Թվեր
30 Հետո Մովսեսը խոսեց Իսրայելի ցեղերի գլուխների+ հետ՝ ասելով. «Ահա թե ինչ է պատվիրել Եհովան: 2 Եթե մի մարդ Եհովային խոստում տա+ կամ եթե երդվելով պարտավորվի հրաժարվել ինչ-որ բանից,+ ապա չպետք է դրժի իր խոսքը:+ Նա պետք է կատարի այն ամենը, ինչ դուրս է եկել իր բերանից:+
3 Եթե աղջիկը, որը դեռ իր հոր տանն է ապրում, Եհովային խոստում տա, որ մի բան կանի, կամ խոստումով պարտավորվի հրաժարվել ինչ-որ բանից, 4 ու նրա հայրը, լսելով նրա խոստման մասին, որով նա իր վրա պարտավորություն է վերցրել, որևէ առարկություն չանի, ապա աղջկա բոլոր խոստումները ուժի մեջ պետք է մնան: Ամեն խոստում, որով նա պարտավորվել է հեռու մնալ ինչ-որ բանից, ուժի մեջ կմնա: 5 Բայց եթե նրա հայրը, լսելով նրա բոլոր խոստումների մասին, արգելի կատարել դրանք, ապա այդ խոստումներն այլևս ուժի մեջ չեն լինի: Եհովան կների աղջկան, քանի որ նրա հայրը արգելել է նրան:+
6 Եթե աղջիկը ամուսնանա՝ դեռևս լինելով իր խոստման կամ հապճեպորեն տված իր խոսքի պարտավորության տակ, 7 և նրա ամուսինը, լսելով դրա մասին, իր լսած օրը ոչ մի առարկություն չանի, ապա նրա խոստումները, որոնցով նա իր վրա պարտավորություն է վերցրել, ուժի մեջ կմնան: 8 Բայց եթե ամուսինը իր լսած օրը կնոջն արգելի պահել խոստումը կամ հապճեպորեն տված խոսքը, այդպիսով անվավեր կդարձնի կնոջ խոստումները:+ Եհովան կների կնոջը:
9 Եթե այրին կամ ամուսնալուծված կինը խոստում տա, ապա այն ամենը, ինչ պարտավորվել է, պետք է անի:
10 Եթե կինը իր ամուսնու տանը եղած ժամանակ է խոստումով պարտավորվել մի բան անել կամ մի բանից հրաժարվել, 11 և նրա ամուսինը, լսելով այդ մասին, չի առարկել ու չի արգելել, ապա կնոջ բոլոր խոստումները, որոնցով նա պարտավորություն է վերցրել իր վրա, ուժի մեջ կմնան: 12 Իսկ եթե ամուսինը իր լսած օրը լիովին անվավեր դարձնի կնոջ խոստումները, ապա ինչ խոստումներ էլ նա տված լինի, այլևս ուժի մեջ չեն լինի:+ Նրա ամուսինը անվավեր է դարձրել դրանք. Եհովան կների կնոջը: 13 Ամուսինը հաստատում կամ անվավեր է դարձնում իր կնոջ տված ցանկացած խոստում կամ ինքն իրեն մի բանից զրկելու* ցանկացած երդում: 14 Սակայն եթե օրերն անցնում են, և ամուսինը ոչ մի առարկություն չի անում, ապա նշանակում է՝ նա հաստատել է նրա տված բոլոր խոստումները կամ երդումները: Նա հաստատել է դրանք, քանի որ իր լսած օրը չի առարկել: 15 Իսկ եթե նա հետո՝ իր լսած օրից որոշ ժամանակ անց, որոշի անվավեր դարձնել դրանք, ապա կնոջ հանցանքը նրա վրա կլինի, ու նա կկրի դրա հետևանքները»:+
16 Ահա թե ինչ կանոններ Եհովան տվեց Մովսեսին ամուսնու և կնոջ, ինչպես նաև հոր և նրա տանը ապրող երիտասարդ աղջկա վերաբերյալ: