Դանիել
1 Հուդայի թագավոր Հովակիմի+ իշխանության երրորդ տարում Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորը եկավ Երուսաղեմ ու պաշարեց այն:+ 2 Եհովան նրա ձեռքը հանձնեց Հուդայի թագավոր Հովակիմին+ ու ճշմարիտ Աստծու տան պատկանելիքների մի մասը: Նա դրանք բերեց Սենաար երկիր՝*+ իր աստծու տուն, և դրեց իր աստծու գանձատանը:+
3 Հետո թագավորն իր գլխավոր պալատական Ասփանեզին հրամայեց իր մոտ բերել իսրայելացիներից* մի քանիսին, այդ թվում՝ թագավորական սերնդից ու ազնվատոհմ մարդկանցից ոմանց:+ 4 Նրանք պետք է անթերի ու գեղեցիկ պատանիներ* լինեին՝ իմաստությամբ, հասկացողությամբ ու գիտելիքներով օժտված+ և թագավորի պալատում ծառայելու ընդունակ: Ասփանեզը պետք է նրանց սովորեցներ քաղդեացիների գիրն ու լեզուն: 5 Ավելին՝ թագավորը պատվիրեց, որ ամեն օր արքայական ընտիր կերակուրներ և գինի տան նրանց: Նրանք երեք տարի պետք է կրթվեին,* ինչից հետո անցնեին արքունական ծառայության:
6 Նրանց թվում էին Հուդայի ցեղից Դանիելը,*+ Հանանիան,* Միսայելն* ու Ազարիան:*+ 7 Գլխավոր պալատականը ուրիշ* անուններ տվեց նրանց. Դանիելին՝ Բաղդասասար,+ Հանանիային՝ Սեդրաք, Միսայելին՝ Միսաք, Ազարիային՝ Աբեդնագով:+
8 Բայց Դանիելն իր սրտում վճռեց, որ չի պղծի իրեն թագավորական ընտիր կերակուրներով կամ գինով, ուստի գլխավոր պալատականին խնդրեց, որ թույլ տա չօգտվել այն ամենից, ինչը կպղծի իրեն: 9 Ճշմարիտ Աստված այնպես արեց, որ գլխավոր պալատականը Դանիելի հանդեպ բարեհաճ ու գթասիրտ լինի:+ 10 Սակայն գլխավոր պալատականն ասաց Դանիելին. «Ես վախենում եմ իմ տեր թագավորից, ով որոշել է, թե ինչ ուտեք և ինչ խմեք: Բա որ նա տեսնի, որ դուք ձեր հասակակիցներից վատ տեսք ունեք: Ձեր պատճառով թագավորը ի՛նձ կմեղադրի»: 11 Սակայն Դանիելն ասաց պահապանին, որին գլխավոր պալատականը նշանակել էր որպես Դանիելի, Հանանիայի, Միսայելի և Ազարիայի վերակացու. 12 «Խնդրում եմ, տասը օր փորձիր քո ծառաներին. այդ ընթացքում թող մեզ բանջարեղեն և ջուր տան: 13 Այնուհետև մեր տեսքը համեմատիր այն պատանիների տեսքի հետ, որոնք արքայական ընտիր կերակուրներ են ուտում, և դրանից հետո, ըստ քո տեսածի, որոշիր, թե ինչպես վարվել քո ծառաների հետ»:
14 Նա համաձայնվեց և տասնօրյա փորձաշրջան սահմանեց նրանց համար: 15 Տասը օր հետո նրանք ավելի լավ ու առողջ տեսք ունեին, քան բոլոր այն պատանիները, որոնք արքայական ընտիր կերակուրներ էին ուտում: 16 Ուստի պահապանը շարունակեց ընտիր կերակուրների ու գինու փոխարեն բանջարեղեն տալ նրանց: 17 Եվ ճշմարիտ Աստված այդ չորս պատանիներին օժտեց գիտելիքներով, ամեն գրվածք հասկանալու կարողությամբ և իմաստությամբ, իսկ Դանիելին նաև օժտեց ամեն տեսակ տեսիլքներ ու երազներ հասկանալու ունակությամբ:+
18 Երբ ավարտվեց Նաբուգոդոնոսոր թագավորի սահմանած ժամանակը,+ գլխավոր պալատականը բոլոր պատանիներին բերեց նրա առաջ: 19 Թագավորը խոսեց նրանց հետ: Նրանց մեջ Դանիելի, Հանանիայի, Միսայելի և Ազարիայի պես ոչ ոք չկար:+ Եվ նրանք մնացին այնտեղ ու սկսեցին ծառայել թագավորին: 20 Ամեն անգամ, երբ թագավորը իմաստություն և հասկացողություն պահանջող որևէ հարց էր տալիս նրանց, տեսնում էր, որ նրանք տասնապատիկ գերազանցում էին իր ողջ թագավորությունում եղող ոգի կանչողներին և մոգությամբ զբաղվող քրմերին:+ 21 Դանիելը մնաց այնտեղ մինչև Կյուրոս թագավորի առաջին տարին:+