21 Թագավորի սիրտը Եհովայի ձեռքում ջրի հոսքի պես է.+
Ուր որ ուզում է, այնտեղ էլ ուղղում է այն:+
2 Մարդու աչքին իր բոլոր ճանապարհները ճիշտ են,+
Բայց Եհովան քննում է սրտերը:+
3 Ճիշտ ու արդար գործերը զոհերից հաճելի են Եհովային:+
4 Գոռոզ աչքերը և մեծամիտ սիրտը
Չարագործներին առաջնորդող ճրագ են: Այդ ամենը մեղք է:+
5 Ջանասեր մարդու ծրագրերը հաջողությամբ են պսակվում,+
Բայց բոլոր շտապողներին աղքատություն է սպասում:+
6 Խաբեությամբ ձեռք բերված գանձերը
Նման են անհետացող մշուշի, մահացու որոգայթի:+
7 Չարագործների բռնությունը կկործանի իրենց,+
Քանի որ չեն ցանկանում արդար վարվել:
8 Մեղավոր մարդու ճանապարհը ծուռ է,
Բայց մաքուր մարդու գործերն արդար են:+
9 Ավելի լավ է տանիքի վրա մի անկյունում ապրել,
Քան կռվարար կնոջ հետ մի տան մեջ:+
10 Չարագործը չարիք է տենչում:+
Նա կարեկցանք չունի իր դրացու հանդեպ:+
11 Երբ ծաղրողը պատժվում է, անփորձը ավելի իմաստուն է դառնում,
Եվ երբ իմաստունը խորությամբ քննում է հարցերը, հասկանում է, թե ինչպես վարվել:+
12 Արդարը ուշադիր նայում է չարագործի տանը.
Նա կործանման է մատնում նրան:+
13 Ով որ փակում է ականջը, որ չլսի խեղճի աղերսանքը,
Ինքն էլ կկանչի և պատասխան չի ստանա:+
14 Գաղտնի տրված նվերը հանդարտեցնում է բարկությունը,+
Եվ թաքուն տրված կաշառքը՝ կատաղի ցասումը:
15 Արդարի համար արդար վարվելը ուրախություն է,+
Բայց չարագործների համար դա անելը անտանելի է:
16 Այն մարդը, ով մոլորվում է խոհեմության ճանապարհից,
Անզոր մեռելների կողքին կհանգչի:+
17 Զվարճություն սիրողը կաղքատանա,+
Գինի և յուղ սիրող մարդը չի հարստանա:
18 Չարագործը փրկագին է արդարի համար,
Եվ անհավատարիմը կվերցվի ուղղամիտի փոխարեն:+
19 Ավելի լավ է անապատում ապրել,
Քան կռվարար ու դյուրագրգիռ կնոջ հետ:+
20 Թանկարժեք գանձն ու յուղը իմաստունի տանն են,+
Բայց հիմարը վատնում է իր ունեցածը:+
21 Արդարության ու հավատարիմ սիրո հետամուտ լինողը
Կյանք, արդարություն և փառք կգտնի:+
22 Իմաստունը կարող է գրավել զորեղ մարդկանց քաղաքը
Եվ նրանց զրկել զորությունից, որի վրա հույս են դնում:+
23 Նա, ով զսպում է իր լեզուն ու բերանը,
Իրեն հեռու է պահում խնդիրներից:+
24 Հանդուգն և մեծամիտ գլուխգովան են կոչում այն մարդուն,
Ով անշրջահայաց է ու անպատկառ:+
25 Ծույլի փափագը նրան մահվան կտանի,
Քանի որ նա չի ցանկանում մատը մատին տալ:+
26 Ողջ օրը նա ագահորեն ինչ-որ բան է փափագում,
Իսկ արդարը տալիս է և ոչինչ չի խնայում:+
27 Չարագործի զոհը գարշելի է,+
Հատկապես, երբ նա չար մտադրությամբ է այն մատուցում:
28 Ստախոս վկան կկործանվի,+
Բայց ով իր լսածի մասին է վկայում, հաջողություն կունենա:
29 Չարագործն իրեն ինքնավստահ է պահում,+
Բայց ուղղամիտներն են հաստատուն ճանապարհով գնում:+
30 Ընդդեմ Եհովայի չկա ո՛չ իմաստություն, ո՛չ խորաթափանցություն, ո՛չ էլ խորհուրդ:+
31 Ձիուն պատրաստում են ճակատամարտի համար,+
Բայց փրկությունը Եհովայից է:+