Անգե
1 Դարեհ թագավորի իշխանության երկրորդ տարում՝ վեցերորդ ամսվա առաջին օրը, Եհովան Անգե*+ մարգարեի միջոցով իր խոսքը հաղորդեց Սաղաթիելի որդի Զորաբաբելին՝+ Հուդայի կառավարչին, և Հեսու քահանայապետին՝ Հովսեդեկի որդուն.
2 «Ահա Զորքերի տեր Եհովայի խոսքը. «Այս ժողովուրդն ասում է. «Դեռ ժամանակը չէ, որ Եհովայի տունը* կառուցվի»»»:*+
3 Եհովան շարունակեց իր խոսքը՝ Անգեի+ միջոցով ասելով. 4 «Իսկ ժամանա՞կն է, որ դուք բնակվեք գեղեցիկ բնափայտով հարդարված տներում, երբ այս տունը ավերակ է:+ 5 Եվ ուրեմն Զորքերի տեր Եհովան ասում է. «Լա՛վ մտածեք, թե ուր է տանում ձեր բռնած ճանապարհը: 6 Շատ սերմ եք ցանում, բայց քիչ բերք եք հավաքում:+ Ուտելիք ունեք, բայց ոչ այնքան, որ կշտանաք: Խմելու բան ունեք, բայց ոչ այնքան, որ հագենաք: Հագուստ ունեք, բայց ձեր ունեցածը ձեզ չի տաքացնում: Վարձու աշխատողը իր վաստակածը ծակ քսակի մեջ է դնում»:
7 Զորքերի տեր Եհովան ասում է. «Լա՛վ մտածեք, թե ուր է տանում ձեր բռնած ճանապարհը:
8 Լե՛ռը բարձրացեք և փայտանյո՛ւթ բերեք:+ Կառուցե՛ք իմ տունը,+ որ ուրախանամ դրանով ու փառավորվեմ,+– ասում է Եհովան:–
9 Մեծ սպասելիքներ ունեք, բայց քիչ բան եք ստանում: Ու երբ ձեր ստացածը տուն եք տանում, ես այն քամու բերանն եմ տալիս:*+ Եվ ինչի՞ համար,– ասում է Զորքերի տեր Եհովան:– Որովհետև իմ տունն ավերակ է, մինչդեռ ձեզնից յուրաքանչյուրն իր տան համար է վազվզում:+ 10 Այդ պատճառով երկինքը հետ է պահում իր ցողը, և երկիրը՝ իր բերքը: 11 Ես երաշտ եմ բերում, որ հարվածի երկրին, լեռներին, հացահատիկին, գինուն, յուղին, հողից բուսնող ամեն ինչին, մարդուն, անասուններին և ձեր ձեռքի բոլոր գործերին»»:
12 Սաղաթիելի+ որդի Զորաբաբելը,+ Հովսեդեկի+ որդի Հեսու քահանայապետը և ողջ ժողովուրդը ականջ դրեցին իրենց Աստված Եհովայի ձայնին և Անգե մարգարեի խոսքերին, քանի որ իրենց Աստված Եհովան էր նրան ուղարկել: Ժողովուրդը ակնածալից վախով լցվեց Եհովայի հանդեպ:
13 Դրանից հետո Եհովայի պատգամաբերը՝ Անգեն, Եհովայի հանձնարարությամբ ժողովրդին հաղորդեց այս խոսքերը. ««Ես ձեզ հետ եմ»,+– ասում է Եհովան»:
14 Եհովան ոգեշնչեց*+ Սաղաթիելի որդի Զորաբաբելին՝ Հուդայի կառավարչին,+ Հեսու քահանայապետին՝+ Հովսեդեկի որդուն, ու ողջ ժողովրդին, և նրանք աշխատանքներ սկսեցին իրենց Աստծու՝ Զորքերի տեր Եհովայի տանը:+ 15 Դա եղավ Դարեհ թագավորի իշխանության երկրորդ տարում՝ վեցերորդ ամսվա 24-րդ օրը:+