2 Սամուել
1 Սավուղի մահից հետո Դավիթը հաղթեց* ամաղեկացիներին, ապա վերադարձավ Սիկելակ+ ու երկու օր մնաց այնտեղ: 2 Երրորդ օրը Սավուղի բանակատեղիից մի երիտասարդ եկավ՝ պատառոտված հագուստով ու գլխին հող լցրած: Մոտենալով Դավթին՝ նա ծնկի եկավ և մինչև գետին խոնարհվեց:
3 Դավիթը հարցրեց նրան. «Որտեղի՞ց ես գալիս»: Նա պատասխանեց. «Իսրայելի բանակատեղիից եմ փախել»: 4 Դավիթը հարցրեց. «Ի՞նչ է պատահել, պատմիր ինձ, խնդրում եմ»: Նա էլ ասաց. «Ռազմիկները փախել են կռվի դաշտից, և շատերը զոհվել են: Նույնիսկ Սավուղն ու նրա որդին՝ Հովնաթանն են զոհվել»:+ 5 Դավիթը իրեն լուր բերած երիտասարդին հարցրեց. «Որտեղի՞ց գիտես, որ Սավուղն ու նրա որդին՝ Հովնաթանը, մահացել են»: 6 Երիտասարդը պատասխանեց. «Պատահաբար Գելբուե լեռան վրա էի:+ Այնտեղ տեսա Սավուղին. նա հենվել էր իր նիզակի վրա, և կառքերն ու ձիավորները նրան էին մոտենում:+ 7 Նա շրջվեց և ինձ տեսնելով՝ ձայն տվեց: Ես պատասխանեցի. «Լսում եմ, տե՛ր իմ»: 8 Նա հարցրեց ինձ. «Ո՞վ ես դու»: Ես էլ պատասխանեցի. «Ամաղեկացի եմ»:+ 9 Նա ասաց. «Խնդրում եմ, մոտեցիր ու սպանիր ինձ. թեև դեռ ողջ եմ, բայց սաստիկ ցավերի մեջ եմ»: 10 Ուստի ես մոտեցա ու սպանեցի նրան,+ որովհետև վիրավոր ընկած էր, և գիտեի, որ չի ապրի: Հետո նրա գլխից հանեցի թագը և բազկից՝ ապարանջանը* ու բերեցի այստեղ՝ իմ տիրոջ մոտ»:
11 Այդ ժամանակ Դավիթը պատռեց իր հագուստները: Նույնը արեցին նաև իր բոլոր մարդիկ: 12 Նրանք մինչև երեկո ողբացին, լաց եղան ու ծոմ պահեցին+ Սավուղի, նրա որդու՝ Հովնաթանի, ու Եհովայի ժողովրդի՝ Իսրայելի համար,+ քանի որ նրանք սրով սպանվել էին:
13 Դավիթը հարցրեց իրեն լուր բերած երիտասարդին. «Որտեղի՞ց ես»: Նա էլ պատասխանեց. «Ես մի պանդուխտ ամաղեկացու որդի եմ»: 14 Դավիթն ասաց նրան. «Ինչպե՞ս համարձակվեցիր ձեռք բարձրացնել Եհովայի օծյալի վրա ու սպանել նրան»:+ 15 Դավիթը իր մարդկանցից մեկին կանչեց և ասաց. «Մոտեցի՛ր ու սպանի՛ր դրան»: Նա էլ սրով հարվածեց, ու երիտասարդը մեռավ:+ 16 Դավիթն ասաց. «Դու ես մեղավոր մահվանդ մեջ,* որովհետև քո իսկ բերանով վկայություն տվեցիր քո դեմ, երբ ասացիր. «Ես սպանեցի Եհովայի օծյալին»»:+
17 Հետո Դավիթը Սավուղի և նրա որդու՝ Հովնաթանի մասին այս ողբերգը երգեց+ 18 ու պատվիրեց, որ Հուդայի ժողովուրդը սովորի այն. ողբերգը կոչվում է «Աղեղ» և գրված է «Յաշար»* գրքում:+
19 «Քո գեղեցկությունը, ո՜վ Իսրայել, սպանված է բարձունքներիդ վրա:+
Ընկե՜լ են զորավորները:
20 Մի՛ պատմեք այդ մասին Գեթում,+
Մի՛ հայտարարեք Ասկաղոնի փողոցներում,
Որ չլինի թե փղշտացիների դուստրերն ուրախանան,
Որ չլինի թե անթլփատների աղջիկները հրճվեն:
Թող ձեզ վրա ցող չիջնի, անձրև չգա ձեզ վրա,
Եվ թող ձեր հողը բերք չտա սուրբ նվիրաբերությունների համար,+
Քանի որ ձեզ վրա պղծվեց հզորների վահանը:
Սավուղի վահանն այլևս յուղով չի օծվի:
22 Հովնաթանի աղեղը և Սավուղի սուրը հետ չէին դառնում՝+
Առանց արյուն թափելու և առանց զորավորների ճարպի մեջ մխրճվելու.
Դրանք երբեք չէին վրիպում:
23 Սավուղն ու Հովնաթանը,+ որոնք սիրված ու գնահատված էին իրենց ողջ կյանքում,
Նույնիսկ մահվան ժամանակ իրարից չբաժանվեցին:+
24 Ո՜վ Իսրայելի դուստրեր, ողբացե՛ք Սավուղի վրա,
Որն ալ կարմիր ու շքեղ զգեստներ էր հագցնում ձեզ,
Որը զարդարում էր ձեր հագուստները ոսկե զարդերով:
25 Ընկե՜լ են զորավորները պատերազմում:
Հովնաթանը սպանված ընկած է քո բարձունքների վրա:+
26 Սիրտս ցավո՜ւմ է քեզ համար, եղբա՛յր իմ Հովնաթան:
27 Ընկե՜լ են զորավորները,
Փշրվե՜լ են պատերազմի զենքերը»: