Եսայիա
58 «Կոկորդով մեկ գոռա՛, քեզ մի՛ զսպիր:
Թող ձայնդ եղջերափողի հնչյունների պես բարձր հնչի:
Իմ ժողովրդի առաջ հայտարարի՛ր նրա ըմբոստության մասին,+
Հակոբի տան առաջ՝ նրա մեղքերի մասին:
2 Ամեն օր նրանք փնտրում են իմ առաջնորդությունը,
Ցույց են տալիս, թե սրտանց հետաքրքրված են իմ ուղիներով,
Կարծես թե այնպիսի ազգ են, որն արդարություն էր գործադրում,
Իր Աստծու արդար օրենքներից չէր հեռանում:+
Ինձ խնդրում են, որ արդար դատավճիռներ կայացնեմ,
Ասես իրոք ուզում են մոտ լինել ինձ:+
3 Նրանք ասում են. «Երբ ծոմ ենք պահում, ինչո՞ւ դու չես տեսնում,+
Երբ ճնշում ենք մեզ, ինչո՞ւ ուշադրություն չես դարձնում»:+
Ես էլ կասեմ, թե որն է պատճառը.
«Դուք ծոմ պահելիս ձեր շահն եք փնտրում,
Ձեր աշխատողներին ճնշում եք:+
4 Ձեր ծոմապահությունները կռիվներով ու վեճերով են ավարտվում,
Ինչպես նաև կատաղի բռնցքահարություններով:*
Քանի դեռ այդպես եք ծոմ պահում, չեք կարող ակնկալել, որ ձեր ձայնը կլսվի երկնքում:
5 Մի՞թե ինձ հաճելի ծոմը այսպիսին պետք է լինի,
Որ մարդը ինքն իրեն ճնշի,
Կնյունի* պես իր գլուխը խոնարհի,
Քրձի ու մոխրի մեջ պառկի:
Դուք սա ծոմապահությո՞ւն եք անվանում,
Եհովային ընդունելի օ՞ր եք կոչում:
6 Ո՛չ, ինձ հաճելի ծոմապահությունն այն է,
Որ արձակեք անօրինաբար դրված ոտնաշղթաները,
Քանդեք լծի կապանքները,+
Որ կեղեքվածներին ազատեք,+
Ամեն լուծ կոտրեք,
7 Որ քաղցածի հետ կիսեք ձեր հացը,+
Աղքատ ու անտուն մարդուն ձեր տուն բերեք,
Որ շոր չունեցող մարդ տեսնելիս նրան հագցնեք+
Եվ ձեր եղբորից երես չթեքեք:
Արդարությունը կգնա ձեր առջևից,
Ու Եհովայի փառքը կպաշտպանի ձեզ թիկունքից:+
9 Դուք կկանչեք, ու Եհովան կպատասխանի,
Նրան օգնության կկանչեք, և նա կասի. «Ես կօգնեմ ձեզ»:
Եթե ձեր միջից վերացնեք կեղեքման լուծը,
Դադարեք մարդկանց մատով ցույց տալ,* չարամիտ բաներ ասել,+
10 Եթե քաղցածին տաք այն, ինչ դուք եք ցանկանում,+
Ու հոգ տանեք կեղեքվածների մասին,
Այդ ժամանակ ձեր լույսը կշողա անգամ մթության մեջ,
Եվ ձեզ շրջապատող խավարը կեսօրվա պես կլուսավորվի:+
Դուք նման կլինեք առատորեն ոռոգվող պարտեզի,+
Երբեք չցամաքող աղբյուրի:
12 Հանուն ձեզ՝ կվերաշինվեն վաղեմի ավերակները,+
Դուք կկանգնեցնեք սերնդեսերունդ ավերակ մնացած հիմքերը:+
Ձեզ կկոչեն քանդված պարիսպները նորոգող, ճանապարհները վերականգնող,+
Ճանապարհներ, որոնց մոտակայքում մարդիկ կբնակվեն:
13 Եթե Շաբաթը պահեք ու իմ սուրբ օրը ձեր անձնական շահերին հետամուտ չլինեք,+
Եթե Շաբաթը համարեք անսահման ուրախության օր՝ Եհովային նվիրված փառավոր սուրբ օր,+
Եթե պատվեք այն և ձեր շահի հետևից չընկնեք, դատարկ բաներ չխոսեք,
14 Այդ ժամանակ ես՝ Եհովաս, ձեզ համար անսահման ուրախության աղբյուր կլինեմ,
Երկրի բարձրաբերձ տեղերը ձեր ոտքերի տակ կդնեմ,+
Թույլ կտամ, որ ձեր նախահայր Հակոբին տրված ժառանգությունը վայելեք,+
Որովհետև ես՝ Եհովաս, իմ բերանով եմ դա ասել»»: