2 Տարեգրություն
28 Աքազը+ 20 տարեկան էր, երբ սկսեց թագավորել, և 16 տարի իշխեց Երուսաղեմում: Ի տարբերություն իր նախահայր Դավթի՝ նա չարեց այն, ինչը ճիշտ էր Եհովայի աչքում,+ 2 այլ գնաց Իսրայելի թագավորների հետքերով+ և նույնիսկ Բահաղների ձուլածո արձաններ պատրաստեց:+ 3 Ավելին՝ Աքազը զոհեր մատուցեց Հիննոմի հովտում* և իր որդիներին այրեց՝+ ընդօրինակելով այն ազգերի գարշելի սովորույթները,+ որոնց Եհովան քշել էր իսրայելացիների առաջից: 4 Նա զոհեր էր մատուցում՝ այրելով դրանք սրբավայրերում,+ բլուրների վրա և ամեն մի սաղարթախիտ ծառի տակ:+
5 Այդ պատճառով նրա Աստված Եհովան նրան Ասորիքի թագավորի ձեռքը տվեց.+ ասորիները պարտության մատնեցին Աքազին ու բազմաթիվ գերիներ տարան Դամասկոս:+ Աստված Աքազին նաև Իսրայելի թագավորի ձեռքը տվեց, որը մեծ կոտորածով ջախջախեց նրան: 6 Ռոմելիայի որդի Փակեեն+ մեկ օրում 120 000 քաջազուն ռազմիկ սպանեց Հուդայում, քանի որ ժողովուրդը թողել էր իր նախահայրերի Աստված Եհովային:+ 7 Նաև Եփրեմի ցեղից Զեքրի անունով մի ռազմիկ սպանեց թագավորի որդի Մաասիային, արքունական պալատի վերակացու Եզրիկամին և Եղկանային, որը թագավորից հետո երկրորդն էր: 8 Բացի այդ՝ իսրայելացիները Հուդայից* գերեվարեցին 200 000 հոգու՝ կանանց ու երեխաների: Նաև մեծ ավար առան և տարան Սամարիա:+
9 Այնտեղ Եհովայի մի մարգարե կար, որի անունը Օդեդ էր: Նա դուրս եկավ Սամարիա վերադարձող զորքի դիմաց ու ասաց. «Ձեր նախահայրերի Աստված Եհովան Հուդայի ժողովրդին ձեր ձեռքը մատնեց,+ քանի որ բարկացել էր նրանց վրա, բայց դուք սպանեցիք նրանց այնպիսի դաժանությամբ, որը մինչև երկինք է հասել: 10 Եվ հիմա մտադիր եք Հուդայի ու Երուսաղեմի ժողովրդին ձեր ծառաներն ու աղախինները դարձնել:+ Բայց մի՞թե դուք էլ մեղավոր չեք ձեր Աստված Եհովայի առաջ: 11 Հիմա ինձ լսեք և վերադարձրեք ձեր եղբայրներին, որոնց գերեվարել եք, որովհետև Եհովայի բարկությունը բորբոքվել է ձեր դեմ»:
12 Սա լսելով՝ Եփրեմի ցեղի գլխավորներից մի քանիսը՝ Հովհանանի որդի Ազարիան, Մեսելամոթի որդի Բարաքիան, Սեղումի որդի Հեզեկիան և Ադլիայի որդի Ամեսան, պատերազմից եկողների առաջը կտրեցին 13 ու ասացին. «Գերիներին այստեղ մի՛ բերեք, այլապես մեզ մեղավոր կդարձնեք Եհովայի առաջ: Ի՞նչ է, ուզում եք մեր մեղքերն ու հանցանքը շատացնե՞լ. չէ՞ որ առանց այդ էլ մեր հանցանքը մեծ է, և Աստված խիստ բարկացել է Իսրայելի վրա»: 14 Այդ ժամանակ ռազմիկները գերիներին ու ավարը+ հանձնեցին իշխաններին ու բոլոր այնտեղ հավաքվածներին: 15 Այն տղամարդիկ, ում անունները նշվեցին, հագուստներ վերցրին ավարի միջից և տվեցին այն գերիներին, որոնք հագուստ չունեին:* Այսպիսով՝ նրանց հագուստներ, սանդալներ, ուտելիք և խմելու բան տվեցին, ինչպես նաև բուժիչ յուղ: Տկարներին նստեցրին էշերի վրա ու տարան Երիքով՝ արմավենիների քաղաք՝ նրանց եղբայրների մոտ, իսկ իրենք վերադարձան Սամարիա:
16 Այդ ժամանակ Աքազ թագավորը Ասորեստանի թագավորներից օգնություն խնդրեց:+ 17 Եդոմացիները նորից հարձակվեցին Հուդայի վրա և գերիներ վերցրին: 18 Իսկ փղշտացիները+ հարձակվեցին Հուդային պատկանող Շեֆելայի+ ու Նեգևի քաղաքների վրա և գրավեցին Բեթսամյուսը,+ Այելոնը,+ Գադերոթը, Սոքովն ու դրա կախյալ* ավանները, ինչպես նաև Թամնան+ ու դրա կախյալ ավանները, Գամզոն ու դրա կախյալ ավանները և այնտեղ բնակվեցին: 19 Այսպես Եհովան Իսրայելի Աքազ թագավորի պատճառով խոնարհեցրեց Հուդան, որովհետև Աքազը թույլ էր տվել, որ Հուդան սանձարձակ դառնա, ինչի հետևանքով ժողովուրդը անհավատարմությամբ էր վարվել Եհովայի հանդեպ:
20 Ի վերջո Ասորեստանի թագավոր Թգլատպալասարը+ եկավ Աքազի մոտ և փոխանակ զորացնելու նրան՝ սկսեց ճնշել:+ 21 Չնայած Աքազը Եհովայի տան, արքունական պալատի+ և իշխանների տների բոլոր թանկարժեք իրերը նվիրել էր Ասորեստանի թագավորին, բայց դա օգուտ չտվեց: 22 Նեղության մեջ Աքազ թագավորը ավելի շատ մեղքեր գործեց՝ անհավատարմությամբ վարվելով Եհովայի հանդեպ: 23 Նա սկսեց զոհեր մատուցել Դամասկոսի աստվածներին,+ որոնք պարտության էին մատնել իրեն,+ քանի որ մտածում էր. «Ասորիքի թագավորների աստվածներն օգնում են նրանց, դրա համար ես նրանց զոհեր կմատուցեմ, որ ինձ էլ օգնեն»:+ Սակայն այդ աստվածները անկման պատճառ դարձան թե՛ նրա և թե՛ ամբողջ Իսրայելի համար: 24 Աքազը հավաքեց ճշմարիտ Աստծու տան պատկանելիքները և դրանք կտոր-կտոր արեց:+ Նա փակեց Եհովայի տան դռները+ և Երուսաղեմի ամեն մի անկյունում զոհասեղաններ կառուցեց: 25 Հուդայի բոլոր քաղաքներում նա սրբավայրեր կառուցեց, որպեսզի զոհեր մատուցի ուրիշ աստվածների,+ և այդպիսով վիրավորեց իր նախահայրերի Աստված Եհովային:
26 Աքազի կյանքի մնացած իրադարձությունների և նրա բոլոր գործերի մասին՝ սկզբից մինչև վերջ, գրված է «Հուդայի և Իսրայելի թագավորների գրքում»:+ 27 Նա հանգչեց իր նախահայրերի հետ, և նրան թաղեցին Երուսաղեմում, բայց ոչ Իսրայելի թագավորների գերեզմանոցում:+ Աքազից հետո սկսեց թագավորել նրա որդին՝ Եզեկիան: