Եզեկիել
31 Տասնմեկերորդ տարում՝ երրորդ ամսվա առաջին օրը, Եհովան դարձյալ խոսեց ինձ հետ՝ ասելով. 2 «Մարդո՛ւ որդի, փարավոնին՝ Եգիպտոսի թագավորին, և նրա զորքերին ասա.+
«Ո՞վ է քեզ նման փառահեղ:
3 Մի ասորեստանցի կար՝ մի մայրի Լիբանանում:
Նրա ճյուղերը գեղեցիկ էին, իսկ սաղարթը՝ խիտ:
Գագաթը վեր էր խոյանում և ամպերին հասնում:
4 Ջրերը սնուցում էին նրան,
Խոր ջրերը՝ բարձրահասակ դարձնում:
Նրա շուրջը վտակներ էին հոսում
Եվ դաշտի բոլոր ծառերը ոռոգում:
5 Ուստի նա դաշտի բոլոր ծառերից ավելի բարձրահասակ էր դարձել:
Նրա ոստերը շատացել էին, և ճյուղերը՝ երկարել,
Քանի որ նրան ոռոգող վտակները ջրառատ էին:
6 Բոլոր թռչունները նրա ոստերի վրա էին բույն հյուսում,
Բոլոր գազանները նրա ճյուղերի տակ էին ձագ հանում,
Եվ բազմամարդ բոլոր ազգերը նրա ստվերի տակ էին բնակվում:
7 Իր գեղեցկությամբ և ճյուղերի երկարությամբ նա վեհաշուք դարձավ,
Քանի որ իր արմատները առատ ջրերով էին սնուցվում:
8 Աստծու պարտեզի+ ոչ մի մայրի չէր համեմատվի նրա հետ:
Ոչ մի գիհի նրա ոստերի նման ոստեր չուներ,
Եվ ոչ մի սոսի նրա ճյուղերի նման ճյուղեր չուներ:
Աստծու պարտեզի ոչ մի ծառ նրա նման գեղեցիկ չէր:
9 Խիտ սաղարթով գեղեցկացրի նրան:
Ճշմարիտ Աստծու պարտեզի՝ Եդեմի ծառերը նախանձում էին նրան»:
10 Ուստի Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Նա* այնքան բարձրահասակ դարձավ, որ գագաթը ամպերին հասավ, և այդ պատճառով նրա սիրտը հպարտացավ: 11 Դրա համար ես նրան ազգերի հզոր տիրակալի ձեռքը կհանձնեմ,+ որն անպատճառ կպատժի նրան: Եվ նրա չարագործության պատճառով ես կմերժեմ նրան: 12 Օտարները՝ ամենադաժան ազգը, կկտրեն նրան և կթողնեն լեռների վրա: Նրա սաղարթը կցրվի բոլոր հովիտներով, և կոտրված ճյուղերը ընկած կլինեն այդ երկրի բոլոր վտակների մեջ:+ Բոլոր ժողովուրդները նրա ստվերի տակից դուրս կգան ու կլքեն նրան: 13 Բոլոր թռչունները կբնակվեն նրա ընկած բնի վրա, և բոլոր գազանները՝ ճյուղերի վրա:+ 14 Այդպես կլինի, որպեսզի ջրերի մոտ աճող ոչ մի ծառ չբարձրանա, ու նրա գագաթը չհասնի ամպերին, որ առատորեն ոռոգվող ոչ մի ծառ չհասնի դրանց: Որովհետև նրանք բոլորը մահվան կմատնվեն՝ կհայտնվեն գետնի տակ՝ նրանց մոտ, ովքեր գերեզմանում* են»:
15 Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Այն օրը, երբ նա գերեզման* իջնի, այնպես կանեմ, որ մարդիկ սուգ անեն: Ես կզսպեմ խոր ջրերը և կկանգնեցնեմ վտակները, որպեսզի դրանք դադարեն հոսելուց: Նրա պատճառով խավար կբերեմ Լիբանանի վրա, և դաշտի բոլոր ծառերը կթառամեն: 16 Երբ նրան գերեզման գցեմ՝ բոլոր նրանց մոտ, ովքեր մահացել են, այնպես կանեմ, որ նրա անկման ձայնից ազգերը ցնցվեն, ու Եդեմի բոլոր ծառերը,+ Լիբանանի ամենաընտիր ու լավագույն ծառերը և լավ ոռոգվող բոլոր ծառերը գետնի տակ կմխիթարվեն: 17 Նա նրանց, ինչպես նաև իր աջակիցների հետ, որոնք ազգերի մեջ իր ստվերի տակ էին բնակվում, գերեզմանում կլինի՝+ սրով սպանվածների մոտ:+
18 Եդեմի ծառերից ո՞ր մեկը կարող էր համեմատվել քեզ հետ իր փառքով ու մեծությամբ:+ Սակայն Եդեմի ծառերի հետ գետնի տակ կգցվես և անթլփատների՝ սրով սպանվածների կողքին կպառկես: Ահա սա՛ կպատահի փարավոնին ու նրա բոլոր զորքերին»,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»: