147 Գովաբանե՛ք Յահին:
Մեր Աստծուն փառաբանական երգեր երգելը վայել է,
Նրան գովերգելը անչափ հաճելի ու տեղին է:+
2 Եհովան Երուսաղեմը վերաշինում է,+
Ցիրուցան եղած իսրայելացիներին նա հավաքում է:+
3 Բուժում է նրանց, ում սիրտը կոտրված է,
Եվ նրանց վերքերը կապում է:
4 Նա գիտի աստղերի թիվը,
Բոլորին կանչում է իրենց անուններով:+
5 Մեծ է մեր Տերը և անչափ զորեղ է,+
Նրա իմաստությունն անսահման է:+
6 Եհովան հեզերին վեր է բարձրացնում,+
Իսկ անօրեններին ցած է նետում:
7 Եհովային ուղղված շնորհակալական երգեր երգեք,
Մեր Աստծուն քնարով գովերգեք՝
8 Նրան, ով երկինքը ամպերով է պատում,
Ով երկրի համար անձրև է բերում+
Եվ լեռների վրա խոտ է աճեցնում:+
9 Նա ուտելիք է տալիս կենդանիներին,+
Սննդի համար աղաղակող ագռավի ձագերին:+
10 Նրան չի տպավորում ո՛չ ձիու ուժը,+
Ո՛չ էլ մարդու ոտքերի զորությունը:+
11 Եհովան իրենից վախեցողներին է հավանում,+
Նրանց, ովքեր իր հավատարիմ սիրուն են ապավինում:+
12 Փառաբանիր Եհովային, ո՛վ Երուսաղեմ,
Գովաբանիր քո Աստծուն, ո՛վ Սիոն,
13 Որովհետև դարպասներիդ նիգերը նա ամրացնում է,
Որդիներիդ օրհնում է:
14 Քո երկրին խաղաղություն է բերում+
Եվ ընտիր ցորենով քեզ կշտացնում:+
15 Նա հրաման է տալիս երկրին,
Նրա խոսքը սլանում է ու հասնում նպատակակետին:
16 Նա երկիրը ծածկում է ձյունով, ասես բրդյա սավանով,+
Շաղ է տալիս եղյամը, ինչպես մոխիր:+
17 Կարկուտ է թափում հացի փշրանքների պես:+
Ո՞վ կարող է դիմանալ նրա բերած սառնամանիքին:+
18 Հրաման է տալիս, և սառույցը հալվում է,
Փչել է տալիս քամուն,+ և ջրերը հոսում են:
19 Նա հայտնում է իր խոսքը Հակոբին,
Իր կանոններն ու օրենքներն է հայտնում Իսրայելին:+
20 Նա այդպես չի վարվել որևէ այլ ազգի հետ,+
Նրա օրենքների մասին նրանք ոչինչ չգիտեն:
Գովաբանե՛ք Յահին:+