Ծննդոց
34 Դինան՝ Հակոբի ու Լիայի դուստրը,+ սովորություն ուներ գնալու այդ երկրի աղջիկների մոտ+ և ժամանակ անցկացնելու նրանց հետ:* 2 Այդ երկրի տոհմապետներից մեկի՝ խևացի+ Եմորի որդին՝ Սյուքեմը, տեսավ նրան և հետո տարավ ու բռնաբարեց: 3 Սյուքեմի սիրտը* կապվեց Հակոբի աղջկա՝ Դինայի հետ. նա սիրահարվեց աղջկան ու սկսեց սիրաշահել նրան:* 4 Ի վերջո Սյուքեմն ասաց իր հորը՝ Եմորին.+ «Այս աղջկան ինձ համար կնության առ»:
5 Հակոբը լսեց, որ Սյուքեմը պղծել է իր աղջկան՝ Դինային, բայց քանի որ այդ ժամանակ իր որդիները հոտի հետ դաշտում էին, լուռ մնաց մինչև նրանց վերադառնալը: 6 Շուտով Սյուքեմի հայրը՝ Եմորը, եկավ Հակոբի հետ խոսելու: 7 Երբ Հակոբի որդիները լսեցին պատահածի մասին, իսկույն վերադարձան դաշտից: Նրանք վիրավորված էին ու շատ բարկացած, որ Սյուքեմը խայտառակել է Իսրայելին՝ բռնաբարել է Հակոբի աղջկան.+ մի արարք, որ անընդունելի է:+
8 Եմորը խոսեց նրանց հետ ու ասաց. «Իմ որդի Սյուքեմի սիրտը կապվել է ձեր աղջկա հետ: Խնդրում եմ, նրան կնության տվեք որդուս 9 և խնամություն արեք մեզ հետ. ձեր աղջիկներին մեզ տվեք և մեր աղջիկներին կնության առեք:+ 10 Կարող եք մեզ հետ բնակվել: Երկիրը ձեր տրամադրության տակ կլինի. բնակվեք այստեղ, առևտուր արեք ու հիմնավորվեք»: 11 Ապա Սյուքեմն ասաց Դինայի հորն ու եղբայրներին. «Բարեհաճ եղեք իմ հանդեպ, իսկ ես իմ հերթին կտամ ձեզ, ինչ որ ուզեք: 12 Կարող եք ինձանից պահանջել անչափ բարձր հարսնագին ու թանկարժեք նվեր:+ Ես պատրաստ եմ տալ, ինչ էլ որ ասեք, միայն թե աղջկան ինձ կնության տվեք»:
13 Սակայն Հակոբի որդիները մոլորեցնող պատասխան տվեցին Սյուքեմին ու նրա հորը՝ Եմորին, քանի որ Սյուքեմը պղծել էր իրենց քույր Դինային: 14 Նրանք ասացին. «Անհնար է, մենք չենք կարող մեր քրոջը տալ մի տղամարդու, որը թլփատված չէ.+ դա անպատվություն է մեզ համար: 15 Միայն մի պայմանով կհամաձայնվենք, եթե դուք մեզ նման դառնաք, այսինքն՝ ձեր բոլոր տղամարդիկ թլփատվեն:+ 16 Այդ դեպքում մենք մեր աղջիկներին ձեզ կտանք և ձեր աղջիկներին կնության կառնենք: Մենք կբնակվենք ձեզ հետ ու մեկ ժողովուրդ կլինենք: 17 Բայց եթե մեր ասածը չանեք ու չթլփատվեք, մենք կվերցնենք մեր աղջկան ու կգնանք»:
18 Նրանց խոսքերը դուր եկան Եմորին+ ու նրա որդի Սյուքեմին:+ 19 Երիտասարդը չհապաղեց կատարել նրանց ասածը,+ քանի որ շատ էր հավանում Հակոբի աղջկան: Սյուքեմը իր հոր տան բոլոր անդամներից ամենահարգվածն էր:
20 Այսպիսով՝ Եմորն ու նրա որդի Սյուքեմը գնացին իրենց քաղաքի դարպասի մոտ և ասացին քաղաքի տղամարդկանց.+ 21 «Այս մարդիկ ուզում են, որ իրենց ու մեր միջև խաղաղություն լինի: Եկեք թույլ տանք, որ նրանք բնակվեն այս երկրում և առևտուր անեն. մեր երկիրն այնքան ընդարձակ է, որ նրանց համար էլ տեղ կլինի: Մենք կկարողանանք նրանց աղջիկներին կնության առնել ու մեր աղջիկներին նրանց տալ:+ 22 Սակայն նրանք կհամաձայնվեն բնակվել մեզ հետ և մեկ ժողովուրդ լինել միայն այն պայմանով, եթե մեր տղամարդկանցից յուրաքանչյուրը թլփատվի, ինչպես որ իրենք են թլփատված:+ 23 Եկեք համաձայնվենք նրանց ասածին, որպեսզի նրանք մեզ հետ բնակվեն: Չէ՞ որ այդ ժամանակ նրանց ունեցվածքը, հարստությունն ու բոլոր անասունները մերը կլինեն»: 24 Քաղաքում ապրող բոլոր տղամարդիկ* լսեցին Եմորին ու նրա որդի Սյուքեմին, և բոլորը* թլփատվեցին:
25 Երրորդ օրը, երբ նրանք դեռ ցավերի մեջ էին, Հակոբի երկու որդիները՝ Շմավոնն ու Ղևին՝ Դինայի եղբայրները,+ վերցնելով իրենց սրերը, մտան քաղաք, որի բնակիչները ոչինչ չէին կասկածում, ու սպանեցին բոլոր տղամարդկանց:+ 26 Նրանք Եմորին ու նրա որդի Սյուքեմին սրի քաշեցին: Ապա Սյուքեմի տնից վերցրին Դինային ու հեռացան: 27 Երբ քաղաքի տղամարդիկ արդեն սպանվել էին, Հակոբի մյուս որդիները վրա հասան ու կողոպտեցին քաղաքը, քանի որ իրենց քրոջը պղծել էին:+ 28 Նրանք վերցրին այդ մարդկանց հոտերը, նախիրները, էշերը և այն ամենը, ինչ կար քաղաքում ու դաշտերում: 29 Վերցրին նրանց ողջ ունեցվածքը, թալանեցին տներում եղած ամեն ինչ և գերի տարան բոլոր երեխաներին ու կանանց:
30 Այդ ժամանակ Հակոբն ասաց Շմավոնին ու Ղևիին.+ «Դուք գլխիս մեծ փորձանք բերեցիք.* ինձ գարշելի դարձրիք այս երկրի բնակիչների՝ քանանացիների ու փերեզացիների համար: Մենք փոքրաթիվ ենք, ու հիմա նրանք կհավաքվեն, կհարձակվեն և կբնաջնջեն ինձ ու իմ տունը»: 31 Որդիներն էլ պատասխանեցին. «Իսկ մի՞թե կարելի էր մեր քրոջ հետ վարվել, ինչպես մարմնավաճառի հետ»: