Դատավորներ
15 Որոշ ժամանակ անց՝ ցորենի հնձի օրերին, Սամսոնը մի ուլ վերցրեց ու գնաց իր կնոջն* այցելելու: Նա ասաց. «Ուզում եմ մտնել կնոջս ննջասենյակ»: Բայց կնոջ հայրը չթողեց նրան, որ ներս մտնի: 2 Նրա հայրն ասաց. «Ես մտածեցի, որ դու ատում ես աղջկաս,+ և նրան կնության տվեցի փեսեղբայրներից մեկին:+ Նրա կրտսեր քույրը ավելի գրավիչ չէ՞: Խնդրում եմ, նրա փոխարեն քրոջը կնության առ»: 3 Սամսոնն էլ ասաց. «Այս անգամ փղշտացիները ինձ չեն կարող մեղադրել իրենց վնաս հասցնելու համար»:
4 Սամսոնը գնաց, 300 աղվես բռնեց, ապա ջահեր վերցրեց, աղվեսների պոչերն իրար կապեց և ամեն զույգ պոչի արանքում մի-մի ջահ դրեց: 5 Հետո ջահերը վառեց ու աղվեսներին բաց թողեց փղշտացիների ցորենի արտերի մեջ: Նա այրեց ամեն ինչ՝ կապած խրձերից մինչև չհնձած հացահատիկը, նաև խաղողի ու ձիթենու այգիները:
6 Փղշտացիները հարցրին. «Ո՞վ է արել սա»: Նրանց ասացին. «Սամսոնը՝ թամնացու փեսան, որովհետև նրա աները նրա կնոջը փեսեղբայրներից մեկին կնության է տվել»:+ Այդ ժամանակ փղշտացիները գնացին և կնոջն ու նրա հորը այրեցին:+ 7 Սամսոնն ասաց նրանց. «Դե որ այդպես է, մինչև ձեզանից վրեժ չառնեմ, չեմ հանգստանա»:+ 8 Նա իրար հետևից կոտորեց նրանց. սպանվածները շատ-շատ էին: Այնուհետև գնաց ու բնակվեց Եթամ ժայռի խոռոչում:
9 Ավելի ուշ փղշտացիները գնացին, բանակ դրեցին Հուդայում և ներխուժեցին Լեքի:+ 10 Հուդայի տղամարդիկ ասացին. «Ինչո՞ւ եք մեր դեմ դուրս եկել»: Նրանք էլ պատասխանեցին. «Եկել ենք Սամսոնին բռնելու,* որպեսզի նրա հետ վարվենք այնպես, ինչպես որ նա վարվեց մեզ հետ»: 11 Ուստի Հուդայից 3 000 մարդ գնաց Եթամ ժայռի խոռոչի մոտ: Նրանք հարցրին Սամսոնին. «Ի՞նչ է, չգիտե՞ս, որ փղշտացիներն իշխում են մեզ վրա:+ Ինչո՞ւ այդ բանն արեցիր»: Նա էլ պատասխանեց. «Ինչպես որ նրանք վարվեցին ինձ հետ, այդպես էլ ես վարվեցի նրանց հետ»: 12 Բայց նրանք ասացին. «Մենք եկել ենք, որ քեզ բռնենք* ու փղշտացիների ձեռքը տանք»: Սամսոնն ասաց. «Երդվեք, որ դուք չեք փորձի ինձ սպանել»: 13 Նրանք էլ պատասխանեցին. «Ո՛չ, քեզ չենք սպանի, միայն կկապենք ու նրանց ձեռքը կտանք»:
Ուստի երկու նոր պարաններով կապեցին նրան ու ժայռից դուրս բերեցին: 14 Երբ Սամսոնը եկավ Լեքի, փղշտացիները, տեսնելով նրան, սկսեցին հաղթական ձայնով գոչել: Այդ ժամանակ Եհովայի ոգին զորացրեց Սամսոնին,+ և նրա բազուկների պարանները խանձված վուշե թելի պես դարձան, ու կապանքներն ընկան նրա ձեռքերից:+ 15 Նա էշի ծնոտ գտավ, որը դեռ չէր չորացել, ձեռքը մեկնեց, վերցրեց այն ու դրանով 1 000 մարդ կոտորեց:+ 16 Այդ ժամանակ Սամսոնն ասաց.
«Էշի ծնոտով՝ մեկ դեզ, երկու դեզ:
Էշի ծնոտով 1 000 մարդ կոտորեցի»:+
17 Խոսքն ավարտելուց հետո նա ծնոտը մի կողմ նետեց և այդ վայրը կոչեց Ռամաթ-Լեքի:*+ 18 Սամսոնը խիստ ծարավեց, ուստի օգնության կանչեց Եհովային՝ ասելով. «Դո՛ւ պարգևեցիր այս մեծ փրկությունը քո ծառայի ձեռքով: Եվ հիմա մի՞թե ծարավից պիտի մեռնեմ և անթլփատների ձեռքն ընկնեմ»: 19 Այդ ժամանակ Աստված Լեքիում մի փոս բացեց, և այնտեղից ջուր հոսեց:+ Երբ Սամսոնը խմեց, նրա ուժը վերականգնվեց,* և նա առույգացավ: Այդ պատճառով նա այդ տեղը Ենգորե* կոչեց. այն մինչև այսօր Լեքիում է գտնվում:
20 Սամսոնը փղշտացիների տիրապետության օրոք 20 տարի դատավորություն արեց Իսրայելում:+