Ծննդոց
47 Հովսեփը եկավ ու տեղեկացրեց փարավոնին.+ «Հայրս ու եղբայրներս իրենց հոտերով ու նախիրներով և ողջ ունեցվածքով Քանանից եկել են ու հիմա Գեսեմ երկրում են»:+ 2 Հետո նա իր եղբայրներից հինգին տարավ ու ներկայացրեց փարավոնին:+
3 Փարավոնը նրա եղբայրներին հարցրեց. «Ինչո՞վ եք զբաղվում»: Նրանք պատասխանեցին. «Մենք՝ ծառաներդ, ոչխարներ ենք պահում, ինչպես որ մեր նախահայրերը»:+ 4 Ապա ասացին փարավոնին. «Մենք եկել ենք որպես պանդուխտ ապրելու այս երկրում,+ քանի որ սաստիկ սովի պատճառով Քանանում արոտավայր չի մնացել քո ծառաների հոտերի համար:+ Ուստի, խնդրում ենք, թույլ տուր, որ ծառաներդ Գեսեմ երկրում բնակվեն»:+ 5 Փարավոնն էլ ասաց Հովսեփին. «Հիմա, երբ հայրդ ու եղբայրներդ եկել են այստեղ՝ քեզ մոտ, 6 նրանց այս երկրի լավագույն մասում բնակեցրու.+ չէ՞ որ ողջ Եգիպտոսը քո տրամադրության տակ է: Թող Գեսեմ երկրում ապրեն, և եթե նրանց մեջ իրենց գործում հմուտ մարդիկ կան, նշանակիր, որ տիրություն անեն իմ անասուններին»:
7 Հետո Հովսեփը ներս բերեց իր հորը՝ Հակոբին, ու ներկայացրեց փարավոնին: Եվ Հակոբը օրհնեց փարավոնին: 8 Փարավոնը հարցրեց Հակոբին. «Քանի՞ տարեկան ես»: 9 Հակոբը պատասխանեց. «Ես 130 տարեկան եմ. այդքան են իմ դեգերումների* տարիները: Կյանքիս տարիները ցավով լի+ են եղել և քիչ, ավելի քիչ, քան նախահայրերիս կյանքի տարիները,+ որ նրանք անցկացրել են դեգերումների մեջ»: 10 Ապա Հակոբը օրհնեց փարավոնին և դուրս եկավ նրա մոտից:
11 Փարավոնի հրամանի համաձայն՝ Հովսեփը իր հորն ու եղբայրներին բնակեցրեց Եգիպտոսում և նրանց որպես սեփականություն տարածք տվեց երկրի լավագույն մասում՝ Ռամսեսում:*+ 12 Նա իր հորը, եղբայրներին և հոր բոլոր տնեցիներին սննդով* էր ապահովում, ամեն ընտանիքի՝ ըստ երեխաների թվի:
13 Եգիպտոսում ու Քանանում ուտելիք* չկար, քանի որ սովը շատ էր սաստկացել և հյուծել էր այդ երկրները:+ 14 Հովսեփը հացահատիկ էր վաճառում Եգիպտոսի ու Քանանի ժողովրդին+ և այդ ամբողջ փողը հավաքում ու բերում էր փարավոնի տուն: 15 Որոշ ժամանակ անց Եգիպտոսում ու Քանանում մարդկանց փողը սպառվեց, ուստի բոլոր եգիպտացիները սկսեցին գալ Հովսեփի մոտ և ասել. «Ուտելիք տուր մեզ: Մի՞թե կթողնես, որ աչքիդ առաջ սովից մեռնենք, ինչ է թե մեր փողը վերջացել է»: 16 Հովսեփն ասաց. «Եթե փողը վերջացել է, ուրեմն ձեր անասունները բերեք, և դրանց դիմաց ես ուտելիք կտամ ձեզ»: 17 Նրանք սկսեցին իրենց անասունները բերել Հովսեփին: Իսկ Հովսեփը հոտերի ու նախիրների, ձիերի ու էշերի դիմաց ուտելիք էր տալիս նրանց: Եվ այդ տարի նրանց բոլոր անասունների դիմաց ուտելիքով ապահովեց նրանց:
18 Այդպես տարին ավարտվեց, և հաջորդ տարի նրանք սկսեցին գալ ու ասել. «Ի՞նչ թաքցնենք մեր տիրոջից. մեր ունեցած փողն ու անասունները արդեն քեզ ենք տվել: Բացի մեր անձից ու մեր հողերից՝ ուրիշ էլ ոչինչ չի մնացել, որ տանք մեր տիրոջը: 19 Մի՞թե կթողնես, որ մենք աչքիդ առաջ սովից մեռնենք, ու մեր երկիրը կործանվի: Գնիր մեզ ու մեր հողերը և դրա դիմաց մեզ ուտելիք տուր: Մենք փարավոնի ստրուկները կլինենք, մեր հողերն էլ նրան կպատկանեն: Ցանելու սերմ տուր մեզ, որ չմեռնենք, ու մեր երկիրը չամայանա»: 20 Այսպիսով՝ Հովսեփը եգիպտացիների բոլոր հողերը գնեց փարավոնի համար, որովհետև դաժան սովի պատճառով բոլոր եգիպտացիները վաճառեցին իրենց արտերը: Այդպես երկիրը փարավոնինը դարձավ:
21 Հետո ողջ Եգիպտոսում Հովսեփը գյուղաբնակ ժողովրդին տեղափոխեց քաղաքներ:+ 22 Նա միայն քրմերի հողատարածքները չգնեց:+ Բանն այն է, որ քրմերը իրենց մթերաբաժինը փարավոնից էին ստանում և դրանով էին ապրում: Ուստի նրանք չվաճառեցին իրենց հողատարածքները: 23 Այնուհետև Հովսեփը ժողովրդին ասաց. «Հիմա, երբ ձեզ ու ձեր երկիրը գնել եմ փարավոնի համար, ես ձեզ սերմ կտամ, որ ցանեք արտերում: 24 Երբ այն բերք տա, դրա հինգերորդ մասը կտաք փարավոնին,+ իսկ մնացած չորս մասերը ձերը կլինեն որպես սերմացու, նաև որպես ուտելիք՝ ձեզ, ձեր երեխաների ու ձեր տանն ապրող մյուս մարդկանց համար»: 25 Նրանք էլ ասացին. «Դու փրկեցիր մեր կյանքը:+ Եթե քեզ հաճելի է, տե՛ր, մենք փարավոնի ստրուկները կդառնանք»:+ 26 Հովսեփը հրամանագիր արձակեց, ըստ որի՝ բերքի հինգերորդ մասը պետք է տրվեր փարավոնին. այդ հրամանագիրը առ այսօր ուժի մեջ է Եգիպտոսի ողջ տարածքում: Միայն քրմերի հողատարածքները չդարձան փարավոնինը:+
27 Իսրայելի գերդաստանն ապրում էր Եգիպտոսում՝ Գեսեմ երկրում:+ Նրանք բնակություն հաստատեցին այնտեղ, զավակներ ունեցան և անչափ շատացան:+ 28 Հակոբը Եգիպտոսում ապրեց 17 տարի: Ընդհանուր հաշվով նա 147 տարի ապրեց:+
29 Երբ Իսրայելը զգաց, որ իր մահը մոտ է,+ կանչեց իր որդուն՝ Հովսեփին, ու ասաց. «Եթե ինձ բարիք ես կամենում, խնդրում եմ, ձեռքդ ազդրիս տակ դիր* ու երդվիր, որ սեր* ու հավատարմություն ցույց կտաս իմ հանդեպ. խնդրում եմ, ինձ Եգիպտոսում չթաղես:+ 30 Երբ մահանամ,* տար ինձ Եգիպտոսից և հայրերիս գերեզմանում թաղիր»:+ Հովսեփը պատասխանեց. «Ես կանեմ ճիշտ այնպես, ինչպես որ ասացիր»: 31 Հակոբն ասաց. «Երդվի՛ր»: Նա էլ երդվեց:+ Այնուհետև Իսրայելը, մահճակալի գլխատեղի մոտ նստած, խոնարհվեց Աստծու առաջ:+