Գործեր
23 Պողոսը ուշադիր նայեց Սինեդրիոնին ու ասաց. «Եղբայրնե՛ր, մինչ օրս ես այնպես եմ ապրել, որ խիղճս բացարձակապես մաքուր է Աստծու առաջ»:+ 2 Սա լսելով՝ Անանիա քահանայապետը նրա կողքը կանգնածներին կարգադրեց, որ նրա բերանին հարվածեն: 3 Այդ ժամանակ Պողոսն ասաց նրան. «Աստված կհարվածի քեզ, ա՛յ սպիտակեցրած պատ:* Դու այստեղ նստած ես, որ Օրենքի համաձայն ինձ դատես, բայց Օրենքը ոտնահարո՞ւմ ես՝ հրամայելով, որ ինձ խփեն»: 4 Պողոսի կողքին կանգնածներն ասացին. «Աստծու քահանայապետի՞ն ես վիրավորում»: 5 Պողոսն էլ ասաց. «Եղբայրնե՛ր, ես չգիտեի, որ նա քահանայապետն է. չէ՞ որ գրված է. «Մի՛ վիրավորիր քո ժողովրդի առաջնորդին»»:+
6 Պողոսը, իմանալով, որ Սինեդրիոնի մի մասը սադուկեցիներ են, իսկ մյուս մասը՝ փարիսեցիներ, բացականչեց. «Եղբայրնե՛ր, ես փարիսեցի եմ՝+ փարիսեցու որդի: Ինձ դատում են մահացածների հարությանը հավատալու համար»: 7 Այդ խոսքերի պատճառով փարիսեցիների ու սադուկեցիների միջև վեճ ծագեց, և հավաքվածները պառակտվեցին: 8 (Բանն այն է, որ սադուկեցիները պնդում են, որ ո՛չ հարություն կա, ո՛չ հրեշտակ, ո՛չ էլ ոգի, իսկ փարիսեցիները, հակառակը, հավատում են այդ ամենին):+ 9 Մեծ իրարանցում սկսվեց: Փարիսեցիների միջից Օրենքի որոշ ուսուցիչներ* վեր կացան ու խիստ վրդովված ասացին. «Մենք կարծում ենք, որ այս մարդը ոչ մի սխալ բան չի արել, բայց եթե ոգի կամ հրեշտակ է խոսել նրա հետ...»:+ 10 Երբ վեճը սաստկացավ, զորապետը, վախենալով, որ Պողոսին կտոր-կտոր կանեն, զինվորներին հրամայեց, որ գնան, նրանց միջից դուրս բերեն նրան և տանեն զորանոց:
11 Բայց այդ գիշեր Տերը հայտնվեց Պողոսի կողքին ու ասաց. «Քա՛ջ եղիր,+ որովհետև ինչպես Երուսաղեմում իմ մասին հիմնովին վկայեցիր, այնպես էլ Հռոմում պետք է վկայես»:+
12 Երբ օրը բացվեց, հրեաները դավադրություն կազմակերպեցին ու երդվեցին,* որ չեն ուտի ու չեն խմի, մինչև Պողոսին չսպանեն: 13 Ավելի քան 40 հոգի երդում արեց: 14 Նրանք գնացին ավագ քահանաների ու երեցների մոտ և ասացին. «Մենք երդվել ենք, որ ոչ մի բան չենք ուտելու, մինչև որ չսպանենք Պողոսին: 15 Ուստի հիմա Սինեդրիոնի հետ զորապետին ասեք, որ նրան ձեզ մոտ բերի, իբր մտադիր եք նրա գործն ավելի հանգամանորեն քննել: Իսկ մենք պատրաստ կլինենք ու ճանապարհին կսպանենք նրան»:
16 Սակայն Պողոսի քրոջ որդին, լսելով, որ նրանք մտադիր են դարանամուտ լինել, եկավ զորանոց ու այդ մասին տեղեկացրեց Պողոսին: 17 Պողոսը հարյուրապետներից մեկին կանչեց ու ասաց. «Այս երիտասարդին զորապետի մոտ տար, որովհետև նրան ասելու բան ունի»: 18 Հարյուրապետն էլ նրան տարավ զորապետի մոտ ու ասաց. «Բանտարկյալ Պողոսը կանչեց ինձ և խնդրեց, որ այս երիտասարդին քեզ մոտ բերեմ, քանի որ նա ինչ-որ բան ունի քեզ ասելու»: 19 Զորապետը, բռնելով նրա ձեռքից, մի կողմ տարավ ու հարցրեց. «Ի՞նչ ունես ինձ ասելու»: 20 Նա պատասխանեց. «Հրեաները համաձայնության են եկել, որ քեզ խնդրեն՝ վաղը Պողոսին Սինեդրիոն բերես, իբր մտադիր են ավելի շատ մանրամասնություններ իմանալ նրա գործի վերաբերյալ:+ 21 Բայց դու թույլ մի՛ տուր, որ քեզ համոզեն, որովհետև նրանցից ավելի քան 40 մարդ պատրաստվում են դարանամուտ լինելու և երդվել են, որ չեն ուտի ու չեն խմի, մինչև Պողոսին չսպանեն:+ Եվ հիմա նրանք քո թույլտվությանն են սպասում»: 22 Զորապետն ասաց, որ երիտասարդը գնա, և զգուշացրեց նրան. «Ոչ մեկին չասես, որ տեղեկացրել ես ինձ այդ մասին»:
23 Ապա կանչեց հարյուրապետներից երկուսին ու ասաց. «200 զինվոր, 70 հեծյալ և 200 նիզակակիր պատրաստեք, որ երեկոյան ժամը մոտավորապես իննին* մեկնեն Կեսարիա: 24 Նաև ձիեր պատրաստեք Պողոսի համար, որ նրան ապահով հասցնեք կառավարիչ Ֆելիքսի մոտ»: 25 Զորապետը մի նամակ գրեց հետևյալ բովանդակությամբ.
26 «Կլավդիոս Լիսիասը՝ Նորին գերազանցություն կառավարիչ Ֆելիքսին. ողջո՛ւյն: 27 Այս մարդուն հրեաները բռնել էին և պատրաստվում էին սպանել, բայց ես զինվորներիս հետ շտապ հասա ու ազատեցի նրան,+ որովհետև իմացա, որ հռոմեացի է:+ 28 Ցանկանալով պարզել, թե այդ մարդուն ինչի համար էին մեղադրում՝ նրան տարա նրանց Սինեդրիոն:+ 29 Պարզեցի, որ նա մեղադրվում էր իրենց Օրենքի հետ կապված հարցերում,+ բայց մահվան կամ բանտի կապանքներին արժանի ոչինչ չէր արել: 30 Սակայն քանի որ ինձ տեղեկացվեց, որ նրա դեմ դավադրություն է կազմակերպվել,+ անմիջապես որոշեցի նրան ուղարկել քեզ մոտ՝ մեղադրողներին կարգադրելով, որ իրենց մեղադրանքները քո առաջ ներկայացնեն»:
31 Զինվորները, ինչպես որ իրենց կարգադրվել էր,+ Պողոսին գիշերով տարան Անտիպատրիս: 32 Հաջորդ օրը նրանք հեծյալներին պատվիրեցին Պողոսի հետ շարունակել ճանապարհը, իսկ իրենք վերադարձան զորանոց: 33 Հասնելով Կեսարիա՝ հեծյալները նամակը կառավարչին փոխանցեցին ու Պողոսին ներկայացրին նրան: 34 Նա էլ կարդաց այն և հարցրեց, թե Պողոսը որ պրովինցիայից է, և իմացավ, որ Կիլիկիայից է:+ 35 Հետո ասաց. «Ես կլսեմ քո գործը, երբ քեզ մեղադրողները գան»:+ Եվ հրամայեց, որ նրան հսկողության տակ պահեն Հերովդեսի պալատում:*