Ծննդոց
28 Ուստի Իսահակը կանչեց Հակոբին, օրհնեց նրան ու պատվիրեց. «Քանանի աղջիկներից կին չառնես:+ 2 Վեր կաց գնա Փադան-Արամ՝ քո մորական պապի՝ Բաթուելի տուն, և այնտեղից քո քեռու՝ Լաբանի աղջիկներից+ կին առ: 3 Ամենակարող Աստված կօրհնի քեզ, զավակներ կպարգևի ու կշատացնի քո սերունդը, և դու, անկասկած, մեծաթիվ ժողովրդի հայր կդառնաս:*+ 4 Նա քեզ ու քո սերնդին կտա այն նույն օրհնությունները, որ խոստացել է Աբրահամին,+ որպեսզի տիրանաս այն երկրին, որտեղ այսքան ժամանակ ապրում ես որպես պանդուխտ, այն երկրին, որն Աստված խոստացել է տալ Աբրահամին»:+
5 Իսահակը ճանապարհեց Հակոբին, և նա գնաց Փադան-Արամ՝ արամեացի Բաթուելի որդի Լաբանի մոտ,+ որը Հակոբի ու Եսավի մոր՝ Ռեբեկայի եղբայրն էր:+
6 Եսավը տեսավ, որ Իսահակը օրհնեց Հակոբին ու նրան Փադան-Արամ ուղարկեց՝ այնտեղից կին առնելու, և որ նրան օրհնելիս պատվիրեց ու ասաց. «Քանանի աղջիկներից կին չառնես»:+ 7 Նաև տեսավ, որ Հակոբը հնազանդվեց իր հորն ու մորը և գնաց Փադան-Արամ:+ 8 Այդ ժամանակ Եսավը հասկացավ, որ Քանանի աղջիկները տհաճ են իր հոր՝ Իսահակի համար:+ 9 Ուստի գնաց իսմայելացիների* մոտ և իր ունեցած կանանցից բացի՝ կնության առավ նաև Մայելեթին՝ Աբրահամի որդի Իսմայելի աղջկան՝ Նաբեոթի քրոջը:+
10 Հակոբը դուրս եկավ Բերսաբեեից և ճանապարհ ընկավ դեպի Խառան:+ 11 Որոշ ժամանակ անց, հասնելով մի վայր, կանգ առավ ու որոշեց այդտեղ գիշերել, քանի որ արևն արդեն մայր էր մտել: Նա մի քար վերցրեց, դրեց գլխի տակ ու պառկեց:+ 12 Հակոբը երազ տեսավ. երկրի վրա մի սանդուղք կար, որի ծայրը երկինք էր հասնում, և Աստծու հրեշտակները բարձրանում ու իջնում էին դրանով:+ 13 Սանդուղքի վերևում Եհովան էր: Նա ասաց.
«Ես Եհովան եմ՝ քո հայր Աբրահամի Աստվածը և Իսահակի Աստվածը:+ Այն երկիրը, որտեղ դու պառկած ես, քեզ ու քո սերնդին կտամ:+ 14 Քո սերունդը երկրի փոշեհատիկների չափ կշատացնեմ:+ Դու կտարածվես դեպի արևմուտք ու արևելք, դեպի հյուսիս ու հարավ: Եվ քո ու քո սերնդի միջոցով երկրի բոլոր տոհմերը* կօրհնվեն:*+ 15 Ես քեզ հետ եմ, ես կպահպանեմ քեզ, ուր էլ որ գնաս, ու քեզ կվերադարձնեմ այս երկիր:+ Ես քեզ չեմ թողնի, մինչև որ անեմ այն, ինչ խոստացել եմ քեզ»:+
16 Հակոբը քնից արթնացավ ու ասաց. «Իսկապես որ, Եհովան այս վայրում է, իսկ ես չգիտեի»: 17 Ապա, վախով համակված, բացականչեց. «Ի՜նչ մեծ ահ է ներշնչում այս վայրը: Սա, անկասկած, Աստծու+ տունն է, երկնքի դարպասը»:+ 18 Հակոբը վաղ առավոտյան վեր կացավ, վերցրեց իր գլխի տակ դրած քարը, այն կանգնեցրեց որպես հուշասյուն ու վրան յուղ լցրեց:+ 19 Նա այդ վայրը Բեթել* կոչեց. մինչ այդ քաղաքի անունը Լուզ էր:*+
20 Ապա Հակոբը երդվեց՝ ասելով. «Ո՛վ իմ Աստված, եթե այսուհետ էլ ինձ հետ լինես, պաշտպանես ինձ իմ ճանապարհին, կերակուր* ու հագուստ տաս, 21 և ես խաղաղությամբ վերադառնամ իմ հոր տուն, այդ ժամանակ ակնհայտ կլինի, որ դու, Եհո՛վա, իմ Աստվածն ես: 22 Իսկ այս քարը, որ կանգնեցրել եմ որպես հուշասյուն, քո տան խորհրդանիշը կդառնա,+ և ես քո տված ամեն ինչի տասներորդ մասը անպայման քեզ կտամ»: