Եսթեր
6 Այդ գիշեր թագավորի քունը փախել էր: Նա հրամայեց, որ բերեն այդ ժամանակվա դեպքերի մասին արձանագրությունները+ և կարդան իր համար: 2 Այնտեղ գրված էր, որ Մուրթքեն հայտնել էր թագավորի երկու պալատականների՝ դռնապաններ Բիգթանայի և Թարեսի մասին, որոնք ծրագրել էին սպանել Ասուերոս թագավորին:+ 3 Թագավորը հարցրեց. «Ի՞նչ պատիվ է տրվել Մուրթքեին, ինչո՞վ է նա պարգևատրվել իր արածի համար»: Թագավորի անձնական սպասավորները պատասխանեցին. «Նրա համար ոչինչ չի արվել»:
4 Որոշ ժամանակ անց թագավորը հարցրեց. «Բակում ո՞վ կա»: Այդ ժամանակ Համանը թագավորի պալատի արտաքին բակում էր:+ Նա եկել էր, որ թագավորի հետ խոսեր իր կանգնեցրած սյունից Մուրթքեին կախելու մասին:+ 5 Սպասավորները պատասխանեցին թագավորին. «Համանն+ է կանգնած բակում»: Թագավորն էլ կարգադրեց. «Ասեք՝ ներս գա»:
6 Երբ Համանը ներս եկավ, թագավորը նրան հարցրեց. «Ի՞նչ պետք է արվի այն մարդու համար, ում թագավորն ուզում է պատվել»: Համանն էլ մտքում ասաց. «Թագավորն, ինձնից բացի, ուրիշ ո՞ւմ պիտի պատվի»:+ 7 Ուստի պատասխանեց. «Եթե թագավորն ուզում է պատվել որևէ մարդու, 8 թող բերել տա արքայական հագուստ,+ որն ինքը թագավորն է հագել, և արքայաշուք գլխանոցով մի ձի, որին թագավորն է հեծնում: 9 Ապա թող թագավորի ամենաանվանի իշխաններից մեկի վերահսկողության ներքո հագուստը հագցնեն այդ մարդուն, ում թագավորն ուզում է պատվել, և նրան նստեցնեն ձիու վրա ու ման տան քաղաքի հրապարակով՝ նրա առջևից բղավելով. «Այսպիսի վերաբերմունքի է արժանանում այն մարդը, որին թագավորն ուզում է պատվել»»:+ 10 Թագավորն էլ անմիջապես ասաց Համանին. «Դե շտապ վերցրու հագուստն ու ձին և ինչ որ ասացիր, արա հրեա Մուրթքեի համար, որը ծառայում է պալատի դարպասի մոտ: Բոլոր ասածներդ կանես, ոչինչ չմոռանաս»:
11 Այսպիսով՝ Համանը տարավ հագուստն ու ձին, Մուրթքեին+ հագցրեց, նստեցրեց ձիու վրա ու ման տվեց քաղաքի հրապարակով՝ նրա առջևից բղավելով. «Այսպիսի վերաբերմունքի է արժանանում այն մարդը, որին թագավորն ուզում է պատվել»: 12 Դրանից հետո Մուրթքեն վերադարձավ պալատի դարպասի մոտ, իսկ Համանն իր տուն շտապեց՝ սրտնեղությունից ու ամոթից գլուխը ծածկած: 13 Նա իր գլխին եկածը պատմեց կնոջը՝ Զերեսին,+ և իր բոլոր ընկերներին՝ խորհրդականներին:* Նրա խորհրդականներն ու կինը ասացին. «Քանի որ Մուրթքեն, որի առաջ սկսել ես ցածրանալ, հրեական ծագում ունի, դու նրա դեմ պայքարում չես հաղթի. քո անկումն անխուսափելի է»:
14 Նրանք դեռ խոսում էին, երբ թագավորի պալատականները եկան և Համանին շտապ տարան Եսթերի կազմակերպած ճաշկերույթին:+