Մասքիլ: Եզրահյան Եթանի+ երգը:
89 Ո՛վ Եհովա, քո դրսևորած հավատարիմ սիրո մասին հավիտյան կերգեմ,
Իմ բերանով սերնդեսերունդ քո հավատարմության մասին կպատմեմ:
2 Ես ասացի. «Հավիտյան է մնալու քո հավատարիմ սերը,+
Երկնքի պես հաստատուն է քո հավատարմությունը»:
3 Դու ասացիր. «Իմ ընտրյալի հետ ուխտ եմ կապել,+
Իմ ծառա Դավթին երդում եմ տվել.+
4 «Հաստատուն կդարձնեմ քո սերունդը,+ որ առհավետ շարունակվի,
Կամրապնդեմ քո գահը, որ սերնդեսերունդ կանգուն լինի»»:+ (Սելա)
5 Ո՛վ Եհովա, երկինքը գովերգում է քո հրաշքները,
Սրբերի ժողովը փառաբանում է քո հավատարմությունը:
6 Երկնքում ո՞վ կարող է Եհովայի հետ համեմատվել:+
Աստծու՝ Եհովայի որդիներից+ ո՞վ կարող է նրան հավասար լինել:
7 Աստծուց ակնածում են սրբերի ժողովում,+
Նա մեծափառ է և իրեն շրջապատողներին ակնածանք է ներշնչում:+
8 Ո՛վ Զորքերի տեր Եհովա Աստված,
Ո՛վ Յահ, ո՞վ է քեզ նման զորեղ:+
Դու ամեն հարցում հավատարիմ ես:+
9 Քո իշխանությանն ես ենթարկում փոթորկված ծովը,+
Հանդարտեցնում ես վեր խոյացած ալիքները:+
10 Դու մահացու հարվածով+ ջախջախեցիր Ռախաբին,+
Զորեղ բազկովդ ցիրուցան արեցիր քո թշնամիներին:+
11 Քոնն է երկինքը, քոնն է երկիրը,+
Դու ես արարել երկիրը և այնտեղ եղող ամեն ինչը:+
12 Դու ես ստեղծել հյուսիսն ու հարավը,
Թաբորն+ ու Հերմոնը+ ցնծագին փառաբանում են քո անունը:
13 Զորեղ է բազուկդ,+
Ուժեղ է ձեռքդ,+
Հաղթական վեր է բարձրացել աջդ:+
14 Արդարությունն ու արդարադատությունը քո գահի հիմքն են,+
Սերն ու հավատարմությունը միշտ քո առաջ են:+
15 Երջանիկ են այն մարդիկ, ովքեր ցնծությամբ քեզ են փառաբանում:+
Ո՛վ Եհովա, նրանք քո հավանության լույսի ներքո են ընթանում:
16 Քո անունը օրնիբուն նրանց ուրախություն է պարգևում,
Եվ քո արդարության շնորհիվ նրանք պատվի են արժանանում,
17 Որովհետև դու ես նրանց զորացնում ու փառքով պսակում,+
Եվ քո բարեհաճության շնորհիվ է մեր ուժն ավելանում:+
18 Եհովան է մեզ տվել մեր վահանը,
Մեր թագավորին մեզ պարգևել է Իսրայելի Սուրբը:+
19 Այդ ժամանակ քեզ նվիրվածների հետ տեսիլքով խոսեցիր և ասացիր.
