1 Սամուել
7 Կարիաթարիմի բնակիչները եկան, վերցրին Եհովայի տապանակն ու տարան Աբինադաբի տուն,+ որը բլրի վրա էր, իսկ նրա որդուն՝ Եղիազարին, նշանակեցին,* որ ստանձնի Եհովայի տապանակը պահպանելու սուրբ պատասխանատվությունը:
2 Տապանակը Կարիաթարիմ տանելուց հետո անցավ երկար ժամանակ՝ 20 տարի, և Իսրայելի ողջ ժողովուրդը սկսեց փնտրել Եհովայի բարեհաճությունը:*+ 3 Սամուելը իսրայելացիներին ասաց. «Եթե դուք ձեր ամբողջ սրտով եք վերադառնում Եհովայի մոտ,+ ապա ձեր միջից հեռացրե՛ք օտար աստվածներն+ ու Աստարտեի կուռքերը,*+ ձեր սրտերը ամբողջությամբ Եհովայի՛ն նվիրեք,+ միայն նրա՛ն ծառայեք, և նա կփրկի ձեզ փղշտացիների ձեռքից»:+ 4 Ուստի իսրայելացիները հեռացրին Բահաղներին և Աստարտեի կուռքերին ու սկսեցին միայն Եհովային ծառայել:+
5 Այնուհետև Սամուելն ասաց. «Ամբողջ Իսրայելին հավաքեք Մասփայում,+ և ես կաղոթեմ Եհովային ձեզ համար»:+ 6 Նրանք էլ հավաքվեցին Մասփայում և ջրհորից ջուր հանելով՝ Եհովայի առաջ թափեցին:* Այդ օրը նրանք ծոմ պահեցին+ ու ասացին. «Մենք մեղք ենք գործել Եհովայի դեմ»:+ Մասփայում Սամուելը սկսեց դատավորություն+ անել:
7 Երբ փղշտացիները իմացան, որ իսրայելացիները հավաքվել են Մասփայում, նրանց կառավարիչները+ դուրս եկան Իսրայելի դեմ: Լսելով այդ մասին՝ իսրայելացիները վախով լցվեցին: 8 Ուստի Սամուելին ասացին. «Շարունակիր աղոթել մեր Աստված Եհովային, որ օգնի մեզ+ ու փրկի փղշտացիների ձեռքից»: 9 Այդ ժամանակ Սամուելը մի կաթնակեր գառնուկ վերցրեց և որպես ողջակեզ+ մատուցեց Եհովային: Նա Իսրայելի համար Եհովային օգնության կանչեց, և Եհովան պատասխանեց նրան:+ 10 Մինչ Սամուելը մատուցում էր ողջակեզը, փղշտացիները առաջ շարժվեցին, որ կռվեն իսրայելացիների դեմ: Եհովան այդ օրը ուժգին որոտ թնդացրեց+ ու փղշտացիներին խուճապի մեջ գցեց,+ և Իսրայելը պարտության մատնեց նրանց:+ 11 Իսրայելացիները դուրս եկան Մասփայից և փղշտացիներին հետապնդեցին մինչև Բեթ-Քորի հարավ՝ կոտորելով նրանց: 12 Դրանից հետո Սամուելը մի քար վերցրեց,+ դրեց Մասփայի ու Հեսանայի միջև և այն կոչեց Աբենեզեր:* Նա ասաց. «Մինչև հիմա Եհովան օգնում է մեզ»:+ 13 Այսպիսով՝ իսրայելացիները հպատակեցրին փղշտացիներին, և նրանք այլևս չմտան Իսրայելի տարածք:+ Սամուելի կյանքի բոլոր օրերում Եհովան շարունակում էր սանձել փղշտացիներին:+ 14 Նաև այն քաղաքները, որ փղշտացիները իսրայելացիներից վերցրել էին՝ Ակկարոնից մինչև Գեթ, վերադարձվեցին նրանց: Այդպես Իսրայելը իր տարածքը հետ վերցրեց փղշտացիների ձեռքից:
Բացի այդ՝ իսրայելացիների ու ամորհացիների+ միջև խաղաղություն էր տիրում:
15 Սամուելը իր ողջ կյանքում դատավորություն արեց Իսրայելում:+ 16 Ամեն տարի նա գնում էր Բեթել,+ Գաղգաղա+ ու Մասփա+ և այդ բոլոր տեղերում վարում էր Իսրայելի դատերը: 17 Հետո վերադառնում էր Ռամա՝+ իր տուն, որտեղ ևս վարում էր Իսրայելի դատերը: Այնտեղ նա Եհովայի համար զոհասեղան կառուցեց:+