Երկրորդ Օրենք
8 «Դուք պետք է ճշգրտորեն պահեք բոլոր պատվիրանները, որ ես այսօր փոխանցում եմ ձեզ, որպեսզի ապրեք,+ շատանաք ու գնաք տիրանաք այն երկրին, որի մասին Եհովան երդում է տվել ձեր նախահայրերին:+ 2 Հիշեք այն երկար ճանապարհը, որով ձեր Աստված Եհովան տարավ ձեզ անապատի միջով այս 40 տարիների ընթացքում,+ որ ձեզ խոնարհություն սովորեցնի, ստուգի ձեզ,+ իմանա՝ ինչ կա ձեր սրտում,+ տեսնի՝ կպահեք իր պատվիրանները, թե ոչ: 3 Նա խոնարհություն սովորեցրեց ձեզ՝ թողնելով, որ քաղցած լինեք,+ կերակրելով ձեզ մանանայով,+ որը ո՛չ ձեզ էր ծանոթ, ո՛չ էլ ձեր հայրերին: Այդպես արեց, որպեսզի իմանաք, որ մարդ միայն հացով չի ապրում, այլ Եհովայի բերանից դուրս եկող ամեն խոսքով:+ 4 Այս 40 տարիների ընթացքում ո՛չ ձեր հագուստն է մաշվել, ո՛չ էլ ձեր ոտքերն են ուռել:+ 5 Եվ սրտի խորքում դուք լավ գիտեք, որ ձեր Աստված Եհովան խրատել է ձեզ այնպես, ինչպես հայրը՝ որդուն:+
6 Պահեք ձեր Աստված Եհովայի պատվիրանները. գնացեք նրա ճանապարհով ու վախեցեք նրանից: 7 Չէ՞ որ ձեր Աստված Եհովան ձեզ լավ երկիր է տանում՝+ գետերով հարուստ մի երկիր, որտեղ հարթավայրերում ու լեռնային շրջաններում աղբյուրներ են բխում, և գետնի տակից ջրեր են ցայտում: 8 Դա մի երկիր է, որտեղ կա առատ ցորեն, գարի, խաղող, թուզ, նուռ,+ ձիթապտղի յուղ ու մեղր:+ 9 Այնտեղ սննդի պակաս չի լինի, և ոչնչի կարիք չեք ունենա, այնտեղի քարերը երկաթ են պարունակում, իսկ լեռներից կարող եք պղինձ հանել:
10 Երբ ուտեք ու կշտանաք, փառք տվեք ձեր Աստված Եհովային, որ ձեզ այդպիսի լավ երկիր է տվել:+ 11 Զգույշ եղեք, որ չլինի թե մոռանաք ձեր Աստված Եհովային ու չպահեք նրա պատվիրանները, օրենքներն ու կանոնները, որ ես այսօր տալիս եմ ձեզ: 12 Երբ ուտեք ու կշտանաք, գեղեցիկ տներ կառուցեք ու ապրեք այնտեղ,+ 13 երբ ձեր նախիրներն ու հոտերը մեծաքանակ դառնան, ձեր արծաթն ու ոսկին շատանան, և դուք ամեն ինչ առատությամբ ունենաք, 14 այդ ժամանակ զգույշ եղեք, որ ձեր սիրտը չհպարտանա,+ և չմոռանաք ձեր Աստված Եհովային, ով հանեց ձեզ Եգիպտոսից՝ ձեր ստրկության երկրից,+ 15 ով առաջնորդեց ձեզ մեծ ու զարհուրելի, չոր ու անջուր անապատի միջով,+ որը լի էր թունավոր օձերով ու կարիճներով, ով ձեզ համար ջուր հանեց կարծր* ժայռից,+ 16 անապատում կերակրեց ձեզ մանանայով,+ որն անծանոթ էր ձեր հայրերին: Նա այդպես արեց, որ ստուգի ձեզ և խոնարհություն սովորեցնի,+ ինչը ձեր ապագա բարօրությանն էր ծառայելու:+ 17 Եթե ձեր մտքով անցնի, թե ձեր ուժով ու ձեռքի աշխատանքով եք տեր դարձել այդ հարստությանը,+ 18 հիշեք, որ ձեր Աստված Եհովան է ձեզ ուժ տալիս, որ հարստություն ձեռք բերեք.+ այդպիսով նա պահում է ձեր նախահայրերի հետ երդումով կապած իր ուխտը:+ Մինչ օրս էլ այդպես է անում:
19 Եթե երբևէ մոռանաք ձեր Աստված Եհովային և ուրիշ աստվածների պաշտեք, նրանց ծառայեք ու նրանց առաջ խոնարհվեք, ապա այսօր զգուշացնում եմ ձեզ՝ դուք անշուշտ կկործանվեք:+ 20 Եթե չհնազանդվեք ձեր Աստված Եհովային, կվերանաք այն ազգերի պես, որոնց Եհովան կործանում է ձեր առաջ»:+