Ղևտական
9 Ութերորդ օրը+ Մովսեսը կանչեց Ահարոնին, նրա որդիներին ու Իսրայելի երեցներին: 2 Նա ասաց Ահարոնին. «Քեզ համար վերցրու մի անարատ հորթ մեղքի զոհի համար+ ու մի անարատ արու ոչխար ողջակեզի համար և Եհովայի առաջ մատուցիր դրանք: 3 Իսկ իսրայելացիներին ասա. «Մեղքի զոհի համար բերեք մի արու այծ, ողջակեզի համար՝ մի հորթ ու մի արու գառ, երկուսն էլ՝ մեկ տարեկան, առանց արատի: 4 Խաղաղության զոհերի համար բերեք մի ցուլ և մի արու ոչխար,+ որ դրանք մատուցեք Եհովայի առաջ, բերեք նաև յուղով պատրաստված հացի ընծա:+ Այսօր Եհովան հայտնվելու է ձեզ»»:+
5 Մովսեսի պատվիրած ամեն բան նրանք բերեցին հանդիպման վրանի առաջ: Հետո ողջ ժողովուրդը մոտ եկավ ու կանգնեց Եհովայի առաջ: 6 Մովսեսն ասաց. «Դա էր պատվիրել Եհովան, որ անեք, որպեսզի Եհովան իր փառքը ցույց տա ձեզ»:+ 7 Հետո Մովսեսն ասաց Ահարոնին. «Մոտեցիր զոհասեղանին, մատուցիր քո մեղքի զոհն+ ու ողջակեզը և քավություն արա քեզ համար+ ու քո տան համար, նաև մատուցիր ժողովրդի զոհը+ և քավություն արա նրանց համար,+ ճիշտ ինչպես Եհովան պատվիրել է»:
8 Ահարոնն անմիջապես մոտեցավ զոհասեղանին ու մորթեց հորթը, որ բերվել էր որպես մեղքի զոհ իր մեղքերի համար:+ 9 Այնուհետև Ահարոնի որդիներն արյունը+ բերեցին նրա մոտ, և նա մատը թաթախեց արյան մեջ ու քսեց զոհասեղանի եղջյուրներին, իսկ մնացած արյունը լցրեց զոհասեղանի հիմքի մոտ:+ 10 Մեղքի զոհի համար մորթված կենդանու ճարպը, երիկամները, լյարդի վրայի ճարպոտ մասը նա այրեց զոհասեղանի վրա, ճիշտ ինչպես Եհովան պատվիրել էր Մովսեսին:+ 11 Իսկ միսն ու կաշին տարավ ճամբարից դուրս ու այնտեղ այրեց:+
12 Հետո Ահարոնը մորթեց ողջակեզի համար բերված կենդանին: Ահարոնի որդիները արյունը բերեցին նրա մոտ, և նա այն շաղ տվեց զոհասեղանի բոլոր կողապատերին:+ 13 Ապա նրան տվեցին ողջակեզի կենդանու կտորներն ու գլուխը, և նա զոհասեղանի վրա այրեց դրանք: 14 Հետո լվաց փորոտիքն ու սրունքները և ողջակեզի մյուս կտորների հետ այրեց զոհասեղանի վրա:
15 Այնուհետև մատուցեց ժողովրդի զոհը. վերցրեց որպես մեղքի զոհ բերված արու այծը, որը ժողովրդի մեղքերի համար էր, մորթեց այն և մատուցեց այնպես, ինչպես առաջին մեղքի զոհը: 16 Հետո մատուցեց ողջակեզը՝ ամեն բան անելով սահմանված արարողակարգի համաձայն:+
17 Բացի առավոտյան+ մատուցված ողջակեզից՝ նա մատուցեց նաև հացի ընծան.+ դրանից մի բուռ վերցրեց և այրեց զոհասեղանի վրա:
18 Ապա Ահարոնը մորթեց ցուլն ու արու ոչխարը, որոնք պետք է մատուցվեին ժողովրդի համար որպես խաղաղության զոհ: Ահարոնի որդիները արյունը նրա մոտ բերեցին, և նա այն շաղ տվեց զոհասեղանի բոլոր կողապատերին:+ 19 Ցլի ճարպը, արու ոչխարի դմակը, փորի ճարպը, երիկամներն ու լյարդի վրայի ճարպոտ մասը+ 20 դրեցին կրծքամասերի վրա: Դրանից հետո Ահարոնը ճարպի կտորներն այրեց զոհասեղանի վրա:+ 21 Իսկ կրծքամասերն ու աջ ոտքերը Ահարոնը տարուբերեց՝ երերացնելու ընծա մատուցելով Եհովային, ճիշտ ինչպես Մովսեսը պատվիրել էր:+
22 Այնուհետև Ահարոնն իր ձեռքերը մեկնեց դեպի ժողովուրդը, նրանց օրհնեց+ և մեղքի զոհը, ողջակեզն ու խաղաղության զոհերը մատուցելուց հետո ցած իջավ զոհասեղանի մոտից: 23 Մովսեսն ու Ահարոնը մտան հանդիպման վրան, ապա դուրս եկան և օրհնեցին ժողովրդին:+
Այդ ժամանակ Եհովայի փառքը երևաց ամբողջ ժողովրդին,+ 24 ու Եհովայից կրակ եկավ+ և կլանեց զոհասեղանի վրայի ողջակեզն ու ճարպի կտորները: Այդ ամենը տեսնելով՝ ժողովուրդն աղաղակեց ու ծնկի գալով՝ մինչև գետին խոնարհվեց:+