Գաղատացիներ
3 Անմի՛տ գաղատացիներ, ո՞վ ձեզ վրա այդպիսի վատ ազդեցություն գործեց:+ Չէ՞ որ ձեզ հստակ բացատրվել էր, թե հանուն ինչի Հիսուս Քրիստոսը մահացավ սյան վրա:+ 2 Ձեզ մի հարց տամ՝ ոգին ստացաք Օրենքով պահանջված գործերի՞, թե՞ ձեր լսածին հավատալու շնորհիվ:+ 3 Մի՞թե այդքան անմիտ եք, որ ձեր ընթացքը սկսելով ոգու առաջնորդության համաձայն՝ այժմ ուզում եք վերջնակետին հասնել՝ վարվելով մարդկային դատողության համաձայն:*+ 4 Մի՞թե իզուր այդքան տառապանքներ կրեցիք: Չեմ ուզում հավատալ, որ իզուր էր: 5 Եվ այսպես՝ նա, ով տալիս է ձեզ ոգին և զորավոր գործեր է անում ձեր մեջ,+ ինչո՞ւ է անում այդ ամենը. այն բանի համար, որ դուք Օրենքով պահանջված գործե՞րն եք անում, թե՞ որ հավատացել եք ձեր լսածին, 6 ինչպես Աբրահամը, որը «հավատաց Եհովային* և դրա համար արդար համարվեց»:+
7 Դուք, իհարկե, գիտեք, որ հավատ ունեցողներն են Աբրահամի որդիները:+ 8 Սուրբ գրվածքը նախապես ցույց է տվել, որ Աստված ուրիշ ազգերի մարդկանց արդար էր հայտարարելու հավատի հիման վրա: Այնտեղ ասվում է, որ Աբրահամին այս բարի լուրը հաղորդվեց. «Քո միջոցով բոլոր ազգերը կօրհնվեն»:+ 9 Ուստի հավատի վրա հիմնվողները օրհնվում են, ինչպես որ օրհնվեց Աբրահամը, ով հավատ ուներ:+
10 Իսկ բոլոր նրանք, ովքեր Օրենքով պահանջվող գործերի վրա են հիմնվում, անեծքի տակ են ընկնում, որովհետև գրված է. «Անիծյալ լինի ամեն ոք, ով չի կատարում Օրենքի գրքում գրված բոլոր խոսքերը»:+ 11 Դեռ ավելին՝ ակնհայտ է, որ Աստված Օրենքի միջոցով ոչ ոքի արդար չի հայտարարում,+ որովհետև գրված է. «Արդարը հավատի շնորհիվ կապրի»:+ 12 Իսկ Օրենքը հիմնված չէ հավատի վրա, ընդհակառակը, ասվում է. «Ով որ անի այդ ամենը, դրա շնորհիվ կապրի»:+ 13 Քրիստոսը փրկագնով+ ազատեց մեզ+ Օրենքի բերած անեծքից՝ մեր փոխարեն իր վրա վերցնելով այդ անեծքը, չէ՞ որ գրված է. «Անիծված է սյունից կախված ամեն մարդ»:+ 14 Այդպես եղավ, որ Քրիստոս Հիսուսի միջոցով ազգերը ստանան Աբրահամին խոստացված օրհնությունը,+ և որ մենք բոլորս մեր հավատի շնորհիվ ստանանք խոստացված ոգին:+
15 Եղբայրնե՛ր, ձեզ մի օրինակ բերեմ. եթե ուխտը* արդեն վավերացված է, անգամ եթե այն մարդն է վավերացրել, ոչ ոք չի կարող այն չեղյալ դարձնել կամ ինչ-որ բան ավելացնել դրան: 16 Եվ այսպես՝ Աստված խոստումները տվեց Աբրահամին ու նրա սերնդին:+ Սուրբ գրվածքներում չի ասվում՝ «Քո սերունդներին», ասես թե խոսքը շատերի մասին է, այլ ասում է՝ «Քո սերնդին», այսինքն՝ խոսում է մեկի մասին, որը Քրիստոսն է:+ 17 Ասեմ ավելին. նախ Աստված Աբրահամի հետ կապեց այդ ուխտը, իսկ Օրենքը տրվեց հետո՝ 430 տարի անց,+ հետևաբար այն չի կարող անվավեր դարձնել ուխտը՝ չեղարկելով խոստումը: 18 Եթե ժառանգություն ստանալը կախված լիներ Օրենքը պահելուց, ապա այն չէր տրվի խոստման հիման վրա, մինչդեռ խոստման հիման վրա էր, որ Աստված մեծահոգաբար այն տվեց Աբրահամին:+
19 Ուրեմն ինչի՞ համար էր Օրենքը: Այն հետագայում տրվեց, որպեսզի մարդկանց հայտնի դարձնի իրենց հանցանքները,+ և գործեց այնքան ժամանակ, մինչև որ եկավ սերունդը,+ որին վերաբերում էր խոստումը: Աստված Օրենքը փոխանցեց ժողովրդին հրեշտակների միջոցով+ և միջնորդի ձեռքով:+ 20 Մինչդեռ խոստման դեպքում միջնորդ չկար, քանի որ Աստված էր միակ կողմը. չէ՞ որ երբ ուխտը միակողմանի է, միջնորդի կարիք չկա: 21 Ուրեմն մի՞թե Օրենքը հակասում է Աստծու խոստումներին: Իհա՛րկե ոչ: Եթե տրված լիներ մի այնպիսի օրենք, որը կյանք կտար, ապա մարդիկ կկարողանային արդար համարվել՝ պահելով օրենքը: 22 Այնինչ սուրբ գրվածքները ցույց են տալիս, որ բոլորը մեղքի իշխանությանն են հանձնված, ուստի խոստացված օրհնությունը, որ կախված է Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատ ունենալուց, կարող են ստանալ նրանք, ովքեր հավատում են նրան:
23 Բայց նախքան Քրիստոսի հանդեպ հավատ ընծայելը մենք Օրենքի իշխանության տակ էինք, և այն մեզ պաշտպանում էր, մինչ սպասում էինք այն ամենին, ինչ Աստված կբացահայտեր:+ 24 Հետևաբար Օրենքը մեր դաստիարակը* եղավ՝ առաջնորդելով մեզ դեպի Քրիստոսը,+ որ հավատի շնորհիվ արդար հայտարարվենք:+ 25 Բայց հիմա, երբ Քրիստոսի հանդեպ հավատ ենք ընծայում,+ այլևս կարիք չկա, որ դաստիարակի հսկողության տակ լինենք:+
26 Քրիստոս Հիսուսի հանդեպ ձեր ունեցած հավատի շնորհիվ+ դուք բոլորդ Աստծու որդիներ եք:+ 27 Եվ բոլորդ, որ մկրտվել եք Քրիստոսի հետ միավորվելու համար,* Քրիստոսին եք ընդօրինակում:*+ 28 Հիմա, երբ դուք միավորված եք որպես Քրիստոս Հիսուսի հետևորդներ,+ այլևս կարևոր չէ՝ հրեա եք, թե հույն,+ ստրուկ եք, թե ազատ մարդ,+ տղամարդ եք, թե կին:+ 29 Ավելին, եթե դուք Քրիստոսի հետևորդն եք, ուրեմն իսկապես Աբրահամի սերունդն եք+ և ժառանգելու+ եք այն, ինչ Աստված խոստացավ նրան:+