Ելք
13 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 2 «Իսրայելացիների միջից ամեն արու առաջնեկի* ինձ նվիրիր:* Ինչպես մարդկանց, այնպես էլ անասունների արու առաջնեկը ինձ է պատկանում»:+
3 Ապա Մովսեսն ասաց ժողովրդին. «Հիշեք այս օրը, երբ դուրս եկաք Եգիպտոսից՝+ ձեր ստրկության երկրից,* երբ Եհովան զորավոր ձեռքով հանեց ձեզ այստեղից:+ Թթխմորով պատրաստված ոչ մի բան չպետք է ուտեք: 4 Դուք դուրս եկաք այս օրը՝ աբիբ* ամսին:+ 5 Երբ Եհովան ձեզ տանի քանանացիների, քետացիների, ամորհացիների, խևացիների և հեբուսացիների+ երկիրը, որը նա ձեր նախահայրերին երդվել էր ձեզ տալ,+ մի երկիր, որտեղ կաթ ու մեղր է հոսում,+ ամեն տարի այս ամսին նշեք այս տոնը: 6 Յոթ օր անթթխմոր հաց պետք է ուտեք,+ իսկ յոթերորդ օրը տոն կլինի Եհովայի պատվին: 7 Յոթ օր պետք է անթթխմոր հաց ուտեք.+ թթխմորով պատրաստված ոչ մի բան չպետք է լինի ձեզ մոտ,+ և ձեր ողջ տարածքում* ընդհանրապես թթխմոր չպետք է լինի: 8 Այդ օրը ձեր զավակներին կասեք. «Այս ամենը արվում է ի հիշատակ այն բանի, թե Եհովան ինչ արեց մեզ համար, երբ դուրս եկանք Եգիպտոսից»:+ 9 Սա ձեզ համար հիշեցում կլինի՝ ասես ձեր ձեռքին ու ճակատին*+ դրված մի նշան, որպեսզի Եհովայի օրենքը ձեր շուրթերին* լինի: Չէ՞ որ Եհովան զորավոր ձեռքով հանեց ձեզ Եգիպտոսից: 10 Դուք պետք է պահեք այս կանոնը և տարեցտարի՝ սահմանված ժամանակին, նշեք այս տոնը:+
11 Երբ Եհովան ձեզ տանի քանանացիների երկիր, որը նա ձեզ ու ձեր նախահայրերին երդվել էր տալ ձեզ,+ 12 ձեր ամեն արու առաջնեկին պետք է նվիրեք Եհովային, ինչպես նաև ձեր ձեռք բերած անասունների ամեն առաջնեկին: Արու առաջնեկները Եհովային են պատկանում:+ 13 Էշի առաջնեկին ոչխարով փրկագնեք,* իսկ եթե չփրկագնեք, ապա դրա վիզը կոտրեք: Նաև պետք է փրկագնեք ձեր ամեն առաջնեկ որդուն:+
14 Եթե հետագայում ձեր զավակները հարցնեն ձեզ՝ «Ինչի՞ համար է արվում սա», նրանց կասեք. «Եհովան զորավոր ձեռքով հանեց մեզ Եգիպտոսից՝ մեր ստրկության երկրից:+ 15 Երբ փարավոնը համառորեն հրաժարվում էր ազատ արձակել մեզ,+ Եհովան սպանեց Եգիպտոսի բոլոր առաջնեկներին՝ մարդկանց առաջնեկներից մինչև անասունների առաջնեկները:+ Ահա թե ինչու ենք անասունների բոլոր արու առաջնեկներին զոհ բերում Եհովային, իսկ մեր բոլոր առաջնեկ որդիներին փրկագնում ենք»: 16 Սա ձեզ համար ասես նշան կլինի՝ դրված ձեր ձեռքին, և ասես ժապավեն՝ կապված ձեր ճակատին,+ որպեսզի հիշեք, որ Եհովան հզոր ձեռքով հանեց ձեզ Եգիպտոսից»:
17 Երբ փարավոնն ազատ արձակեց ժողովրդին, Աստված նրանց չտարավ փղշտացիների երկրով անցնող ճանապարհով, չնայած որ այն կարճ էր: Նա ասաց. «Պատերազմ տեսնելով՝ ժողովուրդը գուցե մտքափոխ լինի և վերադառնա Եգիպտոս»: 18 Այդ պատճառով Աստված ժողովրդին տարավ Կարմիր ծովի մոտ գտնվող անապատի շրջանցիկ ճանապարհով:+ Իսրայելացիները Եգիպտոսից դուրս եկան մարտական կարգով: 19 Մովսեսն իր հետ վերցրեց Հովսեփի ոսկորները, որովհետև Հովսեփը Իսրայելի որդիներին երդվել էր տվել՝ ասելով. «Երբ Աստված ուշադրություն դարձնի ձեզ, խոստացեք, որ իմ ոսկորները կտանեք այստեղից»:+ 20 Իսրայելացիները մեկնեցին Սոկքոթից և ճամբար դրեցին Ոթոմում՝ անապատի եզրին:
21 Եհովան գնում էր նրանց առջևից. ցերեկը՝ ամպի սյունով՝ ցույց տալով ճանապարհը,+ իսկ գիշերը՝ կրակի սյունով՝ լուսավորելով նրանց: Այդպես նրանք կարողանում էին գնալ թե՛ ցերեկը, թե՛ գիշերը:+ 22 Ցերեկը ժողովրդի առջևից չէր հեռանում ամպի սյունը, իսկ գիշերը՝ կրակի սյունը:+