Եզեկիել
33 Եհովան ասաց ինձ. 2 «Մարդո՛ւ որդի, խոսիր քո ազգակիցների հետ+ ու ասա.
«Եթե ես սուր ուղարկեմ որևէ երկրի դեմ,+ և այդ երկրի ժողովուրդը ժամապահ նշանակի մի մարդու, 3 և նա, տեսնելով, որ թշնամին հարձակվում է այդ երկրի վրա, եղջերափող փչի ու նախազգուշացում տա ժողովրդին,+ 4 ու եթե որևէ մեկը եղջերափողի ձայնը լսի, բայց նախազգուշացմանը ուշադրություն չդարձնի,+ և սուրը խլի նրա կյանքը, ապա իր մահվան համար նա ինքը մեղավոր կլինի:*+ 5 Նա լսեց եղջերափողի ձայնը, բայց նախազգուշացմանը ուշադրություն չդարձրեց: Նա ինքը մեղավոր կլինի իր մահվան համար: Եթե նախազգուշացմանը ականջ դներ, կփրկվեր:
6 Բայց եթե ժամապահը, տեսնելով, որ թշնամին մոտենում է, եղջերափող չփչի+ ժողովրդին նախազգուշացնելու համար, և թշնամին գա ու սպանի որևէ մեկին, ապա այդ մարդը կմահանա իր մեղքի պատճառով, սակայն նրա մահվան* համար ժամապահի՛ց հաշիվ կպահանջեմ»:+
7 Մարդո՛ւ որդի, քեզ ժամապահ եմ նշանակել Իսրայելի ժողովրդի համար: Երբ որևէ խոսք լսես ինձնից, պետք է իմ անունից նախազգուշացնես նրանց:+ 8 Եթե մեղսագործին ասեմ՝ «Մեղսագո՛րծ, դու անպատճառ մեռնելու ես»,+ բայց դու նրան չնախազգուշացնես, որ հետ դառնա իր բռնած ուղուց, ապա նա՝ որպես մեղսագործ, կմեռնի իր մեղքի պատճառով,+ բայց նրա մահվան համար քեզնից հաշիվ կպահանջեմ: 9 Իսկ եթե դու նախազգուշացնես մեղսագործին, որ հետ դառնա իր բռնած ուղուց, բայց նա չլսի քեզ, ապա կմեռնի իր մեղքի պատճառով,+ իսկ դու կպահպանես քո կյանքը:+
10 Մարդո՛ւ որդի, ասա իսրայելացիներին. «Դուք ասում եք. «Մեր ըմբոստ արարքներն ու մեղքերը ծանր բեռ են դարձել մեզ համար, ու դրանց պատճառով մենք հյուծված ենք,+ ինչպե՞ս ողջ կմնանք»»:+ 11 Նրանց ասա. «Երդվում եմ իմ գոյությամբ,– ասում է Գերիշխան Տեր Եհովան,– ինձ համար հաճելի չէ մեղսագործի մահը:+ Ես ուզում եմ, որ մեղսագործը հետ դառնա իր բռնած ուղուց+ և ապրի:+ Դադարե՛ք, դադարե՛ք չար բաներ անելուց,+ ինչո՞ւ մեռնեք, ո՛վ իսրայելացիներ»:+
12 Մարդո՛ւ որդի, ասա քո ազգակիցներին. «Արդարի արդարությունը չի փրկի իրեն, եթե նա մեղք գործի:+ Իսկ մեղսագործը չի մահանա իր գործած մեղքերի պատճառով, եթե դադարի մեղք գործելուց:+ Ոչ մի արդար մարդ իր արդար գործերի շնորհիվ ողջ չի մնա, եթե մեղք գործի:+ 13 Եթե արդարին ասեմ՝ «Դու անպատճառ ապրելու ես», իսկ նա, հույսը դնելով իր արդարության վրա, անի այն, ինչը սխալ է,*+ ապա նրա արդար գործերից և ոչ մեկը չեմ հիշի, և նա իր չարագործության պատճառով կմեռնի:+
14 Եթե մեղսագործին ասեմ՝ «Դու անպատճառ մեռնելու ես», բայց նա դադարի մեղք գործելուց և անի այն, ինչը ճիշտ է ու արդար,+ 15 եթե նա վերադարձնի գրավը,+ հետ տա կողոպտածը,+ հնազանդվի կյանքի առաջնորդող կանոններին և վատ բաներ չանի, նա անպատճառ կապրի՝+ չի մեռնի: 16 Նրա գործած և ոչ մի մեղքի համար հաշիվ չեմ պահանջի:+ Նա անպայման կապրի, քանի որ արդար ու ճիշտ է վարվում»:+
17 Բայց քո ազգակիցներն ասում են՝ «Եհովան անարդար է վարվում», մինչդեռ իրականում նրանք են անարդար վարվում:
18 Եթե արդարը դադարի արդարությամբ վարվելուց և անի այն, ինչը սխալ է, նա պետք է մեռնի:+ 19 Իսկ եթե մեղսագործը դադարի մեղք գործելուց և անի այն, ինչը ճիշտ է ու արդար, ապա նա կապրի:+
20 Բայց դուք ասում եք. «Եհովան անարդար է վարվում»:+ Ո՛վ իսրայելացիներ, ես ձեզնից յուրաքանչյուրին կդատեմ ըստ իր գործերի»:
21 Մեր գերության 12-րդ տարում՝ տասներորդ ամսվա հինգերորդ օրը, Երուսաղեմից եկավ մեկը,+ ով փրկվել էր, ու ասաց. «Քաղաքը գրավել են»:+
22 Իսկ նախորդ երեկոյան՝ նախքան այդ փրկված մարդը առավոտյան կգար, Եհովայի ոգին* իջավ ինձ վրա, և Նա բացեց բերանս: Բերանս բացվեց, ու ես կրկին կարողացա խոսել:+
23 Ապա Եհովան ասաց ինձ. 24 «Մարդո՛ւ որդի, Իսրայելի ավերակներում բնակվողներն+ ասում են. «Աբրահամը մենակ էր, բայց նա ստացավ այդ երկիրը որպես սեփականություն:+ Իսկ մենք շատ ենք, ուստի այն, անկասկած, մեզ է պատկանում»:
25 Դրա համար նրանց ասա. «Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Դուք կերակուրը արյունով եք ուտում,+ ձեր գարշելի կուռքերի վրա եք հույս դնում և արյուն եք թափում.+ ինչո՞ւ պետք է այդ երկիրը ձերը լինի: 26 Դուք ապավինում եք ձեր սրին,+ գարշելի բաներ եք անում, և ձեզնից յուրաքանչյուրը պղծում է իր դրացու կնոջը.+ ինչո՞ւ պետք է այդ երկիրը ձերը լինի»»:+
27 Սա ասա նրանց. «Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Երդվում եմ իմ գոյությամբ. ովքեր ավերակների մեջ են ապրում, սրով կսպանվեն, ովքեր դաշտում են, նրանց որպես կերակուր գազաններին կտամ, իսկ ովքեր ամրոցներում և քարանձավներում են, հիվանդությունից կմեռնեն:+ 28 Երկիրն անմարդաբնակ անապատ կդարձնեմ:+ Նրա գոռոզությանն ու հպարտությանը վերջ կտրվի, Իսրայելի լեռները կամայանան,+ ու ոչ ոք դրանցով չի անցնի: 29 Եվ երբ նրանց արած բոլոր գարշելի բաների պատճառով+ երկիրն անմարդաբնակ անապատ դարձնեմ,+ նրանք կիմանան, որ ես Եհովան եմ»»:
30 Մարդո՛ւ որդի, քո ազգակիցները պատերի և տների մուտքերի մոտ իրար հետ խոսում են քո մասին,+ և մեկը մյուսին՝ յուրաքանչյուրն իր եղբորը, ասում է. «Գնանք ու լսենք Եհովայի խոսքը»: 31 Նրանք՝ որպես իմ ժողովուրդ, կհավաքվեն քեզ մոտ ու կնստեն քո առաջ, կլսեն քո խոսքերը, բայց չեն կատարի.+ նրանք լեզվով շողոքորթում են, մինչդեռ իրենց սիրտը շահատենչ է: 32 Դու նրանց համար ասես սիրո երգ լինես, որը հնչում է գեղեցիկ ձայն ունեցող մի մարդու շուրթերից, ով վարպետորեն տավիղ է նվագում: Նրանք կլսեն քո խոսքերը, բայց ոչ ոք դրանց համաձայն չի վարվի: 33 Սակայն երբ այդ խոսքերը կատարվեն, իսկ դրանք կկատարվեն, նրանք կիմանան, որ իրենց մեջ մարգարե է եղել»:+