«Զորություն տվեցի զորավորին,+
Պատվի արժանացրի ժողովրդի միջից ընտրվածին:+
20 Իմ ծառա Դավթին ընտրեցի,+
Իմ սուրբ յուղով նրան օծեցի:+
21 Իմ ձեռքով նրան կաջակցեմ,+
Իմ բազկով նրան կզորացնեմ:
22 Ոչ մի թշնամի նրան հարկատու չի դարձնի,
Ոչ մի անարդար մարդ նրան չի հարստահարի:+
23 Նրա առաջ ջարդուփշուր կանեմ հակառակորդներին,+
Կտապալեմ նրան ատողներին:+
24 Նրա հանդեպ հավատարմություն ու սեր կդրսևորեմ,+
Հանուն իմ անվան՝ նրա ուժը կավելացնեմ:
25 Նրա ձեռքի տակ կդնեմ ծովը,
Նրա աջ ձեռքի տակ կդնեմ գետերը:+
26 Ինձ դիմելով՝ նա կբացականչի. «Դու ես իմ Հայրը,
Իմ Աստվածը և իմ փրկարար Վեմը»:+
27 Ես նրան առաջնեկ կդարձնեմ,+
Երկրի թագավորներից վեր կբարձրացնեմ:+
28 Նրա հանդեպ իմ հավատարիմ սերը կմնա առհավետ,+
Նրա հետ կապած իմ ուխտը չի խախտվի երբեք:+
29 Հաստատուն կդարձնեմ նրա սերունդը, որ հավետ շարունակվի,
Կամրապնդեմ նրա գահը, որ երկնքի պես մնայուն լինի:+
30 Եթե նրա որդիները օրենքս թողնեն
Եվ իմ հրահանգների համաձայն չվարվեն,
31 Եթե խախտեն իմ կանոնները
Եվ չպահեն իմ պատվիրանները,
32 Ես գավազանով նրանց կպատժեմ իրենց անհնազանդության համար,+
Կխարազանեմ իրենց հանցանքների համար:
33 Բայց նրա հանդեպ իմ հավատարիմ սերը չի դադարի,+
Իմ տված խոստումը ես չեմ դրժի:
34 Իմ ուխտը չեմ խախտի,+
Բերանիցս դուրս եկածը չեմ փոխի:+
35 Իմ սրբությամբ երդվել եմ մեկընդմիշտ,
Դավթին ես չեմ ստի:+
36 Նրա սերունդը առհավետ կշարունակվի,+
Նրա գահը արևի պես հավերժական կլինի:+
37 Լուսնի պես այն հավիտյան կմնա հաստատուն,
Այդ հավատարիմ վկայի պես, որ միշտ հայտնվում է երկնքում»: (Սելա)
38 Բայց քո օծյալի դեմ ցասումով ես լցվել,+
Նրան մերժել ու դեն ես գցել:
39 Քո ծառայի հետ կապած ուխտն արհամարհել ես,
Նրա թագը գետնին ես շպրտել ու անարգել ես:
40 Քարուքանդ ես արել նրա քարե պարիսպները,
Ավերել ես նրա ամրությունները:
41 Բոլոր անցորդները նրան կողոպտում են,
Հարևանների աչքին անարգված մեկն է դարձել:+
42 Նրա հակառակորդներին հաղթանակ ես պարգևել,+
Նրա բոլոր թշնամիներին ուրախություն ես պատճառել:
43 Դու նրա սուրը հետ ես մղել,
Ստիպել ես պատերազմում իր դիրքերը զիջել:
44 Նրան իր փառքից զրկել ես,
Նրա գահը խորտակել ես:
45 Նրա երիտասարդության օրերը կրճատել ես,
Նրան ամոթով ես ծածկել: (Սելա)
46 Ո՛վ Եհովա, դեռ ինչքա՞ն ես թաքնվելու: Մի՞թե առհավետ:+
Մի՞թե բարկությունդ շարունակելու է բոցավառվել կրակի պես:
47 Հիշիր, թե որքան կարճ է կյանքս:+
Մի՞թե աննպատակ ես ստեղծել բոլոր մարդկանց:
48 Ո՞ր մի մարդը կարող է ապրել առանց մահ ճաշակելու:+
Ո՞ր մեկն է ի զորու գերեզմանի ճանկերից իրեն փրկելու: (Սելա)
49 Ո՛վ Եհովա, ո՞ւր է հավատարիմ սերդ, որ նախկինում ցույց ես տվել,
Որի մասին հավատարմորեն Դավթին երդում ես տվել:+
50 Մի՛ մոռացիր, ո՛վ Եհովա, թե ծառաներիդ վրա ինչ ծաղրանքներ են թափում,
Թե ինչպես եմ ես բոլոր ազգերի ծաղրանքներին դիմանում:
51 Մի՛ մոռացիր, ո՛վ Եհովա, թե ինչ վիրավորանքներ են հասցրել քո թշնամիները,
Թե ինչպես են պախարակել օծյալիդ ամեն մի քայլը:
52 Թող հավիտյան փառաբանվի Եհովան: Ամեն և ամեն:+