Ծննդոց
21 Եհովան ուշադրություն դարձրեց Սառային, ինչպես որ ասել էր. Եհովան կատարեց Սառայի մասին իր տված խոստումը:+ 2 Սառան հղիացավ+ և նշանակված ժամանակին, ինչպես որ Աստված խոստացել էր, Աբրահամի համար մի որդի ծնեց նրա ծերության օրերում:+ 3 Աբրահամը իր նորածին որդու անունը, որին լույս աշխարհ էր բերել Սառան, Իսահակ+ դրեց: 4 Երբ Իսահակը ութ օրական դարձավ, Աբրահամը թլփատեց նրան, ճիշտ ինչպես Աստված պատվիրել էր իրեն:+ 5 Աբրահամը 100 տարեկան էր, երբ ծնվեց իր որդի Իսահակը: 6 Այդ ժամանակ Սառան ասաց. «Աստված ուրախության ծիծաղ պարգևեց ինձ. ով լսի այդ մասին, կուրախանա ինձ հետ»:* 7 Եվ ավելացրեց. «Ո՞ւմ մտքով կանցներ, որ Սառան երեխաներ կկերակրի, և ո՞վ այդպիսի բան կասեր Աբրահամին: Բայց ահա ես նրա համար որդի եմ ծնել իր ծերության օրերում»:
8 Երբ երեխան մեծացավ, նրան կաթից կտրեցին: Իսահակին կաթից կտրելու օրը Աբրահամը մեծ խնջույք արեց: 9 Սառան սկսեց նկատել, որ եգիպտացի Հագարի որդին,+ որին նա ծնել էր Աբրահամի համար, ծաղրում է Իսահակին:+ 10 Ուստի Աբրահամին ասաց. «Դո՛ւրս արա այս աղախնին ու նրա որդուն, որովհետև այս աղախնի որդին չպետք է ժառանգ լինի իմ որդու՝ Իսահակի հետ»:+ 11 Բայց Աբրահամին բոլորովին դուր չեկավ այն, ինչ Սառան ասաց իր որդու մասին:+ 12 Այդ ժամանակ Աստված ասաց Աբրահամին. «Մի՛ սրտնեղիր այն խոսքերից, որ Սառան ասաց տղայիդ ու աղախնիդ մասին: Լսիր նրա ձայնին, որովհետև քեզ խոստացված սերունդը Իսահակի միջոցով է գալու:+ 13 Իսկ ինչ վերաբերում է աղախնի որդուն,+ նրանից էլ ազգ կստեղծեմ,+ քանի որ նա քո սերունդն է»:
14 Ուստի Աբրահամը վաղ առավոտյան վեր կացավ, ուտելիք ու մի տիկ ջուր վերցրեց և տվեց Հագարին: Նա այդ ամենը դրեց Հագարի ուսին և նրան տղայի հետ ճանապարհեց:+ Հագարը հեռացավ ու սկսեց թափառել Բերսաբեե+ անապատում: 15 Ի վերջո տիկի ջուրը վերջացավ, և նա տղային թողեց մի թփի տակ: 16 Իսկ ինքը գնաց ու մի նետընկեց* հեռավորության վրա մենակ նստեց՝ ինքն իրեն ասելով. «Տղայի մեռնելը չեմ ուզում տեսնել»: Այդպես նա, հեռվում նստած, սկսեց բարձր ձայնով լաց լինել:
17 Տղան+ էլ էր լաց լինում, և Աստված լսեց նրա ձայնը: Աստծու հրեշտակը երկնքից կանչեց Հագարին ու ասաց.+ «Ինչո՞ւ ես լաց լինում, Հագա՛ր: Մի՛ վախեցիր, որովհետև Աստված լսեց տղայի ձայնը: 18 Վեր կաց, օգնիր նրան բարձրանալ և ամուր բռնիր. ես նրանից մեծ ազգ եմ ստեղծելու»:+ 19 Ապա Աստված բացեց Հագարի աչքերը, և նա մի ջրհոր տեսավ: Նա գնաց, տիկը ջրով լցրեց ու խմեցրեց տղային: 20 Աստված տղայի+ հետ էր, մինչ նա մեծանում էր: Տղան ապրում էր անապատում: Նա աղեղնավոր դարձավ: 21 Հետո բնակություն հաստատեց Փառան անապատում,+ և նրա մայրը եգիպտացի կին բերեց նրա համար:
22 Այդ ժամանակներում Աբիմելեքը իր զորագլուխ Փիքողի հետ եկավ Աբրահամի մոտ և ասաց. «Ինչ էլ որ անում ես, Աստված քեզ հետ է:+ 23 Ուստի այժմ Աստծով երդվիր ինձ, որ խաբեությամբ չես վարվի ո՛չ ինձ հետ, ո՛չ էլ իմ որդիների ու նրանց սերունդների հետ, այլ հավատարմությամբ* կվարվես իմ ու այս երկրի հանդեպ, որտեղ ապրում ես, ինչպես որ ես հավատարմությամբ վարվեցի քո հանդեպ»:+ 24 Աբրահամն էլ ասաց. «Երդվո՛ւմ եմ»:
25 Բայց միևնույն ժամանակ Աբրահամը բողոքեց Աբիմելեքին այն ջրհորի համար, որ նրա ծառաները բռնի ուժով վերցրել էին:+ 26 Աբիմելեքը պատասխանեց. «Ես չգիտեմ, թե ով է արել դա. դու ինձ ոչինչ չես ասել: Ես միայն այսօր եմ լսում դրա մասին»: 27 Այդ ժամանակ Աբրահամը ոչխարներ և խոշոր եղջերավոր անասուններ տվեց Աբիմելեքին, ու երկուսով ուխտ կապեցին: 28 Աբրահամը հոտի միջից յոթ էգ գառ առանձնացրեց, 29 և Աբիմելեքը հարցրեց նրան. «Ինչո՞ւ առանձնացրիր դրանք»: 30 Աբրահամը պատասխանեց. «Դու պետք է իմ ձեռքից ընդունես այս յոթ էգ գառները որպես հավաստիք, որ ես եմ փորել այս ջրհորը»: 31 Ուստի այդ վայրը Բերսաբեե*+ կոչեց, քանի որ այնտեղ երկուսով երդում տվեցին: 32 Այդպիսով՝ նրանք ուխտ կապեցին+ Բերսաբեեում, և Աբիմելեքը իր զորագլուխ Փիքողի հետ վերադարձավ փղշտացիների+ երկիր: 33 Դրանից հետո Աբրահամը Բերսաբեեում մի ծառ՝ կարմրան տնկեց և այնտեղ կանչեց հավիտյան գոյություն ունեցող Աստծու՝+ Եհովայի անունը:*+ 34 Աբրահամը երկար ժամանակ մնաց* փղշտացիների երկրում:+