22 Լավ անունը մեծ հարստությունից նախընտրելի է,+
Եվ հարգված լինելը՝ արծաթից ու ոսկուց:
2 Ի՞նչ ընդհանուր բան ունեն հարուստն ու աղքատը.
Երկուսին էլ Եհովան է արարել:+
3 Խորագետը տեսնում է վտանգը և զգուշանում,
Բայց միամիտները առաջ են գնում և տուժում:
4 Խոնարհությունն ու Եհովայի հանդեպ վախը
Հարստություն, փառք և կյանք են շնորհում:+
5 Անազնիվ մարդու ճանապարհին փշեր ու թակարդներ կան,
Բայց ով արժևորում է իր կյանքը, հեռու է մնում դրանցից:+
6 Սովորեցրու երեխային, թե ինչ ճանապարհով պետք է գնա.+
Նույնիսկ երբ նա ծերանա, չի շեղվի դրանից:+
7 Հարուստը իշխում է աղքատների վրա,
Եվ պարտք վերցնողը պարտք տվողի ստրուկն է:+
8 Անարդարություն ցանողը աղետ կհնձի,+
Եվ նրա դաժան իշխանությանը վերջ կդրվի:+
9 Առատաձեռն մարդը կօրհնվի,
Որովհետև կիսում է իր հացը աղքատի հետ:+
10 Վռնդիր ծաղրողին, ու կռիվը կհանդարտվի,
Վեճերը կդադարեն, և վիրավորանքներ չեն լինի:
11 Ում սիրտը մաքուր է, և խոսքերը՝ հաճելի,
Նրա ընկերը թագավորը կլինի:+
12 Եհովայի աչքերը պահպանում են ճշմարտությունը,
Բայց նենգավորի խոսքերը նա անհաջողության է մատնում:+
13 Ծույլն ասում է. «Դրսում առյո՜ւծ կա.
Կսպանի ինձ հրապարակի մեջտեղում»:+
14 Անառակ կանանց բերանը խոր փոս է:+
Ում Եհովան դատապարտի, նա դրա մեջ կընկնի:
15 Հիմարությունը երեխայի սրտում է,+
Բայց պատիժը այն կհեռացնի նրանից:+
16 Ով խաբում է աղքատին, որ ավելի հարստանա,+
Կամ ով հարուստին նվերներ է տալիս,
Ի վերջո կաղքատանա:
17 Ուշադիր լսիր իմաստունների խոսքերը,+
Որպեսզի ամբողջ սրտով ընդունես իմ սովորեցրածները:+
18 Եթե պահես դրանք քո սրտում, երջանիկ կլինես,+
Եվ դրանք միշտ քո շուրթերին կլինեն:+
19 Ես այսօր գիտելիք եմ տալիս քեզ,
Որպեսզի վստահես Եհովային:
20 Մի՞թե չեմ գրել քեզ՝
Տալով խորհուրդներ ու գիտելիք,
21 Որ սովորեցնեմ այն ամենը, ինչը ճիշտ է ու վստահարժան,
Եվ որ քեզ ուղարկողի մոտ ստույգ պատասխանով վերադառնաս:
22 Մի՛ կողոպտիր աղքատին, քանի որ աղքատ է,+
Եվ խեղճին մի՛ կեղեքիր քաղաքի դարպասների մոտ,+
23 Որովհետև Եհովան ինքը կպաշտպանի նրանց դատական գործում+
Եվ նրանց կողոպտողներին կյանքից կզրկի:
24 Բարկացկոտ մարդու հետ մի՛ ընկերակցիր
Եվ դյուրագրգիռ մարդու հետ մի՛ շփվիր,
25 Որ նրան չընդօրինակես
Եվ թակարդը չընկնես:+
26 Մի՛ եղիր ձեռք սեղմողներից մեկը,
Ովքեր երաշխավոր են լինում ուրիշների պարտքերի համար:+
27 Եթե ոչինչ չունենաս վճարելու,
Քո մահճակալը հենց քո տակից կվերցնեն:
28 Մի՛ տեղաշարժիր վաղեմի սահմանանշանները,
Որոնք քո նախահայրերն են դրել:+
29 Տեսե՞լ ես իր գործում հմուտ մարդու.
Նա թագավորների առաջ կկանգնի,+
Հասարակ մարդկանց առաջ նա չի կանգնի: