Եզրաս
5 Այդ ժամանակ Անգե մարգարեն+ և Ադդովի+ թոռ Զաքարիա մարգարեն,+ դիմելով Երուսաղեմի և ողջ Հուդայի հրեաներին, սկսեցին մարգարեանալ Իսրայելի Աստծու անունից, ով նրանց հետ էր: 2 Եվ Սաղաթիելի որդի Զորաբաբելն+ ու Հովսեդեկի որդի Հեսուան+ սկսեցին վերակառուցել Աստծու տունը,+ որ Երուսաղեմում էր: Աստծու մարգարեները նրանց հետ էին և թիկունք էին կանգնում նրանց:+ 3 Այդ ժամանակ Անդրգետքի* կառավարիչ Թաթանան ու Սաթրաբուզանը իրենց համախոհների հետ եկան նրանց մոտ և հարցրին. «Ո՞վ է ձեզ հրաման տվել, որ կառուցեք այս տունը և կանգնեցնեք այս կառույցը»:* 4 Ապա ավելացրին. «Ասեք այս շինությունը կառուցողների անունները»: 5 Բայց քանի որ Աստված հրեաների երեցների հետ էր,+ Թաթանան ու իր համախոհները չկանգնեցրին նրանց աշխատանքները, այլ որոշեցին նախ զեկույց ուղարկել Դարեհին և սպասել մինչև նրանից պաշտոնական նամակ կստանան այդ հարցի վերաբերյալ:
6 Անդրգետքի կառավարիչ Թաթանան, Սաթրաբուզանն ու նրանց համախոհները՝ այդ շրջանի ենթակառավարիչները, Դարեհ թագավորին զեկուցագիր ուղարկեցին, 7 որի բովանդակությունը հետևյալն էր.
«Դարեհ թագավորին.
Խաղաղությո՛ւն քեզ: 8 Թող հայտնի լինի թագավորին, որ մենք գնացինք Հուդայի մարզ՝ մեծն Աստծու տուն: Այն կառուցում են հսկայական քարերով և պատերի մեջ գերաններ են դնում: Մարդիկ աշխատում են մեծ եռանդով, և գործն առաջ է գնում: 9 Մենք հրեաների երեցներին հարցրինք. «Ո՞վ է ձեզ հրաման տվել, որ կառուցեք այս տունը և կանգնեցնեք այս կառույցը»:*+ 10 Նաև հարցրինք նրանց անունները, որ գրի առնենք ու քեզ տեղեկացնենք, թե ովքեր են ղեկավարում գործը:
11 Նրանք մեզ հետևյալ պատասխանը տվեցին. «Մենք երկնքի ու երկրի Աստծու ծառաներն ենք և վերակառուցում ենք այն տունը, որ կառուցվել էր շատ տարիներ առաջ: Այն կառուցել էր Իսրայելի մեծ թագավորներից մեկը:+ 12 Սակայն քանի որ մեր հայրերը բարկացրին երկնքի Աստծուն,+ նա նրանց Բաբելոնի թագավորի՝ քաղդեացի Նաբուգոդոնոսորի+ ձեռքը մատնեց, որն էլ քարուքանդ արեց այս տունը+ և ժողովրդին գերեվարեց Բաբելոն:+ 13 Բայց իր իշխանության առաջին տարում Բաբելոնի թագավոր* Կյուրոսը հրաման արձակեց, որ Աստծու տունը վերակառուցվի:+ 14 Դեռ ավելին՝ Կյուրոս թագավորը կարգադրեց վերադարձնել այն ոսկե ու արծաթե անոթները, որ Նաբուգոդոնոսորը վերցրել էր Երուսաղեմի տաճարից՝ Աստծու տնից, ու տարել էր Բաբելոնի տաճար:+ Դրանք տրվեցին Սասբասար*+ անունով մի մարդու, որին Կյուրոսը կառավարիչ նշանակեց:+ 15 Կյուրոսն ասաց նրան. «Վերցրու այս անոթները ու տար Երուսաղեմ, որ դնես տաճարում՝ Աստծու տանը, և թող այն վերականգնվի իր նախկին տեղում»:+ 16 Սասբասարն էլ եկավ Երուսաղեմ ու դրեց Աստծու տան հիմքը:+ Այդ ժամանակվանից շինարարությունը սկսվել է, բայց դեռ չի ավարտվել»:+
17 Ուստի եթե թագավորին հաճելի է, թող քննվեն Բաբելոնում՝ արքունի գանձատանը պահվող արձանագրությունները՝ պարզելու համար, թե արդյոք Կյուրոս թագավորն իսկապես հրաման է տվել վերակառուցել Աստծու տունը Երուսաղեմում,+ և թող մեզ ուղարկվի այս հարցի վերաբերյալ թագավորի որոշումը»: