Թվեր
21 Երբ Արադի քանանացի թագավորը,+ որն ապրում էր Նեգևի շրջանում, լսեց, որ իսրայելացիները գալիս են Աթարիմի ճանապարհով, հարձակվեց նրանց վրա ու ոմանց գերի վերցրեց: 2 Այդ ժամանակ իսրայելացիները երդում տվեցին Եհովային՝ ասելով. «Եթե այս ժողովրդին մեր ձեռքը տաս, մենք անպայման կկործանենք նրանց քաղաքները»: 3 Եհովան լսեց իսրայելացիների խնդրանքը և քանանացիներին նրանց ձեռքը տվեց, իսրայելացիներն էլ կործանեցին նրանց ու նրանց քաղաքները: Ուստի այդ վայրի անունը Հորմա*+ դրեցին:
4 Իսրայելացիները ճամփա ընկան Հոր լեռից+ ու գնացին Կարմիր ծովի ճանապարհով, որ շրջանցեն Եդոմի երկիրը:+ Այդ ընթացքում ժողովուրդը հոգնեց ճանապարհից 5 ու սկսեց խոսել Աստծու և Մովսեսի դեմ՝+ ասելով. «Ինչո՞ւ մեզ հանեցիք Եգիպտոսից. որ անապատում մեռնե՞նք: Այստեղ ո՛չ ուտելիք կա, ո՛չ էլ ջուր,+ այդ նողկալի հացից էլ արդեն զզվել ենք»:+ 6 Այդ ժամանակ Եհովան թունավոր* օձեր ուղարկեց ժողովրդի մեջ, և դրանք սկսեցին խայթել մարդկանց, ու շատ իսրայելացիներ մահացան:+
7 Ժողովուրդը եկավ Մովսեսի մոտ ու ասաց. «Մենք մեղք գործեցինք՝ Եհովայի ու քո դեմ խոսելով:+ Մեզ համար բարեխոսիր Եհովայի առաջ, որ օձերին հեռացնի մեզնից»: Եվ Մովսեսը բարեխոսեց ժողովրդի համար:+ 8 Եհովան ասաց Մովսեսին. «Այդ թունավոր օձերի նման մի օձ պատրաստիր և ամրացրու ձողին: Երբ որևէ մեկը խայթվի, թող նայի դրան, որ ողջ մնա»: 9 Մովսեսն իսկույն մի պղնձե օձ+ պատրաստեց ու ամրացրեց ձողին:+ Եվ երբ օձը խայթում էր որևէ մեկին, նա նայում էր պղնձե օձին ու ողջ էր մնում:+
10 Դրանից հետո իսրայելացիները գնացին այդտեղից ու ճամբար դրեցին Օբոթում:+ 11 Օբոթից էլ մեկնեցին ու ճամբար դրեցին Իյե-Աբարիմում՝+ Մովաբի դիմաց՝ արևելյան կողմում գտնվող անապատում: 12 Այնտեղից նրանք ճանապարհ ընկան ու ճամբար դրեցին Զարեդի գետահովտի*+ մոտ: 13 Այնտեղից էլ մեկնեցին ու ճամբար դրեցին Առնոնի+ գետահովտի* շրջանում, որը գտնվում է ամորհացիների սահմանին հարակից անապատում: Առնոնը Մովաբի սահմանն է՝ Մովաբի և ամորհացիների միջև եղող սահմանը: 14 Ահա թե ինչու Եհովայի պատերազմների գրքում այսպիսի հիշատակում կա. «Սուֆայում գտնվող Վահեպ կոչվող վայրը և Առնոնի վտակները, 15 որոնք գետաբերանում միանում են գետին, որն էլ իջնում է դեպի Ար քաղաքը և հարում Մովաբի սահմանին»:
16 Այնտեղից իսրայելացիները գնացին Բեեր:* Այդտեղ է այն ջրհորը, որի մասին Եհովան Մովսեսին ասաց. «Հավաքի՛ր ժողովրդին, և ես ջուր կտամ նրանց»:
17 Այդ ժամանակ էր, որ Իսրայելը այս երգը երգեց.
«Բխեցրո՛ւ ջրերդ, ջրհո՛ր: Ո՛վ մարդիկ, պատասխանե՛ք երգով:
18 Այս ջրհորը փորեցին իշխանները՝ ժողովրդի առաջնորդները,
Փորեցին իշխանական գավազանով ՝ իրենց իսկ ցուպով»:
Իսկ հետո իսրայելացիները անապատից գնացին Մաթանա, 19 Մաթանայից՝ Նաալիել և Նաալիելից՝ Բամոթ:+ 20 Բամոթից գնացին Մովաբի+ տարածքում* գտնվող հովիտը՝ Փասգայի բարձունքի+ մոտ, որը նայում է դեպի Եսիմոն:*+
21 Իսրայելը պատգամաբերներ ուղարկեց ամորհացիների թագավոր Սեհոնի մոտ՝ ասելով.+ 22 «Թույլ տուր՝ անցնենք քո երկրով: Ճանապարհից չենք շեղվի, ոչ մի արտ կամ խաղողի այգի չենք մտնի ու ոչ մի ջրհորից ջուր չենք խմի: Թագավորի ճանապարհով* կշարժվենք, մինչև որ անցնենք քո տարածքի միջով»:+ 23 Բայց Սեհոնը թույլ չտվեց, որ Իսրայելը անցնի իր տարածքով, այլ հավաքեց իր ամբողջ ժողովրդին և դուրս եկավ Իսրայելի դեմ: Նա եկավ Հասսա ու սկսեց կռվել Իսրայելի դեմ:+ 24 Իսրայելը սրի քաշեց նրանց+ ու տիրացավ նրանց երկրին՝+ Առնոնից+ մինչև Հաբոկ,+ որը ամմոնացիների երկրի մոտ է, բայց Հազերից+ այն կողմ չանցավ, որովհետև դա ամմոնացիների սահմանն է:+
25 Այդպես Իսրայելը գրավեց ամորհացիների+ բոլոր քաղաքները՝ Եսեբոնն ու դրա բոլոր կախյալ* ավանները, և սկսեց բնակվել այնտեղ: 26 Եսեբոնը պատկանում էր ամորհացիների թագավոր Սեհոնին, որը պատերազմել էր Մովաբի թագավորի դեմ ու գրավել էր նրա ողջ երկիրը մինչև Առնոն: 27 Ահա թե որտեղից է ծագել այս հեգնական առածը.
«Եսեբո՛ն եկեք:
Թող Սեհոնի այս քաղաքը կառուցվի և ամուր հաստատվի:
28 Եսեբոնից կրակ դուրս եկավ, բոց ելավ քաղաքից Սեհոնի.
Այն կլանեց Մովաբի Ար քաղաքը, սպառեց տերերին Առնոնի բարձունքների:
29 Վա՜յ քեզ, Մովա՛բ: Դու կկործանվես, ժողովո՛ւրդ Քամոսի:+
Նա* փախստական է դարձնում իր որդիներին,
Դուստրերին գերության տալիս ամորհացիների արքա Սեհոնին:
30 Եկեք նետահարենք նրանց:
Կործանում կգա Եսեբոնի վրա ու կհասնի մինչև Դեբոն:+
Եկեք ամայացում սփռենք մինչև Նոֆա:
Կրակը կտարածվի մինչև Մեդաբա»:+
31 Այսպիսով՝ իսրայելացիները բնակվեցին ամորհացիների երկրում: 32 Մովսեսը մի քանի հոգու ուղարկեց Հազերը+ հետախուզելու: Նրանք զավթեցին Հազերի կախյալ* ավանները և վռնդեցին այնտեղ ապրող ամորհացիներին: 33 Դրանից հետո թեքվեցին ու գնացին Բասանի ճանապարհով: Այդ ժամանակ Բասանի թագավոր Օգը+ իր ողջ ժողովրդի հետ նրանց դեմ կռվի դուրս եկավ Եդրայիում:+ 34 Եհովան ասաց Մովսեսին. «Նրանից մի՛ վախեցիր,+ քանի որ նրան, նրա ողջ ժողովրդին ու նրա երկիրը քո ձեռքն եմ տալու:+ Նրա հետ վարվիր այնպես, ինչպես վարվեցիր ամորհացիների թագավորի՝ Եսեբոնում բնակվող Սեհոնի հետ»:+ 35 Իսրայելացիները կործանեցին Օգին, նրա որդիներին ու նրա ողջ ժողովրդին: Նրա ժողովրդից մեկն էլ ողջ չմնաց,+ և իսրայելացիները տիրացան նրա երկրին:+