Հայտնություն
11 Հետո գավազանի նման մի եղեգ*+ տրվեց ինձ ու ասվեց. «Վեր կաց ու չափիր Աստծու տաճարի սրբարանը, զոհասեղանը և այնտեղ երկրպագություն անողներին: 2 Բայց գավիթը,* որը տաճարի սրբարանի շուրջն է, բաց թող, մի՛ չափիր, որովհետև այն տրվել է ազգերին, և նրանք ոտքերի տակ կկոխկրտեն սուրբ քաղաքը+ 42 ամիս:+ 3 Եվ ես այնպես կանեմ, որ իմ երկու վկաները, քուրձ հագած, մարգարեանան 1 260 օր»: 4 Նրանց խորհրդանշում են երկու ձիթենիներն+ ու երկու ճրագակալները,+ և նրանք կանգնած են երկրի Տիրոջ առաջ:+
5 Եթե որևէ մեկը ցանկանա վնասել երկու վկաներին, կրակ դուրս կգա նրանց բերանից և կլափի նրանց թշնամիներին: Այսպես կսպանվեն նրանք, ովքեր կցանկանան վնասել նրանց: 6 Նրանք իշխանություն ունեն երկինքը փակելու,+ որպեսզի իրենց մարգարեանալու օրերին անձրև չգա,+ նաև իշխանություն ունեն ջրերը արյուն դարձնելու+ և երկիրն ամեն տեսակ պատուհասներով հարվածելու, ինչքան որ ուզենան:
7 Երբ նրանք ավարտեն վկայություն տալը, անդունդից դուրս եկող գազանը կպատերազմի նրանց դեմ, կհաղթի ու կսպանի նրանց:+ 8 Եվ նրանց դիերը ընկած կլինեն մեծ քաղաքի գլխավոր փողոցում: Այդ քաղաքը խորհրդանշաբար Սոդոմ և Եգիպտոս է կոչվում. այնտեղ մահապատժի է ենթարկվել նաև նրանց Տերը, որին սյանը գամեցին: 9 Տարբեր ժողովուրդների, ցեղերի ու ազգերի պատկանող և տարբեր լեզուներով խոսող մարդիկ երեքուկես օր կնայեն նրանց դիերին+ ու թույլ չեն տա, որ դրանք գերեզման դրվեն: 10 Երկրի վրա բնակվողները կուրախանան նրանց մահվան համար, տոն կանեն և նվերներ կուղարկեն իրար, որովհետև այս երկու մարգարեները տանջում էին նրանց:
11 Երեքուկես օր հետո Աստված կյանքի ոգի դրեց նրանց մեջ,+ և նրանք ոտքի կանգնեցին, ու նրանց տեսնողները սարսափահար եղան: 12 Եվ երկնքից մի բարձր ձայն լսվեց, որն ասաց նրանց. «Բարձրացե՛ք այստեղ»: Նրանք էլ ամպի մեջ բարձրացան երկինք, և նրանց թշնամիները տեսան* նրանց: 13 Այդ ժամին ուժգին երկրաշարժ եղավ, ու քաղաքի մեկ տասներորդ մասը կործանվեց, և 7 000 մարդ մահացավ երկրաշարժից, իսկ ողջ մնացածները վախով համակվեցին ու փառք տվեցին երկնքի Աստծուն:*
14 Երկրորդ վայն+ անցավ, արագորեն երրորդն է գալիս:
15 Յոթերորդ հրեշտակը փչեց իր շեփորը,+ և բարձր ձայներ լսվեցին երկնքում, որոնք ասում էին. «Աշխարհի վրա թագավորական իշխանությունն այժմ պատկանում է մեր Տիրոջն+ ու իր Քրիստոսին,+ և Նա կթագավորի հավիտյանս հավիտենից»:+
16 Եվ 24 երեցները,+ որոնք Աստծու առաջ նստած էին իրենց գահերին, ծնկի եկան ու երկրպագություն արեցին նրան՝ 17 ասելով. «Ո՜վ Եհովա* Աստված, Ամենակարո՛ղ, դո՛ւ, որ կաս+ և եղել ես, շնորհակալ ենք քեզ, որովհետև քո մեծ զորությունը գործի դրեցիր ու սկսեցիր թագավորել:+ 18 Բայց ազգերը զայրացան, ու եկավ քո զայրույթը արտահայտելու ժամանակը, եկավ սահմանված ժամանակը, որ մահացածները դատվեն, և որ դու վարձատրես+ քեզ ծառայող մարգարեներին,+ սրբերին* ու քո անունից վախեցողներին՝ թե՛ փոքրերին և թե՛ մեծերին, ու կործանես նրանց, ովքեր կործանում են երկիրը»:+
19 Երկնքում Աստծու տաճարի սրբարանը բացվեց, ու նրա ուխտի տապանակը տեսանելի դարձավ սրբարանում:+ Կայծակներ փայլատակեցին, լսվեցին ձայներ, որոտներ թնդացին, երկրաշարժ եղավ, և ուժգին կարկուտ տեղաց: