Երկրորդ Օրենք
12 «Այն երկրում, որը ձեր նախահայրերի Աստված Եհովան կտա ձեզ որպես սեփականություն, ձեր կյանքի բոլոր օրերում ճշգրտորեն կատարեք այս կանոններն ու օրենքները: 2 Հիմնահատակ կործանեք այն բոլոր վայրերը, որտեղ ձեր նվաճած ազգերը ծառայել են իրենց աստվածներին,+ լինեն դրանք բարձր լեռների և բլուրների վրա, թե որևէ փարթամ ծառի տակ: 3 Քանդեք նրանց զոհասեղանները, ջարդուփշուր արեք նրանց սուրբ սյուները,+ այրեք նրանց սուրբ ձողերը,* ոչնչացրեք նրանց աստվածների քանդակված կուռքերը,+ որ նրանց անուններն անգամ չհիշվեն այդ վայրերում:+
4 Ձեր Աստված Եհովային չպաշտեք այնպես, ինչպես նրանք են պաշտում իրենց աստվածներին,+ 5 այլ ձեր Աստված Եհովային պաշտելու համար գնացեք այն տեղը, որը նա կընտրի իր անվան համար և ձեր ցեղերի մեջ բնակվելու համար:+ 6 Այնտե՛ղ պետք է բերեք ձեր ողջակեզները,+ զոհերը, տասանորդները,*+ նվիրաբերությունները,+ երդման համաձայն մատուցվող ընծաները, կամավոր ընծաները+ և խոշոր ու մանր եղջերավոր անասունների առաջնեկները:+ 7 Դուք ու ձեր տնեցիներն այնտեղ՝ ձեր Աստված Եհովայի առաջ,+ կուտեք ձեր զոհաբերություններից և կուրախանաք ձեր աշխատանքի պտուղներով,+ որովհետև ձեր Աստված Եհովան կօրհնի ձեզ:
8 Այդ ժամանակ չպետք է վարվեք այնպես, ինչպես հիմա, երբ ամեն մեկն անում է այն, ինչ ճիշտ է իր աչքին,* 9 քանի որ դուք դեռ չեք մտել ձեր հանգրվանը՝+ այն երկիրը, որ ձեր Աստված Եհովան տալու է ձեզ որպես ժառանգություն: 10 Երբ անցնեք Հորդանանն+ ու բնակվեք այն երկրում, որը ձեր Աստված Եհովան ձեզ է տալիս որպես սեփականություն, նա ձեզ հանգստություն կտա շրջակա բոլոր թշնամիներից, և դուք ապահով կապրեք:+ 11 Իմ պատվիրած ամեն բան՝ ձեր ողջակեզները, զոհերը, տասանորդները,+ ձեր նվիրաբերությունները և Եհովային տրված երդման համաձայն մատուցվող ընծաները, կբերեք այն վայրը, որը ձեր Աստված Եհովան կընտրի իր անվան համար:+ 12 Դուք կուրախանաք ձեր Աստված Եհովայի առաջ,+ ինչպես դուք, այնպես էլ ձեր որդիները, աղջիկները, ստրուկներն ու ստրկուհիները, նաև ղևտացիները, ովքեր կապրեն ձեր քաղաքներում, քանի որ նրանք ձեզ պես առանձին բաժին չեն ստանալու և ժառանգություն չեն ունենալու:+ 13 Զգույշ եղեք, հանկարծ ողջակեզներ չմատուցեք ձեզ դուր եկած այլ վայրում:+ 14 Ձեր ողջակեզները պետք է մատուցեք միայն այն վայրում, որը Եհովան կընտրի ձեր ցեղերին բաժին ընկած տարածքներից մեկում. այնտեղ կանեք այն ամենը, ինչ պատվիրում եմ ձեզ:+
15 Բայց երբ էլ ձեր սիրտը միս ուզի, կարող եք անասուն մորթել ու միս ուտել+ ցանկացած քաղաքում՝ վայելելով ձեր Աստված Եհովայի տված օրհնությունները: Թե՛ անմաքուր և թե՛ մաքուր մարդը կարող է ուտել դրանից, ինչպես որ այծեղջերուի ու եղնիկի մսից: 16 Միայն թե արյունը չուտեք:+ Ջրի պես այն գետնին թափեք:+ 17 Ձեր քաղաքներում չպետք է ուտեք կամ խմեք հացահատիկի, նոր գինու և յուղի այն մասը, որ կառանձնացնեք որպես տասանորդ, ինչպես նաև ձեր խոշոր ու մանր եղջերավոր անասունների առաջնեկները,+ երդման համաձայն մատուցվող ընծաները, կամավոր ընծաները և նվիրաբերությունները: 18 Դրանք կուտեք ձեր Աստված Եհովայի առաջ՝ ձեր Աստված Եհովայի ընտրած վայրում,+ ինչպես դուք, այնպես էլ ձեր որդիները, աղջիկները, ստրուկներն ու ստրկուհիները, նաև ձեր քաղաքներում ապրող ղևտացիները: Ձեր Աստված Եհովայի առաջ կուրախանաք ձեր աշխատանքի պտուղներով: 19 Ձեր երկրում ապրելիս հանկարծ չանտեսեք ղևտացիներին:+
20 Երբ ձեր Աստված Եհովան, իր խոստման համաձայն,+ ընդարձակի ձեր երկիրը,+ և այնտեղ ձեր սիրտը միս ուզի, ապա կարող եք ուտել, երբ էլ որ ուզեք:+ 21 Եթե ձեր Աստված Եհովայի՝ իր անվան համար ընտրած վայրը+ հեռու լինի ձեզանից, ապա երբ էլ ձեր սիրտը միս ուզի, կարող եք Եհովայի տված խոշոր կամ մանր եղջերավոր անասուններից ձեր քաղաքներում մորթել և ուտել, ինչպես որ ձեզ պատվիրել եմ: 22 Թե՛ անմաքուր և թե՛ մաքուր մարդը կարող է ուտել դրանից, ինչպես որ այծեղջերուի և եղնիկի+ մսից: 23 Միայն թե հաստատ վճռեք արյուն չուտել,+ որովհետև արյունը կյանքն է.+ կյանքը մսի հետ չպետք է ուտեք: 24 Չուտեք այն, ջրի պես գետնին թափեք:+ 25 Արյուն չուտելով՝ դուք կանեք այն, ինչը ճիշտ է Եհովայի աչքին, և ձեր ու ձեր զավակների համար լավ կլինի: 26 Իսկ ձեր սուրբ ընծաները և երդման համաձայն մատուցվող ընծաները կտանեք այն վայրը, որը Եհովան կընտրի: 27 Այնտեղ՝ ձեր Աստված Եհովայի զոհասեղանի վրա, կմատուցեք ձեր ողջակեզները՝ միսն ու արյունը:+ Ձեր մյուս զոհերի արյունը պետք է լցվի ձեր Աստված Եհովայի զոհասեղանի հիմքի մոտ,+ իսկ միսը կարող եք ուտել:
28 Ճշգրտորեն կատարեք այս բոլոր խոսքերը, որ պատվիրում եմ ձեզ, որպեսզի ձեր ու ձեր զավակների համար միշտ լավ լինի: Այդպիսով դուք կանեք այն, ինչը լավ է ու ճիշտ է ձեր Աստված Եհովայի աչքին:
29 Երբ ձեր Աստված Եհովան վերացնի այն ազգերին, որոնց հողերը զավթելու եք,+ և դուք ապրեք նրանց երկրում, 30 զգույշ եղեք, որ ծուղակը չընկնեք: Նրանց բնաջինջ լինելուց հետո հարցուփորձ չանեք նրանց աստվածների մասին ու չասեք. «Ինչպե՞ս էին այս ազգերը ծառայում իրենց աստվածներին: Ես էլ նույնն անեմ»:+ 31 Այդպես չծառայեք ձեր Աստված Եհովային, քանի որ նրանք իրենց աստվածների համար անում են այնպիսի գարշելի բաներ, որոնք Եհովան ատում է: Անգամ իրենց որդիներին ու աղջիկներին են այրում իրենց աստվածների համար:+ 32 Ճշգրտորեն արեք այն ամենը, ինչ ես եմ պատվիրում ձեզ:+ Դրանց ոչինչ չավելացնեք և դրանցից ոչինչ չպակասեցնեք»:+