9 Հոբը պատասխանեց.
2 «Ես իսկապես գիտեմ, որ դա այդպես է:
Բայց մահկանացու մարդն ինչպե՞ս կարող է ճիշտ լինել,
Երբ դատի մեջ մտնի Աստծու հետ:+
3 Եթե ցանկանա նրա հետ վիճաբանել,+
Նրա հազար հարցերից մեկին անգամ չի կարողանա պատասխանել:
4 Աստված իմաստուն է և անչափ զորեղ:+
Ո՞վ կարող է նրան ընդդիմանալ ու անվնաս մնալ:+
5 Նա տեղահան է անում լեռները առանց որևէ մեկի իմացության,
Տապալում է դրանք իր բարկությամբ:
6 Տեղից ցնցում է երկիրը,
Այնպես որ դղրդում են դրա հենասյուները:+
7 Նա հրամայում է, որ չշողա արևը,
Կնիք դնելով՝ փակում է աստղերի լույսը:+
8 Երկինքը մենակ է տարածում,+
Ծովի բարձր ալիքների վրայով է քայլում:+
9 Նա ստեղծել է Աշ, Կեսիլ, Կիմա համաստեղությունները+
Եվ հարավի համաստեղությունները:
10 Նա անում է մեծ ու անըմբռնելի բաներ,+
Սքանչելի բաներ, որ հնարավոր չէ հաշվել:+
11 Նա անցնում է իմ կողքով, բայց ես նրան չեմ տեսնում,
Անցնում-գնում է, բայց ես նրան չեմ ճանաչում:
12 Երբ մի բան է խլում, ո՞վ կարող է նրան դիմադրել:
Ո՞վ կարող է նրան ասել. «Այդ ի՞նչ ես անում»:+
13 Աստված չի զսպի իր զայրույթը:+
Նրա առաջ կխոնարհվեն անգամ ռախաբի+ աջակիցները:
14 Ուրեմն որքան առավել ե՛ս պետք է զգույշ լինեմ նրան պատասխանելիս,
Զգուշությամբ ընտրեմ խոսքերս նրան առարկելիս:
15 Թե ճիշտ էլ լինեի, չէի պատասխանի,+
Իմ դատավորից միայն գթություն կաղերսեի:
16 Եթե կանչեմ նրան, մի՞թե նա ինձ կպատասխանի,
Չեմ հավատում, որ իմ ձայնին ականջ կդնի:
17 Նա ինձ հողմակոծում է,
Առանց պատճառի վերքերս ավելացնում է:+
18 Չի թողնում, որ շունչ քաշեմ,
Անընդհատ չարիքներ է գլխիս թափում:
19 Եթե հարցը ուժն է, ապա ուժեղը նա է,+
Իսկ եթե արդարությունն է, ապա նա կասի. «Ո՞վ կարող է ինձնից հաշիվ պահանջել»:
20 Թե ճիշտ էլ լինեի, միևնույն է, իմ բերանով ինձ կդատապարտեի,
Թե անարատ էլ լինեի, նա ինձ մեղավոր կճանաչեր:
21 Եթե անգամ անարատությունս պահեմ, վստահ չեմ՝ ինչ է ինձ սպասում,
Այսպիսի կյանք ես չեմ ուզում:
22 Չկա ոչ մի տարբերություն: Դրա համար էլ ասում եմ.
«Անմեղին էլ, անօրենին էլ նա կործանում է»:
23 Եթե հանկարծահաս ջրհեղեղը մահ բերի,
Նա անմեղների հուսահատության վրա կծիծաղի:
24 Երկիրը հանձնվել է անօրենների ձեռքը,+
Նա փակում է դատավորների աչքերը:
Եթե ոչ նա, ապա էլ ո՞վ:
25 Օրերս վազորդից էլ արագ են սլանում,+
Սրընթաց անցնում-գնում են, և ես բարիք չեմ տեսնում:
26 Եղեգնյա նավակի պես սահում-անցնում են,
Դեպի իր որսը նետվող արծվի պես սուրում են:
27 Եթե ասեմ՝ «Դարդս կմոռանամ,
Դեմքիս արտահայտությունը կփոխեմ, զվարթ կլինեմ»,
28 Միևնույն է, ցավերիս վախը ինձ հանգիստ չի թողնի.+
Ես գիտեմ, որ նա ինձ անմեղ չի համարի:
29 Եթե մեղավոր եմ ճանաչվելու,
Էլ ինչո՞ւ եմ իզուր պայքարում:+
30 Եթե հալվող ձյան ջրով լվացվեի
Եվ ձեռքերս մոխրաջրով մաքրեի,+
31 Նա ինձ ցեխոտ փոսի մեջ կընկղմեր,
Այնպես որ անգամ հագուստս ինձնից կգարշեր:
32 Նա ինձ պես մարդ չէ, որ պատասխանեմ նրան,
Եվ որ իրար հետ գնանք դատարան:+
33 Չկա մեկը, որ կարողանա մեր միջև դատ տեսնել,
Որ կարողանա մեր դատավորը լինել:
34 Եթե նա իր հարվածները դադարեցներ
Եվ սարսափելի բաներով ինձ չահաբեկեր,+
35 Այդժամ նրա հետ կխոսեի անվախորեն,
Քանի որ նրա հետ վախով խոսելու պատճառ չունեմ»: