1 Սամուել
28 Այդ օրերին փղշտացիները հավաքեցին իրենց զորքերը, որ պատերազմեն Իսրայելի դեմ:+ Ուստի Անքուսն ասաց Դավթին. «Իհարկե, դու գիտես, որ դու և քո մարդիկ պետք է պատերազմի գաք ինձ հետ»:+ 2 Դավիթը պատասխանեց Անքուսին. «Դու լավ գիտես, թե քո ծառան ինչ է անելու»: Անքուսն էլ ասաց Դավթին. «Այո՛, դրա համար էլ քեզ կնշանակեմ իմ մշտական թիկնապահ»:+
3 Այդ ժամանակ Սամուելն արդեն մահացել էր, և բոլոր իսրայելացիները նրա համար սուգ էին արել ու նրան թաղել էին իր քաղաքում՝ Ռամայում:+ Սավուղը երկրից հեռացրել էր ոգեհարցներին և գուշակներին:+
4 Փղշտացիները հավաքվեցին, գնացին Սունամ+ ու բանակ դրեցին այնտեղ: Սավուղն էլ հավաքեց բոլոր իսրայելացիներին ու բանակ դրեց Գելբուե լեռան վրա:+ 5 Տեսնելով փղշտացիների բանակը՝ Սավուղը վախեցավ, և նրա սիրտը դող ընկավ:+ 6 Թեև նա Եհովայից առաջնորդություն էր խնդրում,+ սակայն Եհովան երբեք չէր պատասխանում նրան ո՛չ երազներով, ո՛չ ուրիմով*+ և ո՛չ էլ մարգարեների միջոցով: 7 Ի վերջո Սավուղն ասաց իր ծառաներին. «Ինձ համար մի ոգեհարց կին գտեք,+ որ գնամ ու խորհուրդ հարցնեմ նրանից»: Ծառաներն էլ ասացին. «Ենդորում+ մի ոգեհարց կին կա»:
8 Սավուղը քողարկվեց՝ ուրիշ հագուստ հագնելով, և իր երկու մարդկանց հետ գիշերով գնաց այդ կնոջ մոտ: Նա ասաց. «Ոգեհարցության միջոցով գուշակություն արա,+ խնդրում եմ, և կանչիր նրան, ում որ ասեմ»: 9 Բայց կինն ասաց նրան. «Դու լավ գիտես, թե ինչ է արել Սավուղը. ոգեհարցներին ու գուշակներին հեռացրել է երկրից:+ Ուրեմն ինչո՞ւ ես փորձում ինձ* ծուղակը գցել, ուզում ես սպանե՞լ տալ»:+ 10 Սավուղն էլ Եհովայով երդվեց՝ ասելով. «Երդվում եմ Եհովայի գոյությամբ. այս հարցում դու մեղավոր չես համարվի»: 11 Այդ ժամանակ կինը հարցրեց. «Ո՞ւմ կանչեմ քեզ համար»: Նա էլ պատասխանեց. «Սամուելի՛ն»: 12 Տեսնելով «Սամուելին»՝*+ կինը բարձր ձայնով բղավեց և Սավուղին ասաց. «Ինչո՞ւ ինձ խաբեցիր, դու Սավո՛ւղն ես»: 13 Բայց թագավորն ասաց նրան. «Մի՛ վախեցիր: Ասա՛, ի՞նչ ես տեսնում»: Կինն էլ պատասխանեց. «Տեսնում եմ աստծու նման մեկին, որ դուրս է գալիս գետնի տակից»: 14 Սավուղն անմիջապես հարցրեց. «Ի՞նչ տեսք ունի»: Կինը պատասխանեց. «Մի ծեր մարդ է բարձրանում, հագին՝ անթև վերնահագուստ»:+ Այդ ժամանակ Սավուղը հասկացավ, որ դա «Սամուելն» է: Նա ծնկի եկավ ու մինչև գետին խոնարհվեց:
15 «Սամուելը» հարցրեց Սավուղին. «Ինչո՞ւ ինձ կանչեցիր ու անհանգստացրիր»: Սավուղը պատասխանեց. «Ես ծանր դրության մեջ եմ. փղշտացիները կռվում են իմ դեմ, իսկ Աստված հեռացել է ինձանից և այլևս չի պատասխանում ո՛չ մարգարեների, ո՛չ էլ երազների միջոցով:+ Դրա համար էլ կանչել եմ քեզ, որ ասես, թե ինչ անեմ»:+
16 «Սամուելն» ասաց. «Եթե Եհովան հեռացել է քեզանից+ ու քո հակառակորդն է դարձել, էլ ինչո՞ւ ես ինձ հարցնում: 17 Եհովան անելու է այն, ինչ նախապես հայտնել է իմ միջոցով: Եհովան քո ձեռքից խլելու է թագավորությունը և տալու է քո դրացուն՝ Դավթին:+ 18 Դու չհնազանդվեցիր Եհովային ու չբնաջնջեցիր ամաղեկացիներին, որոնք բորբոքել էին նրա բարկությունը,+ այդ պատճառով Եհովան այսօր քեզ հետ այդպես է վարվում: 19 Դեռ ավելին՝ Եհովան քեզ ու Իսրայելին փղշտացիների+ ձեռքն է մատնելու, և վաղը դու+ և քո որդիները+ ինձ հետ եք լինելու: Եհովան նաև Իսրայելի ամբողջ զորքն է փղշտացիների ձեռքը մատնելու»:+
20 Լսելով «Սամուելի» խոսքերը՝ Սավուղը շատ վախեցավ և հենց այդ պահին հասակով մեկ փռվեց գետնին: Նա ուժասպառ էր եղել, որովհետև մի ամբողջ օր ու մի ամբողջ գիշեր հաց չէր կերել: 21 Երբ կինը մոտեցավ Սավուղին ու տեսավ, որ նա խիստ տագնապած է, ասաց. «Աղախինդ հնազանդվեց քեզ. ես կյանքս վտանգեցի+ և արեցի քո ասածը: 22 Հիմա, խնդրում եմ, լսիր քո աղախնին. թույլ տուր՝ քո առաջ մի կտոր հաց դնեմ, որ ուտես և ուժ հավաքես, որովհետև ճանապարհ ես գնալու»: 23 Բայց Սավուղը մերժեց՝ ասելով. «Չե՛մ ուտի»: Նրա ծառաներն ու այդ կինը շարունակեցին համոզել նրան: Ի վերջո նա լսեց նրանց, վեր կացավ գետնից ու նստեց մահճակալի վրա: 24 Կինն ախոռում մի պարարտ հորթ ուներ: Նա իսկույն մորթեց* այն, հետո ալյուր վերցրեց, խմոր հունցեց և անթթխմոր հաց թխեց: 25 Ապա դրանք Սավուղին ու նրա ծառաներին մատուցեց, և նրանք կերան: Հետո վեր կացան ու գիշերով հեռացան:+