Ղուկաս
6 Մի անգամ՝ Շաբաթ օրով, Հիսուսն իր աշակերտների հետ անցնում էր ցորենի արտերի միջով:+ Աշակերտները ցորենի հասկեր էին պոկում, տրորում էին ափերի մեջ և ուտում:+ 2 Դա տեսնելով՝ փարիսեցիներից ոմանք ասացին. «Այդ ինչո՞ւ եք անում մի բան, ինչը չի թույլատրվում անել Շաբաթ օրը»:+ 3 Բայց Հիսուսն ասաց նրանց. «Երբևէ չե՞ք կարդացել, թե ինչ արեց Դավիթը, երբ նա և իր հետ եղող մարդիկ քաղցած էին:+ 4 Նա Աստծու տուն մտավ և ստանալով սուրբ հացերը՝* կերավ ու իր մարդկանց էլ տվեց, թեև քահանաներից բացի՝ ուրիշ ոչ ոք իրավասություն չուներ ուտելու դրանցից»:+ 5 Ապա ավելացրեց. «Շաբաթը մարդու Որդու իշխանության տակ է»:+
6 Մեկ ուրիշ Շաբաթ օր+ էլ նա մտավ ժողովարան և սկսեց ուսուցանել: Այնտեղ մի մարդ կար, որի աջ ձեռքը կռկված* էր:+ 7 Օրենքի ուսուցիչներն* ու փարիսեցիները ուշադիր հետևում էին Հիսուսին, որ տեսնեն՝ Շաբաթ օրով կբուժի՞ այդ մարդուն, թե ոչ, որպեսզի մեղադրելու պատճառ գտնեն: 8 Սակայն նա գիտեր՝ ինչ կար նրանց մտքին,+ ուստի այդ մարդուն ասաց. «Վեր կաց ու կանգնիր այստեղ՝ մեջտեղում»: Նա էլ վեր կացավ ու կանգնեց այնտեղ: 9 Այդ ժամանակ Հիսուսն ասաց Օրենքի ուսուցիչներին ու փարիսեցիներին. «Ձեզ մի հարց տամ՝ ի՞նչ է ճիշտ անել Շաբաթ օրը՝ բարի՞ք, թե՞ չարիք, կյանք* փրկե՞լ, թե՞ կործանել»:+ 10 Եվ նայելով նրանց բոլորին՝ այդ մարդուն ասաց. «Մեկնիր ձեռքդ»: Նա էլ մեկնեց, և այն առողջացավ: 11 Օրենքի ուսուցիչներն ու փարիսեցիները, խիստ չարացած, սկսեցին խորհրդակցել, թե ինչ անեն Հիսուսին:
12 Այդ նույն ժամանակահատվածում Հիսուսը սար գնաց, որ աղոթի,+ և ամբողջ գիշերն անցկացրեց Աստծուն աղոթելով:+ 13 Իսկ երբ օրը բացվեց, մարդ ուղարկեց, որ աշակերտներին կանչի իր մոտ, ապա նրանց միջից ընտրեց 12 հոգու և կոչեց առաքյալներ:+ 14 Նրանք էին Սիմոնը, որին նաև Պետրոս կոչեց, Անդրեասը՝ նրա եղբայրը, Հակոբոսը, Հովհաննեսը, Փիլիպոսը,+ Բարդուղիմեոսը, 15 Մատթեոսը, Թովմասը,+ Հակոբոսը՝ Ալփեոսի որդին, Սիմոնը, որին Նախանձախնդիր էին կոչում, 16 Հուդան՝ Հակոբոսի որդին, և Հուդա Իսկարիովտացին, որը դավաճան դարձավ:
17 Հետո նրանց հետ իջավ և հասնելով մի հարթ տեղանք՝ կանգ առավ: Այնտեղ հավաքված էին աշակերտների մի մեծ խումբ և մարդկանց մի մեծ բազմություն, որոնք եկել էին Երուսաղեմից, ողջ Հրեաստանից, Տյուրոսի ու Սիդոնի ափամերձ շրջաններից: Նրանք եկել էին Հիսուսին լսելու և իրենց հիվանդություններից բուժվելու: 18 Նույնիսկ չար* ոգիներից տանջվողներն էին բուժվում: 19 Բոլորն ուզում էին դիպչել Հիսուսին, քանի որ երբ դիպչում էին, նրանից ուժ էր դուրս գալիս,+ և իրենք բուժվում էին:
20 Հիսուսը հայացքն ուղղեց իր աշակերտներին ու ասաց.
«Երջանիկ եք կարիքավորներդ, որովհետև ձերն է Աստծու թագավորությունը:+
21 Երջանիկ եք քաղցածներդ, որովհետև կկշտանաք:+
Երջանիկ եք լացողներդ, որովհետև կծիծաղեք:+
22 Երջանիկ եք, երբ մարդիկ ատեն ձեզ,+ վռնդեն իրենց միջից,+ վիրավորեն ձեզ և արատավորեն ձեր համբավը մարդու Որդու հետևորդը լինելու պատճառով: 23 Ուրախացեք և ցնծացեք այդ օրը, որովհետև ձեզ մեծ վարձատրություն է սպասում Աստծուց.* նրանց նախահայրերը նույն ձևով մարգարեների հետ են վարվել:+
24 Բայց վա՜յ հարուստներիդ,+ որովհետև դուք ձեր սփոփանքն արդեն լիովին ստացել եք:+
25 Վա՜յ կշտացածներիդ, որովհետև կսովածանաք:
Վա՜յ ծիծաղողներիդ, որովհետև կսգաք ու լաց կլինեք:+
26 Վա՜յ ձեզ, երբ բոլոր մարդիկ լավը խոսեն ձեր մասին.+ նույն բանը նրանց նախահայրերը կեղծ մարգարեների հանդեպ են արել:
27 Բոլոր ինձ լսողներիդ ասում եմ. միշտ այսպես վարվեք՝ սիրեք ձեր թշնամիներին, բարիք արեք ձեզ ատողներին,+ 28 օրհնեք ձեզ անիծողներին և աղոթեք ձեզ վիրավորողների համար:+ 29 Ով խփի ձեր մի այտին, մյուսն էլ նրան դարձրեք: Ով վերցնի ձեր վերնահագուստը, ձեր վրայի մյուս հագուստն էլ տվեք:+ 30 Ով ձեզնից մի բան խնդրի,+ տվեք նրա խնդրածը և հետ մի՛ ուզեք ձեզնից վերցվածը:
31 Ինչպես ուզում եք՝ մարդիկ ձեզ հետ վարվեն, հենց այդպես էլ դուք վարվեք նրանց հետ:+
32 Եթե սիրեք միայն նրանց, ովքեր սիրում են ձեզ, ի՞նչ մի գովելի բան արած կլինեք: Չէ՞ որ մեղսագործներն էլ են սիրում իրենց սիրողներին:+ 33 Եվ եթե միայն ձեզ բարիք անողներին բարիք անեք, ի՞նչ մի գովելի բան արած կլինեք: Մեղսագործներն էլ են այդպես անում: 34 Եթե պարտք տաք* միայն նրանց, ովքեր, ձեր կարծիքով, հաստատ կվերադարձնեն, ի՞նչ մի գովելի բան արած կլինեք:+ Անգամ մեղսագործներն են պարտք տալիս մեղսագործներին լիովին հետ ստանալու ակնկալիքով: 35 Իսկ դուք այլ կերպ վարվեք՝ սիրեք ձեր թշնամիներին, բարիք արեք մարդկանց, պարտք տվեք առանց որևէ բան հետ ստանալու ակնկալիքի+ և այդ դեպքում մեծ վարձատրություն կստանաք: Այդպիսով դուք Բարձրյալի որդիները կլինեք, որովհետև նա բարի է նույնիսկ անշնորհակալ ու չար մարդկանց հանդեպ:+ 36 Գթասիրտ եղեք, ինչպես որ ձեր Հայրն է գթասիրտ:+
37 Մի՛ դատեք* և ամենևին էլ չեք դատվի,+ մի՛ դատապարտեք և չեք դատապարտվի: Ներեք* և կներվեք:+ 38 Տվեք, և մարդիկ կտան ձեզ:+ Նրանք ձեր փեշը կլցնեն առատորեն՝ լավ սեղմելով, թափահարելով, այնպես որ լեփ-լեցուն լինի: Ինչպես վերաբերվեք ուրիշներին, այնպես էլ ձեզ կվերաբերվեն»:*
39 Հետո Հիսուսը սկսեց օրինակներ բերել. «Ինչպե՞ս կարող է կույրը կույրին առաջնորդել: Չէ՞ որ երկուսն էլ փոսը կընկնեն:+ 40 Աշակերտն իր ուսուցչից առավել չէ, և լիարժեքորեն ուսուցանվածը կնմանվի իր ուսուցչին: 41 Այդ ինչո՞ւ եղբորդ աչքի միջի շյուղին ուշադրություն դարձնում ես, իսկ քո աչքի միջի գերանը չես նկատում:+ 42 Ինչպե՞ս ես եղբորդ ասում՝ «Եղբա՛յրս, թող աչքիդ միջի շյուղը հանեմ», իսկ քո աչքի միջի գերանը չես տեսնում: Կեղծավո՛ր, նախ քո աչքի միջի գերանը հանիր, այդ ժամանակ հստակ կտեսնես ու կկարողանաս եղբորդ աչքից շյուղը հանել:
43 Ոչ մի լավ ծառ վատ պտուղ չի տալիս, և ոչ մի վատ ծառ լավ պտուղ չի տալիս:+ 44 Ամեն ծառ իր պտղից է ճանաչվում:+ Չէ՞ որ փշերից թուզ չեն քաղում, ոչ էլ փշաթփից՝ խաղող: 45 Բարի մարդը բարի բաներ է խոսում, քանի որ սրտում բարի բաներ է կուտակել, իսկ չար մարդը չար բաներ է խոսում, քանի որ սրտում չար բաներ է կուտակել: Բերանից դուրս է գալիս այն, ինչով լցված է սիրտը:+
46 Դուք ինձ «Տե՛ր, Տե՛ր» եք կոչում, բայց այդ դեպքում ինչո՞ւ չեք անում իմ ասածները:+ 47 Նրան, ով գալիս է ինձ մոտ, լսում է իմ խոսքերն ու կատարում դրանք, ահա թե ում կնմանեցնեմ.+ 48 նա նման է մի մարդու, որը տուն կառուցելու համար հողը խորը փորեց, մինչև հասավ ժայռոտ մասին, և հիմքը դրա վրա գցեց: Հետո երբ շատ անձրև եկավ, հեղեղված գետի ջրերը ուժգին զարկվեցին այդ տանը, բայց տունն անսասան մնաց, որովհետև լավ էր կառուցված:+ 49 Մինչդեռ նա, ով լսում է իմ խոսքերը և չի կատարում դրանք,+ նման է մի մարդու, որն իր տունը հողի վրա կառուցեց՝ առանց ամուր հիմքի: Գետի ջրերը զարկվեցին այդ տանը, և այն իսկույն փուլ եկավ ու ամբողջությամբ ավերակների վերածվեց»: