Ծննդոց
50 Հովսեփը լաց լինելով ընկավ հոր վրա+ ու համբուրեց նրան: 2 Հետո բժիշկներին՝ իր ծառաներին, հրամայեց զմռսել+ իր հորը: Եվ բժիշկները զմռսեցին Իսրայելին: 3 Դրա համար նրանցից պահանջվեց 40 լրիվ օր, որովհետև զմռսելը այդքան է տևում: Եգիպտացիները 70 օր լաց եղան նրա համար:
4 Երբ սգի օրերը լրացան, Հովսեփը խոսեց փարավոնի արքունի պաշտոնյաների* հետ ու ասաց. «Խնդրում եմ, ինձ բարություն արեք և փարավոնին հաղորդեք այս խոսքերը. 5 «Հայրս ինձ երդվել տվեց՝+ ասելով. «Ես մահանում եմ:+ Ինձ թաղիր այն գերեզմանում,+ որ ինձ համար փորել եմ քարայրի մեջ՝ Քանանում»:+ Ուստի խնդրում եմ, թույլ տուր, որ գնամ ու թաղեմ հորս, այնուհետև կվերադառնամ»»: 6 Փարավոնն ասաց. «Գնա և թաղիր հորդ, ինչպես որ նա քեզ երդվել է տվել»:+
7 Հովսեփը գնաց իր հորը թաղելու: Նրա հետ գնացին փարավոնի բոլոր ծառաները, արքունիքի ավագանին+ ու Եգիպտոսի բոլոր ավագները: 8 Նաև գնացին Հովսեփի բոլոր տնեցիները, նրա եղբայրները և իր հոր տան բոլոր մարդիկ:+ Գեսեմ երկրում թողեցին միայն փոքր երեխաներին և հոտերն ու նախիրները: 9 Հովսեփին ուղեկցում էին նաև կառքեր+ ու ձիավորներ: Այդպես մի մեծ թափոր կազմվեց: 10 Նրանք հասան Ատադ կոչվող կալը,* որը գտնվում է Հորդանանի մոտ, և այնտեղ շատ մեծ ու դառնագին ողբ արեցին: Հովսեփը յոթ օր շարունակ ողբաց իր հոր համար: 11 Այդ երկրի բնակիչները՝ քանանացիները, տեսնելով Ատադ կալում նրանց բարձրացրած ողբը, բացականչեցին. «Եգիպտացիները մե՜ծ սգի մեջ են»: Դա է պատճառը, որ Հորդանանի շրջանում գտնվող այդ վայրը Աբել-Միսրայիմ* կոչվեց:
12 Հակոբի որդիները ճշգրտությամբ արեցին իրենց հոր ասածը:+ 13 Նրան տարան Քանան ու թաղեցին Մաքփելայի արտի քարայրում՝ այն արտում, որը Մամբրեի դիմացն է, և որն Աբրահամը քետացի Եփրոնից գնել էր որպես սեփական հողակտոր՝ գերեզմանի համար:+ 14 Հորը թաղելուց հետո Հովսեփն իր եղբայրների և իրեն ուղեկցող մյուս բոլոր մարդկանց հետ վերադարձավ Եգիպտոս:
15 Հովսեփի եղբայրները իրենց հոր մահից հետո ասացին իրար. «Հնարավոր է՝ Հովսեփը ոխ է պահում մեր դեմ: Նա մեզ հաստատ կհատուցի այն ողջ չարիքի դիմաց, որ արել ենք իրեն»:+ 16 Ուստի նրանք Հովսեփին այս խոսքերը հաղորդեցին. «Հայրդ մեռնելուց առաջ պատվիրեց. 17 «Հովսեփին ասեք. «Աղաչում եմ, ներիր եղբայրներիդ հանցանքը՝ այն մեղքը, որ նրանք գործեցին՝ այդպիսի չարիք անելով քեզ»»: Եվ հիմա խնդրում ենք, որ ներես մեր հանցանքը՝ քո հոր Աստծու ծառաների»: Այդ խոսքերը լսելով՝ Հովսեփը լաց եղավ: 18 Հետո նրա եղբայրները եկան, ծնկի գալով խոնարհվեցին նրա առաջ և ասացին. «Մենք քո ծառաներն ենք»:+ 19 Հովսեփն ասաց նրանց. «Մի՛ վախեցեք. մի՞թե ես Աստված եմ: 20 Թեև դուք մտադրվել էիք չարիք անել ինձ,+ բայց Աստված որոշեց բարիքի վերածել այն և շատ մարդկանց կյանքեր փրկել, ինչպես որ անում է հիմա:+ 21 Այնպես որ մի՛ վախեցեք: Ես ձեզ ու ձեր երեխաներին սննդով կապահովեմ»:+ Այդպես նա մխիթարեց նրանց և հանգստացրեց իր խոսքերով:
22 Հովսեփը շարունակեց ապրել Եգիպտոսում, ինչպես նա, այնպես էլ իր հոր տունը: Նա 110 տարի ապրեց: 23 Հովսեփը տեսավ Եփրեմի թոռներին՝+ երրորդ սերունդը, ինչպես նաև Մանասեի որդու՝ Մաքիրի+ որդիներին: Նրանք Հովսեփի ծնկներին մեծացան:* 24 Մահվան շեմին նա իր եղբայրներին* ասաց. «Ես մահանում եմ, բայց Աստված, անկասկած, ուշադրություն կդարձնի ձեզ.+ նա կհանի ձեզ այս երկրից ու կտանի այն երկիրը, որի համար երդում է տվել Աբրահամին, Իսահակին ու Հակոբին»:+ 25 Հովսեփը Իսրայելի որդիներին երդվել տվեց՝ ասելով. «Երբ Աստված ուշադրություն դարձնի ձեզ, խոստացեք, որ իմ ոսկորները կտանեք այստեղից»:+ 26 Հովսեփը մահացավ 110 տարեկանում Եգիպտոսում, և նրան զմռսեցին+ ու դագաղի մեջ դրեցին: