Երկրորդ Օրենք
26 «Երբ ի վերջո մտնեք այն երկիրը, որը ձեր Աստված Եհովան տալու է ձեզ որպես ժառանգություն, տիրանաք դրան ու բնակվեք այնտեղ, 2 վերցրեք ձեր հողի առաջին բերքից, որ կհավաքեք ձեր Աստված Եհովայի տված երկրում, դրեք զամբյուղի մեջ ու գնացեք այն տեղը, որը ձեր Աստված Եհովան կընտրի իր անվան համար:+ 3 Գնացեք այդ օրերին ծառայող քահանայի մոտ և ասեք նրան. «Ես այսօր եկել եմ շնորհակալություն հայտնելու մեր Աստված Եհովային, քանի որ արդեն ապրում եմ այն երկրում, որը Եհովան մեր նախահայրերին երդվել էր մեզ տալ»:+
4 Քահանան զամբյուղը կվերցնի ձեր ձեռքից ու կդնի ձեր Աստված Եհովայի զոհասեղանի առաջ: 5 Եվ դուք կասեք ձեր Աստված Եհովայի առաջ. «Մեր հայրը քոչվոր արամեացի էր:+ Նա գնաց Եգիպտոս+ ու իր փոքրաթիվ ընտանիքով բնակվեց այնտեղ որպես պանդուխտ:+ Այնտեղ նա մեծ ազգ դարձավ՝ հզոր ու մեծաթիվ:+ 6 Բայց եգիպտացիները մեզ վատ էին վերաբերվում, ճնշում էին ու ստիպում տաժանակիր ստրկական աշխատանք կատարել:+ 7 Ուստի սկսեցինք օգնության կանչել մեր նախահայրերի Աստված Եհովային, ու Եհովան լսեց մեր ձայնը և ուշադրություն դարձրեց մեր կրած տառապանքին, նեղությանն ու կեղեքումներին:+ 8 Ի վերջո Եհովան զորավոր ձեռքով ու հզոր* բազկով,+ ահազդու գործերով, նշաններով և հրաշքներով հանեց մեզ Եգիպտոսից:+ 9 Հետո մեզ այս վայրը բերեց ու այս երկիրը մեզ տվեց՝ մի երկիր, որտեղ կաթ ու մեղր է հոսում:+ 10 Եվ հիմա ես բերել եմ Եհովայի տված երկրի առաջին բերքից»:+
Զամբյուղը պետք է դնեք ձեր Աստված Եհովայի առաջ և խոնարհվեք ձեր Աստված Եհովայի առաջ: 11 Այդ ժամանակ դուք կուրախանաք այն բոլոր բարիքների համար, որ ձեր Աստված Եհովան տվել է ձեզ ու ձեր ընտանիքին: Կուրախանաք ինչպես դուք, այնպես էլ ձեզ մոտ ապրող ղևտացին ու պանդուխտը:+
12 Երրորդ տարում՝ տասանորդը վճարելու տարում, երբ առանձնացնեք ձեր ողջ բերքի տասներորդ մասը,+ այն կտաք ձեր քաղաքներում ապրող ղևտացուն, պանդուխտին, որբին* և այրուն, որ նրանք էլ ուտեն ու կշտանան:+ 13 Ապա ձեր Աստված Եհովային կասեք. «Առանձնացված* բաժինը իմ տնից հանել ու տվել եմ ղևտացուն, պանդուխտին, որբին և այրուն,+ ճիշտ ինչպես դու պատվիրել ես: Ես չեմ խախտել ու չեմ արհամարհել քո պատվիրանները: 14 Դրանից չեմ կերել վշտիս օրերին, անմաքուր ժամանակ էլ չեմ դիպել դրան և դրանից չեմ օգտագործել մահացածի հետ կապված որևէ բանի համար: Ո՛վ իմ Աստված Եհովա, ես լսել եմ քեզ ու արել այն ամենը, ինչ պատվիրել ես ինձ: 15 Եվ հիմա նայիր քո սուրբ բնակավայրից՝ երկնքից, օրհնիր Իսրայելին՝ քո ժողովրդին, և այն երկիրը, որը տվել ես մեզ,+ ինչպես որ երդվել էիր մեր նախահայրերին.+ մի երկիր, որտեղ կաթ ու մեղր է հոսում»:+
16 Հիմա ձեր Աստված Եհովան պատվիրում է ձեզ պահել այս կանոններն ու օրենքները: Պահեք ու կատարեք դրանք ձեր ամբողջ սրտով+ ու ամբողջ հոգով: 17 Այսօր դուք Եհովայից հավաստիացում ստացաք, որ նա ձեր Աստվածը կլինի, եթե գնաք նրա ճանապարհով, պահեք նրա կանոնները,+ պատվիրաններն+ ու օրենքները+ և հնազանդվեք նրան: 18 Եհովան էլ ձեզանից հավաստիացում ստացավ, որ կպահեք իր բոլոր պատվիրանները և իր ժողովուրդը՝ իր հատուկ* սեփականությունը կլինեք,+ ինչպես և նա խոստացել է: 19 Այդ դեպքում նա, իր խոստման համաձայն, ձեզ բարձր կդասի իր ստեղծած մյուս բոլոր ազգերից+ և գովաբանության, փառքի ու հռչակի կարժանացնի ձեզ, քանի դեռ դուք ձեր Աստված Եհովայի սուրբ ժողովուրդն եք»:+