագավոր Սեդեկիան և բոլոր ռազմիկները փախուստի դիմեցին:+ Գիշերը արքունական պարտեզի ճանապարհով և երկու պարիսպների միջև գտնվող դարպասով նրանք դուրս եկան քաղաքից ու գնացին Արաբա տանող ճանապարհով:+ 5 Բայց քաղդեացիների զորքը նրանց հետևից ընկավ և հասավ Սեդեկիային Երիքովի անապատային հարթավայրերում:+ Նրան բռնեցին ու տարան Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորի մոտ՝ Ռեբլա,+ որը Եմաթում+ է, որտեղ էլ թագավորը նրա նկատմամբ դատավճիռ կայացրեց: 6 Ռեբլայում Բաբելոնի թագավորը Սեդեկիայի որդիներին նրա աչքի առաջ սպանել տվեց, նաև հրամայեց սպանել Հուդայի բոլոր հեղինակավոր մարդկանց:+ 7 Նա կուրացրեց Սեդեկիային, ապա կապեց պղնձե շղթաներով, որ տանի Բաբելոն:+
8 Քաղդեացիները այրեցին թագավորի պալատն ու ժողովրդի տները+ և փլուզեցին Երուսաղեմի պարիսպները:+ 9 Պահակազորի պետ Նաբուզարդանը+ Բաբելոն գերեվարեց նրանց, ովքեր մնացել էին քաղաքում, ովքեր հանձնվել էին իրեն, և մնացած ժողովրդին:
10 Բայց ամենաաղքատ մարդկանցից ոմանց, որոնք ընդհանրապես ոչինչ չունեին, պահակազորի պետ Նաբուզարդանը Հուդայում թողեց: Այդ օրը նա խաղողի այգիներ և արտեր տվեց նրանց, որպեսզի աշխատեն:*+
11 Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորը պահակազորի պետ Նաբուզարդանին Երեմիայի վերաբերյալ հետևյալ կարգադրությունն արեց. 12 «Գնա, գտիր նրան ու հոգ տար նրա համար: Նրան վնաս չտաս, և ինչ էլ որ խնդրի, կանես»:+
13 Ուստի պահակազորի պետ Նաբուզարդանը, ռաբսարիս Նաբուսազաբանը, ռաբմագ Ներգելսարասարը և Բաբելոնի թագավորի բոլոր մեծամեծները 14 մարդիկ ուղարկեցին և Երեմիային դուրս բերեցին Պահակախմբի բակից+ ու հանձնեցին Սաֆանի+ որդի Աքիկամի+ որդի Գոդողիայի+ հոգածությանը, որպեսզի նա իր տուն տանի նրան: Եվ Երեմիան սկսեց ապրել ժողովրդի մեջ:
15 Երբ Երեմիան բանտարկված էր Պահակախմբի բակում,+ Եհովան ասաց նրան. 16 «Գնա և ասա եթովպացի Աբդիմելեքին.+ «Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը, ասում է. «Ես կատարելու եմ այս քաղաքի մասին իմ ասած խոսքերը և աղետ եմ բերելու, ոչ թե բարիք: Եվ այդ օրը դու կտեսնես, թե դրանք ինչպես են իրագործվելու:
17 Բայց քեզ կփրկեմ այդ օրը,– ասում է Եհովան,– և դու չես ընկնի այն մարդկանց ձեռքը, որոնցից վախենում ես:
18 Քեզ, անկասկած, կազատեմ: Քեզ չեն սպանի, և կյանքդ քեզ համար ավար կլինի,+ որովհետև դու վստահեցիր ինձ»,+– ասում է Եհովան»»: