Մատթեոս
17 Վեց օր անց Հիսուսը Պետրոսին, Հակոբոսին ու նրա եղբայր Հովհաննեսին իր հետ տարավ մի բարձր սար, որտեղ ուրիշ ոչ ոք չկար:+ 2 Այնտեղ նա այլակերպվեց նրանց առաջ. նրա երեսը արևի պես սկսեց փայլել, իսկ վերնահագուստը դարձավ լույսի պես պայծառ:*+ 3 Եվ ահա նրանց երևացին Մովսեսն ու Եղիան, ովքեր խոսում էին Հիսուսի հետ: 4 Պետրոսն ասաց Հիսուսին. «Տե՛ր, մեզ համար պատիվ է, որ այստեղ ենք: Կուզե՞ս երեք վրան կանգնեցնեմ. մեկը՝ քեզ համար, մեկը՝ Մովսեսի, մյուսն էլ՝ Եղիայի»: 5 Երբ նա դեռ խոսում էր, նրանց գլխավերևում մի լուսավոր ամպ հայտնվեց, և մի ձայն լսվեց ամպի միջից. «Սա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ հավանությունը:+ Լսե՛ք նրան»:+ 6 Դա լսելով՝ աշակերտները շատ վախեցան և ծնկի գալով՝ մինչև գետին խոնարհվեցին: 7 Այդ ժամանակ Հիսուսը մոտեցավ, դիպավ նրանց ու ասաց. «Վե՛ր կացեք: Մի՛ վախեցեք»: 8 Վեր նայելով՝ նրանք տեսան, որ Հիսուսից բացի ուրիշ ոչ ոք չկա: 9 Երբ սարից իջնում էին, Հիսուսը նրանց կարգադրեց. «Ոչ ոքի չպատմեք այս տեսիլքի մասին, մինչև մարդու Որդին հարություն չառնի»:+
10 Աշակերտները նրան հարցրին. «Ինչո՞ւ են Օրենքի ուսուցիչներն* ասում, թե նախ Եղիան պետք է գա»:+ 11 Նա էլ պատասխանեց. «Եղիան իրոք գալիս է ու ամեն բան կվերականգնի:+ 12 Բայց ասում եմ ձեզ. Եղիան արդեն եկել է, սակայն նրան չճանաչեցին և նրա հետ վարվեցին, ինչպես ուզեցին:+ Այդպես էլ մարդու Որդին է նրանց ձեռքով տանջանքների ենթարկվելու»:+ 13 Այդ ժամանակ աշակերտները հասկացան, որ Հովհաննես Մկրտչի մասին է խոսում:
14 Երբ նրանք վերադարձան ժողովրդի մոտ,+ մի մարդ մոտեցավ Հիսուսին, ծնկի եկավ նրա առաջ ու ասաց. 15 «Տե՛ր, գթա իմ որդուն, նա հիվանդ է. ընկնավորությամբ է տառապում ու մե՛կ կրակի մեջ է ընկնում, մե՛կ ջրի:+ 16 Նրան բերեցի քո աշակերտների մոտ, բայց չկարողացան բուժել»: 17 Հիսուսն ասաց. «Ո՛վ անհավատ ու ապականված սերունդ,+ դեռ ինչքա՞ն պետք է ձեզ հետ մնամ, ինչքա՞ն պետք է հանդուրժեմ ձեզ: Ինձ մոտ բերեք տղային»: 18 Ապա դևին սաստելով՝ հանեց նրան տղայի միջից, և հենց այդ պահին տղան բուժվեց:+ 19 Դրանից հետո աշակերտներն առանձին մոտեցան Հիսուսին ու ասացին. «Ինչո՞ւ մենք չկարողացանք նրան հանել»: 20 Հիսուսն ասաց. «Քանի որ շատ քիչ հավատ ունեք: Հավաստիացնում եմ ձեզ, եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք, այս սարին կասեք՝ «Այստեղից այնտեղ տեղափոխվիր», ու կտեղափոխվի, և ոչինչ անկարելի չի լինի ձեզ համար»:+ 21 ....*
22 Երբ Հիսուսը աշակերտների հետ Գալիլեայում էր, նրանց ասաց. «Մարդու Որդին պետք է մատնվի և իր թշնամիների ձեռքը հանձնվի:+ 23 Նրան կսպանեն, բայց երրորդ օրը նա հարություն կառնի»:+ Դա լսելով՝ աշակերտները շատ տխրեցին:
24 Երբ եկան Կափառնայում, տաճարի հարկ* գանձողները մոտեցան Պետրոսին ու ասացին. «Ձեր ուսուցիչը տաճարի հարկը չի վճարո՞ւմ»:+ 25 Նա պատասխանեց. «Վճարում է»: Բայց երբ տուն մտավ, մինչ կխոսեր, Հիսուսը նրան ասաց. «Սիմո՛ն, ի՞նչ ես կարծում, թագավորները ումի՞ց են տուրք ու գլխահարկ վերցնում՝ իրենց որդիների՞ց, թե՞ ուրիշներից»: 26 Նա պատասխանեց. «Ուրիշներից»: Հիսուսն էլ ասաց. «Նշանակում է՝ որդիներն ազատված են հարկերից: 27 Բայց որպեսզի նրանց վրդովվելու առիթ չտանք,+ գնա ծովը, կարթը գցիր ու երբ դուրս եկած առաջին իսկ ձկան բերանը բացես, այնտեղ մի արծաթադրամ* կգտնես: Այն տար և նրանց տուր իմ ու քո տեղը»: