1 Տարեգրություն
17 Այն բանից հետո, երբ Դավիթը սկսեց բնակվել իր պալատում, Նաթան+ մարգարեին ասաց. «Ես ապրում եմ մայրու փայտից կառուցված պալատում,+ մինչդեռ Եհովայի ուխտի տապանակը վրանում է»:+ 2 Ի պատասխան՝ Նաթանն ասաց Դավթին. «Ինչ որ մտադրել ես, արա, որովհետև ճշմարիտ Աստված քեզ հետ է»:
3 Հենց այդ գիշեր Աստված իր խոսքը հայտնեց Նաթանին՝ ասելով. 4 «Գնա և իմ ծառա Դավթին ասա. «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Ինձ համար բնակվելու տուն դո՛ւ չես կառուցելու:+ 5 Այն օրից ի վեր, երբ Իսրայելին հանեցի Եգիպտոսից, ես տան մեջ չեմ բնակվել, այլ միշտ վրանում եմ բնակվել* և մի վայրից մյուսն եմ գնացել:+ 6 Այն ողջ ընթացքում, երբ իսրայելացիների հետ շրջում էի, մի՞թե Իսրայելի դատավորներին, որոնց նշանակել էի հովվելու իմ ժողովրդին, երբևէ հարցրել եմ, թե ինչու ինձ համար մայրու փայտից տուն չեն կառուցել»»:
7 Իմ ծառա Դավթին նաև ասա. «Ահա թե ինչ է ասում Զորքերի տեր Եհովան. «Երբ դու, արոտավայրերում հոտի հետևից գնալով, հովվում էիր այն, ես քեզ վերցրի և իմ ժողովրդի՝ Իսրայելի առաջնորդը դարձրի:+ 8 Ես քեզ հետ եմ լինելու, ուր էլ որ գնաս,+ քո առջևից ոչնչացնելու եմ բոլոր թշնամիներիդ+ ու քո անունը երկրի մեծամեծների անվան պես հայտնի եմ դարձնելու:+ 9 Իմ ժողովրդի՝ Իսրայելի համար բնակվելու տեղ եմ ընտրելու: Նա ապրելու է այնտեղ, և նրան այլևս չեն անհանգստացնելու: Չարագործները էլ չեն ճնշելու նրան, ինչպես անում էին առաջ՝+ 10 սկսած այն օրից, երբ դատավորներ նշանակեցի իմ ժողովրդին՝ Իսրայելին առաջնորդելու համար:+ Ես հպատակեցնելու եմ քո բոլոր թշնամիներին:+ Ավելին՝ ես՝ Եհովաս, քեզ համար տուն* եմ կառուցելու:
11 Երբ կյանքդ իր ավարտին հասնի, և դու ննջես քո նախահայրերի հետ, ես քո սերնդին՝ քո որդիներից մեկին,+ թագավոր եմ դարձնելու և ամուր հաստատելու եմ նրա թագավորական իշխանությունը:+ 12 Նա է ինձ համար տուն կառուցելու,+ և ես նրա գահը հավիտենապես հաստատուն եմ դարձնելու:+ 13 Ես նրա հայրն եմ դառնալու, ու նա իմ որդին է լինելու:+ Իմ հավատարիմ սիրուց չեմ զրկելու նրան,+ ինչպես որ զրկեցի այն մարդուն, ով իշխում էր քեզնից առաջ:+ 14 Իմ տան և իմ թագավորության մեջ ես առհավետ հաստատելու եմ նրա իշխանությունը,+ ու նրա գահը հավիտյան կանգուն է մնալու»»»:+
15 Նաթանը Դավթին պատմեց տեսիլքը և հաղորդեց դրանում ասված այս խոսքերը:
16 Այդ ժամանակ Դավիթ թագավորը գնաց, նստեց Եհովայի առաջ և ասաց. «Ո՞վ եմ ես, Եհո՛վա Աստված, և ինչո՞վ է առանձնահատուկ իմ ընտանիքը,* որ դու այսքան բան ես արել ինձ համար:+ 17 Ասես դա էլ բավական չէ, ո՛վ Աստված, դու նաև խոսում ես ծառայիդ տան հեռավոր ապագայի մասին:+ Ո՛վ Եհովա Աստված, դու ինձ համարում ես ավելի մեծ պատվի արժանի մարդ:* 18 Ուրիշ ի՞նչ կարող է ասել քո ծառա Դավիթը այն պատվի մասին, որին արժանացրել ես իրեն. չէ՞ որ դու շատ լավ ես ճանաչում ծառայիդ:+ 19 Ո՛վ Եհովա, հանուն քո ծառայի և համաձայն քո կամքի՝ դու արեցիր այս բոլոր մեծամեծ գործերը՝ ցույց տալով քո մեծությունը:+ 20 Ո՛վ Եհովա, քեզ նմանը չկա,+ և քեզնից բացի ուրիշ Աստված չկա.+ այն ամենը, ինչ լսել ենք մեր ականջներով, հաստատում է դա: 21 Եվ երկրի վրա ո՞ր ազգն է քո ժողովրդի՝ Իսրայելի նման:+ Ո՛վ ճշմարիտ Աստված, դու փրկագնեցիր նրան, որ քո ժողովուրդը լինի:+ Դու հայտնի դարձրիր քո անունը՝ մեծամեծ ու ակնածանք ներշնչող գործեր անելով.+ քշեցիր ազգերին քո ժողովրդի առաջից,+ որին քեզ համար փրկագնեցիր Եգիպտոսից: 22 Իսրայելին առհավետ քո սեփական ժողովուրդը դարձրիր,+ և դու, ո՛վ Եհովա, դարձար նրա Աստվածը:+ 23 Եվ հիմա, ո՛վ Եհովա, ծառայիդ ու իր տան մասին տվածդ խոստումը հավիտյան թող ուժի մեջ լինի, և խնդրում եմ, արա այն, ինչ խոստացել ես:+ 24 Թող անունդ հավիտյան մնա և միշտ մեծարվի,+ որպեսզի մարդիկ ասեն. «Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը, Աստված է, ով իշխում է Իսրայելում»: Եվ թող ծառայիդ՝ Դավթի տունը ամուր հաստատված լինի քո առջև:+ 25 Ո՛վ իմ Աստված, դու հայտնեցիր ծառայիդ, որ մտադիր ես նրա համար տուն* կառուցել, դրա համար էլ քո ծառան վստահությամբ դիմում է քեզ այս աղոթքով: 26 Ո՛վ Եհովա, դու ես ճշմարիտ Աստվածը: Դու ես խոստացել, որ այս լավ բաները կանես քո ծառայի համար: 27 Ուստի թող քեզ համար հաճելի լինի օրհնել ծառայիդ տունը, և թող այն հավիտյան քո առջև մնա, քանի որ դու ես օրհնել ծառայիդ տունը, ո՛վ Եհովա, և այն հավիտյան օրհնված է»: