Դանիել
4 «Նաբուգոդոնոսոր թագավորի խոսքը՝ ուղղված բոլոր ժողովուրդներին ու ազգերին, որոնք խոսում են տարբեր լեզուներով և բնակվում են ամբողջ երկրի վրա: Թող ձեր խաղաղությունն առատ լինի: 2 Ցանկանում եմ հայտնել այն նշանների ու հրաշքների մասին, որոնք Բարձրյալ Աստվածն արել է ինձ համար: 3 Որքա՜ն մեծ են նրա նշանները, և որքա՜ն զորավոր են նրա հրաշքները: Նրա թագավորությունը հավիտենական է, նրա իշխանությունը՝ հարատև:*+
4 Ես՝ Նաբուգոդոնոսորս, հանգիստ ապրում էի իմ տանը՝ իմ պալատում, և ամեն բան լավ էր: 5 Բայց մի անգամ, երբ անկողնումս պառկած էի, ահազդու երազ տեսա. պատկերներ ու տեսիլքներ երևացին ինձ, որոնց պատճառով սարսափեցի:+ 6 Ուստի կարգադրեցի ինձ մոտ բերել Բաբելոնի բոլոր իմաստուններին, որպեսզի հայտնեն երազի մեկնությունը:+
7 Մոգությամբ զբաղվող քրմերը, ոգի կանչողները, քաղդեացիներն* ու աստղագուշակները+ եկան ինձ մոտ: Ես նրանց պատմեցի երազը, բայց նրանք չկարողացան մեկնել այն:+ 8 Ի վերջո իմ առաջ ներկայացավ Դանիելը, որն իմ աստծու անունով+ Բաղդասասար է կոչվում,+ և որի մեջ սուրբ աստվածների ոգին է,+ ու ես նրան պատմեցի երազը:
9 «Ո՛վ Բաղդասասար, մոգությամբ զբաղվող քրմերի պե՛տ,+ ես լավ գիտեմ, որ սուրբ աստվածների ոգին է քո մեջ,+ և չկա մի գաղտնիք, որ չկարողանաս բացահայտել,+ ուստի բացատրիր ինձ իմ տեսած երազը՝ մեկնիր այն:
10 Երբ անկողնումս քնած էի, տեսիլքներ տեսա: Երկրի մեջտեղում մի ծառ+ էր կանգնած, որն անչափ բարձր էր:+ 11 Ծառը մեծացավ ու հզոր դարձավ: Դրա գագաթը հասավ երկնքին, և այն տեսանելի էր երկրի բոլոր ծայրերից: 12 Ծառի սաղարթը գեղեցիկ էր, իսկ պտուղն այնքան առատ, որ բոլորը կարող էին օգտվել դրանից: Դրա տակ գազանները հովանի էին գտնում, թռչունները բնակվում էին դրա ճյուղերի վրա, և բոլոր արարածները սնվում էին դրա պտուղներից:
13 Ապա տեսիլքում տեսա, որ երկնքից մի պահապան՝ մի սուրբ պատգամաբեր էր իջնում:+ 14 Նա բարձրաձայն ասաց. «Կտրե՛ք ծառը,+ հատե՛ք դրա ճյուղերը, թա՛փ տվեք սաղարթը և ցիրուցա՛ն արեք պտուղները: Թող գազանները փախչեն դրա տակից, և թռչունները թռչեն ճյուղերի վրայից: 15 Սակայն կոճղը արմատների հետ հողի մեջ թողեք, երկաթե ու պղնձե կապանքներ դրեք վրան, և թող այն դաշտի խոտերի մեջ մնա: Թող այն երկնքի ցողով թրջվի և գազանների հետ բնակվի երկրի բուսականության մեջ:+ 16 Թող դրա մարդկային սիրտը փոխարինվի գազանի սրտով, և այդպես թող յոթ ժամանակ+ անցնի:+ 17 Սա հրամայել են պահապանները,+ և վճիռը հռչակել են սրբերը, որպեսզի ապրողներն իմանան, որ մարդկային թագավորությունների վրա իշխանությունը Բարձրյալին է պատկանում,+ և որ նա այն տալիս է նրան, ում ուզում է, նույնիսկ մարդկանցից ամենաաննշանին»:
18 Սա էր իմ՝ Նաբուգոդոնոսոր թագավորիս տեսած երազը: Այժմ ո՛վ Բաղդասասար, հայտնիր դրա մեկնությունը, քանի որ իմ թագավորության մյուս բոլոր իմաստունները չեն կարողանում դա անել,+ բայց դու կարող ես, որովհետև սուրբ աստվածների ոգին է քո մեջ»:
19 Այդ ժամանակ Դանիելը, որին Բաղդասասար էին կոչում,+ մի պահ տագնապեց, և նրա մտքերը վախեցրին նրան:
Թագավորն ասաց. «Ո՛վ Բաղդասասար, թող երազն ու դրա մեկնությունը չվախեցնեն քեզ»:
Բաղդասասարը պատասխանեց. «Ո՛վ իմ տեր, թող այդ երազը քեզ ատողների վրա կատարվի, և դրա մեկնությունը՝ քո թշնամիների:
20 Քո տեսած ծառը, որը մեծացավ, հզոր դարձավ, և որի գագաթը հասավ երկնքին ու տեսանելի դարձավ երկրի բոլոր ծայրերից,+ 21 որի սաղարթը գեղեցիկ էր, և պտուղն այնքան առատ, որ բոլորը կարող էին օգտվել դրանից, որի տակ ապրում էին գազանները, և որի ճյուղերի վրա բնակվում էին թռչունները,+ 22 դու ես, ո՛վ թագավոր, որովհետև դու զորեղ ու հզոր դարձար, քո վսեմությունը երկինք հասավ,+ ու քո իշխանությունը՝ մինչև երկրի ծայրերը:+
23 Հետո թագավորը տեսավ երկնքից իջնող մի պահապանի՝ սուրբ+ պատգամաբերի, որն ասում էր. «Կտրե՛ք ծառն ու ոչնչացրեք այն, սակայն կոճղը արմատների հետ հողի մեջ թողեք, երկաթե ու պղնձե կապանքներ դրեք վրան, և թող այն դաշտի խոտերի մեջ մնա: Թող այն երկնքի ցողով թրջվի և գազանների հետ բնակվի երկրի բուսականության մեջ, մինչև որ յոթ ժամանակ անցնի»:+ 24 Ահա մեկնությունը, ո՛վ թագավոր: Դա Բարձրյալի վճիռն է, որը պետք է իրագործվի իմ տեր թագավորի նկատմամբ: 25 Քեզ կվռնդեն ու կհեռացնեն մարդկանցից, և դու գազանների հետ կբնակվես: Քեզ կկերակրեն բուսականությամբ, ինչպես ցլերին, և դու կթրջվես երկնքի ցողով:+ Յոթ ժամանակ+ կանցնի,+ ու դու կիմանաս, որ մարդկային թագավորությունների վրա իշխանությունը Բարձրյալին է պատկանում, և նա այն տալիս է նրան, ում ուզում է:+
26 Բայց քանի որ ասվել է կոճղը արմատների հետ թողնել,+ թագավորությունը նորից քոնը կլինի, երբ հասկանաս, որ երկինքն է իշխում: 27 Ուստի ո՛վ թագավոր, թող իմ խորհուրդն ընդունելի լինի քեզ. դադարիր մեղք գործելուց և արա այն, ինչը ճիշտ է, այլևս անարդար մի վարվիր ու աղքատների հանդեպ գթասիրտ եղիր: Այդ դեպքում գուցե քո բարեկեցիկ կյանքը երկարի»»:+
28 Նաբուգոդոնոսոր թագավորի հետ հենց այդպես էլ եղավ:
29 Տասներկու ամիս անց թագավորը Բաբելոնում ման էր գալիս իր արքայական պալատի տանիքի վրա: 30 Նա ասաց. «Ահա՛ մեծ Բաբելոնը, որը ես կառուցել եմ որպես թագավորանիստ քաղաք: Այն իմ ուժով ու զորությամբ եմ կառուցել ի փառս իմ մեծության»:
31 Խոսքը դեռ թագավորի բերանում էր, երբ երկնքից մի ձայն լսվեց. «Ո՛վ Նաբուգոդոնոսոր թագավոր, լսիր, թե քեզ ինչ է ասվում. «Թագավորությունը վերցվել է քեզնից:+ 32 Քեզ կվռնդեն ու կհեռացնեն մարդկանցից: Դու գազանների հետ կբնակվես, ու քեզ կկերակրեն բուսականությամբ, ինչպես ցլերին: Յոթ ժամանակ կանցնի, և դու կիմանաս, որ մարդկային թագավորությունների վրա իշխանությունը պատկանում է Բարձրյալին, և նա այն տալիս է նրան, ում ուզում է»»:+
33 Հենց նույն պահին այդ խոսքերը կատարվեցին. Նաբուգոդոնոսորը հեռացվեց մարդկանցից և սկսեց ցլերի պես բուսականություն ուտել: Նրա մարմինը երկնքի ցողով էր թրջվում: Նրա մազերը երկարեցին ու դարձան արծվի փետուրների պես, իսկ եղունգները՝ թռչունների ճանկերի պես:+
34 «Երբ ժամանակը լրացավ,+ ես՝ Նաբուգոդոնոսորս, նայեցի երկինք, և հասկացողությունս հետ դարձավ: Ես փառաբանեցի Բարձրյալին՝ նրան, ով հավիտյան է ապրում, գովաբանեցի ու փառք տվեցի, քանի որ նրա իշխանությունը հավիտենական իշխանություն է, և նրա թագավորությունը հարատև է:+ 35 Երկրի բոլոր բնակիչները ոչինչ են նրա համեմատ: Նա երկնքի զորքի ու երկրի բնակիչների հետ վարվում է այնպես, ինչպես կամենում է, և չկա մեկը, որ կարողանա կանգնեցնել նրան+ կամ ասել. «Ի՞նչ ես անում»:+
36 Այդ ժամանակ հասկացողությունս հետ դարձավ, և ես կրկին ունեցա արքայական փառք, մեծություն ու շքեղություն:+ Իմ բարձրաստիճան պալատականներն ու մեծամեծները նորից սկսեցին խորհրդակցել ինձ հետ: Ես կրկին սկսեցի իշխել թագավորությանս վրա և էլ ավելի հզոր դարձա:
37 Այժմ ես՝ Նաբուգոդոնոսորս, գովաբանում, մեծարում ու փառաբանում եմ երկնքի Թագավորին,+ քանի որ այն, ինչ նա անում է, ճիշտ է ու արդար,+ և նա կարող է խոնարհեցնել հպարտներին»:+