2 Թագավորներ
6 Մարգարեների որդիները+ Եղիսեին ասացին. «Դու գիտես, որ այն տեղը, որտեղ քեզ հետ մնում ենք, չափազանց փոքր է մեզ համար: 2 Թույլ տուր՝ գնանք Հորդանան գետի մոտ, ամեն մեկս մի-մի գերան վերցնենք ու մեզ համար բնակվելու տեղ կառուցենք այնտեղ»: Նա էլ պատասխանեց. «Գնացեք»: 3 Նրանցից մեկն ասաց. «Խնդրում եմ, դու էլ արի ծառաներիդ հետ»: Եղիսեն պատասխանեց. «Կգամ»: 4 Եվ նա գնաց նրանց հետ: Նրանք եկան Հորդանանի մոտ ու սկսեցին ծառեր կտրել: 5 Երբ նրանցից մեկը ծառ էր կտրում, կացնի սայրը ջուրն ընկավ: Նա բղավեց. «Վա՜յ, տե՛ր իմ, ախր ես այն ուրիշից էի վերցրել»: 6 Ճշմարիտ Աստծու մարդը հարցրեց. «Ո՞ւր ընկավ»: Եվ նա ցույց տվեց տեղը: Այդ ժամանակ Եղիսեն փայտի մի կտոր կտրեց, նետեց այնտեղ, և կացնի սայրը ջրի երես դուրս եկավ: 7 Եղիսեն ասաց. «Վերցրու»: Նա էլ մեկնեց ձեռքն ու վերցրեց:
8 Ասորիքի թագավորը գնաց պատերազմելու Իսրայելի դեմ:+ Նա խորհրդակցեց իր ծառաների հետ և ասաց. «Այսինչ ու այնինչ տեղը բանակ կդնենք»: 9 Ճշմարիտ Աստծու մարդը+ Իսրայելի թագավորին այս լուրն ուղարկեց. «Զգույշ եղիր, որ այսինչ տեղով չանցնես, որովհետև ասորիներն այդտեղ են գնում»: 10 Ուստի Իսրայելի թագավորը նախազգուշական լուր ուղարկեց իր մարդկանց, որոնք գտնվում էին այն վայրում, որի մասին ճշմարիտ Աստծու մարդը տեղեկացրել էր իրեն: Եղիսեն թագավորին մի քանի անգամ զգուշացրեց տարբեր վայրերի մասին, և նա հեռու մնաց դրանցից:+
11 Դա խիստ բարկացրեց Ասորիքի թագավորին:* Նա կանչեց իր ծառաներին ու հարցրեց. «Ասե՛ք ինձ. մեզանից ո՞վ է Իսրայելի թագավորի կողմից»: 12 Նրա ծառաներից մեկը պատասխանեց. «Ոչ ոք, տե՛ր իմ թագավոր: Իսրայելի Եղիսե մարգարեն է, որ Իսրայելի թագավորին հայտնում է նույնիսկ այն, ինչ դու խոսում ես քո ննջասենյակում»:+ 13 Թագավորն ասաց. «Գնացե՛ք ու պարզե՛ք, թե որտեղ է նա, որպեսզի մարդիկ ուղարկեմ, որ բռնեն նրան»: Որոշ ժամանակ անց նրան տեղեկացրին, որ Եղիսեն Դոթայիմում է:+ 14 Թագավորն իսկույն ձիեր, մարտակառքեր ու մեծաքանակ զորք ուղարկեց այնտեղ: Գիշերը նրանք գնացին ու շրջապատեցին քաղաքը:
15 Ճշմարիտ Աստծու մարդու սպասավորը առավոտ շուտ վեր կացավ, դուրս գնաց ու տեսավ, որ ձիերով ու մարտակառքերով մի զորք շրջապատել է քաղաքը: Նա ասաց. «Վա՜յ, տե՛ր իմ, ի՞նչ ենք անելու»: 16 «Մի՛ վախեցիր,+– պատասխանեց Եղիսեն,– որովհետև մեզ հետ եղողներն ավելի շատ են, քան նրանց հետ եղողները»:+ 17 Եվ Եղիսեն աղոթեց. «Ո՜վ Եհովա, խնդրում եմ, բացիր նրա աչքերը, որ տեսնի»:+ Այդ պահին Եհովան բացեց սպասավորի աչքերը, և նա տեսավ, որ Եղիսեի շուրջը՝+ լեռների վրա, անթիվ-անհամար հրե մարտակառքեր ու ձիեր կան:+
18 Երբ ասորիները մոտեցան Եղիսեին, նա աղոթեց Եհովային. «Խնդրում եմ, այս մարդկանց կուրությամբ հարվածիր»:+ Եվ Նա նրանց կուրությամբ հարվածեց, ինչպես որ Եղիսեն խնդրել էր: 19 Այդ ժամանակ Եղիսեն ասաց նրանց. «Սա չէ ճանապարհը, և սա չէ քաղաքը: Իմ հետևից եկեք, և ես կտանեմ ձեզ այն մարդու մոտ, ում փնտրում եք»: Սակայն նրանց տարավ Սամարիա:+
20 Երբ նրանք մտան Սամարիա, Եղիսեն ասաց. «Եհո՛վա, բացիր նրանց աչքերը, որ կարողանան տեսնել»: Եհովան բացեց նրանց աչքերը, և նրանք տեսան, որ Սամարիայում են: 21 Տեսնելով նրանց՝ Իսրայելի թագավորը հարցրեց Եղիսեին. «Սպանե՞մ նրանց, սպանե՞մ, հա՛յր իմ»: 22 Բայց նա ասաց. «Մի՛ սպանիր: Մի՞թե դու սպանում ես նրանց, ում սրով ու աղեղով գերի ես վերցնում: Նրանց հաց ու ջուր տուր, որ ուտեն ու խմեն+ և իրենց տիրոջ մոտ վերադառնան»: 23 Ուստի թագավորը մեծ խնջույք կազմակերպեց նրանց համար: Երբ նրանք կերան-խմեցին, նա թողեց, որ իրենց տիրոջ մոտ գնան: Դրանից հետո ասորիների+ հրոսակախմբերը* այլևս չհարձակվեցին Իսրայելի վրա:
24 Որոշ ժամանակ անց Ասորիքի Բենադադ թագավորը հավաքեց իր ողջ զորքը և գնաց պաշարեց Սամարիան:+ 25 Սամարիայում մեծ սով սկսվեց:+ Քաղաքը պաշարման մեջ պահեցին այնքան երկար, որ էշի գլուխը+ 80 կտոր արծաթ արժեցավ, և երկու բուռ* աղավնու աղբը՝ 5 կտոր արծաթ: 26 Մի անգամ, երբ Իսրայելի թագավորը անցնում էր պարսպի վրայով, մի կին աղաղակելով ասաց նրան. «Տե՜ր իմ թագավոր, օգնի՜ր»: 27 Նա էլ ասաց. «Եթե Եհովան քեզ չի օգնում, ե՞ս ինչպես օգնեմ. մի՞թե կալատեղում* կամ գինու և յուղի հնձանում որևէ բան է մնացել»: 28 Ապա թագավորը հարցրեց. «Ի՞նչ է պատահել»: Նա էլ պատասխանեց. «Այս կինն ինձ ասաց. «Տուր քո որդուն, որ այսօր ուտենք նրան, իսկ իմ որդուն վաղը կուտենք»:+ 29 Իմ որդուն եփեցինք ու կերանք:+ Հաջորդ օրն ասացի նրան. «Հիմա քո որդուն տուր, որ ուտենք»: Բայց նա թաքցրեց նրան»:
30 Լսելով այդ կնոջ խոսքերը՝ թագավորը պատռեց իր հագուստները,+ ու երբ նա անցնում էր պարսպի վրայով, մարդիկ տեսան, որ նա դրանց տակից* քուրձ է հագել: 31 Թագավորն ասաց. «Թող Աստված խստորեն պատժի ինձ,* եթե այսօր Սաֆատի որդի Եղիսեի գլուխը իր վրա մնա»:+
32 Երբ Եղիսեն երեցների հետ նստած էր իր տանը, թագավորը մարդ ուղարկեց, որ իրենից առաջ գնա նրա մոտ: Բայց նախքան պատգամաբերը կգար Եղիսեի մոտ, նա ասաց երեցներին. «Տեսնո՞ւմ եք, մարդասպանի+ որդին մարդ է ուղարկել, որ գլուխս կտրի: Հենց որ պատգամաբերը գա, դուռը փակեք ու պահեք, որ նա ներս չմտնի: Չէ՞ որ նրա հետևից լսվում են նրա տիրոջ ոտնաձայները»: 33 Մինչ նա խոսում էր, պատգամաբերը եկավ: Հետո եկավ թագավորն ու ասաց. «Այս աղետը Եհովայից է: Էլ ինչո՞ւ սպասեմ, որ Եհովան մի բան անի»: