Հովհաննես
2 Երկու օր անց Գալիլեայի Կանայում հարսանեկան խնջույք եղավ: Հիսուսի մայրն էլ էր այնտեղ: 2 Հիսուսն ու իր աշակերտները նույնպես հրավիրված էին այդ հարսանեկան խնջույքին:
3 Երբ գինին վերջանալու վրա էր, Հիսուսի մայրն ասաց նրան. «Գինի չունեն»: 4 Բայց Հիսուսն ասաց. «Մեր ի՞նչ գործն է, ո՛վ կին:* Իմ ժամը դեռ չի եկել»: 5 Այդ ժամանակ նրա մայրը սպասավորներին ասաց. «Ինչ որ ձեզ ասի, արե՛ք»: 6 Այնտեղ, ինչպես որ պահանջվում էր հրեաների մաքրվելու կանոններով, ջրի վեց քարե կարասներ կային,+ որոնցից յուրաքանչյուրը երկուսից երեք չափ* տարողություն ուներ: 7 Հիսուսն ասաց սպասավորներին. «Կարասները ջրով լցրեք»: Եվ նրանք բերնեբերան լցրին դրանք: 8 Ապա ասաց. «Իսկ հիմա մի քիչ հանեք ու տարեք խնջույքի պատասխանատուին»: Նրանք էլ տարան: 9 Երբ խնջույքի պատասխանատուն համտեսեց ջուրը, որ գինի էր դարձել (նա չգիտեր, թե որտեղից է այն, բայց սպասավորները, որոնք լցրել էին ջուրը, գիտեին), իր մոտ կանչեց փեսային 10 և ասաց. «Ուրիշները սկզբում լավ գինին են մատուցում, ու երբ մարդիկ հարբում են, այդ ժամանակ վատն են բերում: Բայց դու լավ գինին մինչև հիմա պահել ես»: 11 Այսպիսով՝ Գալիլեայի Կանայում Հիսուսն իր առաջին հրաշքն արեց ու իր փառահեղ զորությունը հայտնի դարձրեց,+ և նրա աշակերտները հավատացին նրան:
12 Դրանից հետո նա իր մոր, եղբայրների+ և աշակերտների հետ գնաց Կափառնայում,+ սակայն նրանք երկար չմնացին այնտեղ:
13 Շուտով հրեաների Պասեքն էր լինելու,+ և Հիսուսը գնաց Երուսաղեմ: 14 Տաճարում նա տեսավ դրամափոխների, որոնք նստած էին այնտեղ, և նրանց, ովքեր ցլեր, կովեր, ոչխարներ ու աղավնիներ+ էին վաճառում: 15 Նա պարաններից մի մտրակ պատրաստեց և տաճարից քշեց ցլերին, կովերին, ոչխարներին ու վռնդեց վաճառականներին, նաև ցրիվ տվեց դրամափոխների մետաղադրամները և շուռ տվեց նրանց սեղանները:+ 16 Իսկ աղավնի վաճառողներին ասաց. «Հեռացրե՛ք դրանք այստեղից և իմ Հոր տունը այլևս առևտրի տուն* մի՛ դարձրեք»:+ 17 Եվ նրա աշակերտները հիշեցին գրվածը. «Քո տան հանդեպ նախանձախնդրությունը կբոցավառվի իմ մեջ»:+
18 Այդ ժամանակ հրեաները հարցրին նրան. «Ի՞նչ նշան ցույց կտաս մեզ, որ իրավունք ունես այդպես վարվելու»:+ 19 Հիսուսը պատասխանեց նրանց. «Քանդե՛ք այս տաճարը, և ես երեք օրում կվերականգնեմ այն»:+ 20 Հրեաներն ասացին. «Այս տաճարը 46 տարում է կառուցվել, իսկ դու երեք օրում վերականգնելո՞ւ ես»: 21 Բայց նա իր մարմնի տաճարը նկատի ուներ:+ 22 Եվ երբ նա հարություն առավ, նրա աշակերտները հիշեցին, որ ասում էր այդ մասին,+ ու հավատացին սուրբ գրքերին և Հիսուսի խոսքերին:
23 Երբ նա Պասեքի տոնին Երուսաղեմում էր, շատերը, տեսնելով նրա կատարած հրաշքները, հավատացին նրա անվանը: 24 Սակայն Հիսուսը լիովին չէր վստահում նրանց, քանի որ ճանաչում էր նրանց բոլորին 25 և կարիք չուներ, որ իրեն ինչ-որ մեկի մասին որևէ բան պատմեին, որովհետև գիտեր, թե ինչ կա մարդու սրտում:+