26 Հոբը պատասխանեց.
2 «Վա՜յ, այս ինչքա՜ն օգնեցիր անզորին,
Ինչպե՜ս փրկեցիր ուժ չունեցողին:+
3 Ի՜նչ հրաշալի խորհուրդ տվեցիր իմաստություն չունեցողին,+
Իմաստությունդ լիուլի ցույց տվեցիր:
4 Այդ ո՞ւմ ես ուզում ինչ-որ բան ասել,
Ո՞վ է քեզ դրդել, որ այդպիսի խոսքեր ասես:
5 Աստծու առաջ սարսռում են անզոր մեռելները,
Նրանք ավելի ցածր են, քան ջրերն ու դրանցում բնակվողները:
6 Աստծու առաջ գերեզմանը բաց է,+
Փտության այդ վայրը ոչնչով ծածկված չէ:
7 Նա հյուսիսային երկինքը դատարկ տարածության վրա է փռել,+
Երկիրը կախել է ոչնչից:
8 Նա ջրերն ամպերի մեջ է ծրարում,+
Բայց ամպերը դրանց ծանրությունից չեն պատռվում:
9 Տեսադաշտից ծածկում է իր գահը՝
Ամպը տարածելով դրա շուրջբոլորը:+
10 Ջրերի երեսին հորիզոնն է գծագրում,+
Լույսի ու խավարի միջև սահման է դնում:
11 Երկնքի սյուները ցնցվում են,
Նրա սաստումից դողում են:
12 Իր զորությամբ նա փոթորկում է ծովը+
Եվ ջախջախում է ծովահրեշին՝+ գործի դնելով իր հասկացողությունը:
13 Իր շնչով երկինքը պարզկա է դարձնում,
Ճարպիկ օձին իր ձեռքով խոցում:
14 Ահա սրանք լոկ եզրերն են նրա ճանապարհների,+
Նրա մասին մեր լսածը թույլ շշուկ է ընդամենը:
Ո՞վ կարող է ըմբռնել նրա որոտի հզորությունը»:+