Գործեր
11 Հրեաստանում գտնվող եղբայրներն ու առաքյալները լսեցին, որ այլազգի մարդիկ նույնպես ընդունել են Աստծու խոսքը: 2 Ուստի երբ Պետրոսը եկավ Երուսաղեմ, թլփատության կողմնակիցները+ սկսեցին քննադատել նրան՝* 3 ասելով. «Դու մտել ես անթլփատ մարդկանց տուն ու նրանց հետ հաց ես կերել»: 4 Պետրոսն էլ սկսեց մանրամասնորեն պատմել ամեն բան.
5 «Ես աղոթք էի անում Հոպպե քաղաքում և տեսիլք տեսա. կտավե մեծ կտորի պես մի բան,* չորս ծայրերից կախված, իջնում էր երկնքից և հասավ մինչև ինձ:+ 6 Ես ուշադիր դրա մեջ նայեցի ու տեսա չորքոտանի կենդանիներ, գազաններ, սողուններ ու երկնքի թռչուններ: 7 Նաև մի ձայն լսեցի. «Վե՛ր կաց, Պետրո՛ս, մորթի՛ր ու կե՛ր»: 8 Բայց ես ասացի. «Ոչ մի դեպքում, Տե՛ր, որովհետև երբեք պիղծ կամ անմաքուր բան բերանս չեմ առել»: 9 Երկնքից երկրորդ անգամ լսեցի այդ ձայնը, որն ասաց. «Ինչ որ Աստված մաքրել է, դու այլևս պիղծ մի՛ կոչիր»: 10 Նույնը եղավ նաև երրորդ անգամ, և ամեն ինչ երկինք բարձրացվեց: 11 Հենց այդ պահին երեք մարդ մոտեցան այն տանը, որտեղ մենք մնում էինք. նրանք Կեսարիայից ինձ մոտ էին ուղարկվել:+ 12 Ոգին ինձ ասաց, որ առանց երկմտելու նրանց հետ գնամ: Այս վեց եղբայրները նույնպես եկան ինձ հետ, ու մենք մտանք այդ մարդու տուն:
13 Նա մեզ պատմեց, որ իր տանը տեսել է մի հրեշտակի, որն ասել է. «Մարդ ուղարկիր Հոպպե և կանչիր Սիմոնին, որին Պետրոս են կոչում,+ 14 և նա քեզ կպատմի, թե դու և քո ընտանիքը ինչպես կարող եք փրկվել»: 15 Բայց երբ սկսեցի խոսել, սուրբ ոգին իջավ նրանց վրա, ինչպես որ սկզբում մեզ վրա էր իջել:+ 16 Եվ ես հիշեցի Տիրոջ խոսքերը. «Հովհաննեսը ջրով մկրտեց,+ բայց դուք սուրբ ոգով եք մկրտվելու»:+ 17 Ուրեմն եթե Աստված այն պարգևը, որը տվել էր մեզ՝ Տեր Հիսուս Քրիստոսին հավատացողներիս, տվեց նաև նրանց, ո՞վ էի ես, որ խանգարեի Աստծուն»:+
18 Երբ նրանք լսեցին այս ամենը, այլևս չվիճեցին Պետրոսի հետ և փառաբանեցին Աստծուն՝ ասելով. «Ուրեմն Աստված ուրիշ ազգերի մարդկանց նույնպես զղջալու հնարավորություն է տվել, որպեսզի կյանք ստանան»:+
19 Նրանք, ովքեր Ստեփանոսի սպանությանը+ հաջորդած հալածանքի պատճառով ցիրուցան էին եղել և հասել էին մինչև Փյունիկիա, Կիպրոս և Անտիոք, քարոզում էին միայն հրեաներին:+ 20 Այնուամենայնիվ, Կիպրոսից և Կյուրենիայից ոմանք եկան Անտիոք ու սկսեցին Տեր Հիսուսի մասին բարի լուրը քարոզել հունախոսներին: 21 Եհովան* նրանց հետ էր, ու մեծ թվով մարդիկ հավատացին Տիրոջը և նրա հետևորդները դարձան:+
22 Նրանց մասին այս լուրը հասավ Երուսաղեմի ժողովին, և Բառնաբասին+ ուղարկեցին Անտիոք: 23 Երբ նա եկավ ու տեսավ, թե Աստված ինչպես է անզուգական բարություն դրսևորել աշակերտների հանդեպ, ուրախացավ: Բառնաբասը սկսեց քաջալերել բոլորին, որ շարունակեն ամբողջ սրտով նվիրված մնալ Տիրոջը,+ 24 քանի որ բարի մարդ էր, մեծ հավատ ուներ և լցված էր սուրբ ոգով: Եվ մեծ թվով մարդիկ հավատացին Տիրոջը:+ 25 Հետո նա գնաց Տարսոն, որպեսզի Սողոսին փնտրի,+ 26 ու երբ գտավ, նրան բերեց Անտիոք: Մի ամբողջ տարի նրանք աշակերտների հետ հավաքվում էին ժողովում և ուսուցանում էին շատերին: Առաջին անգամ Անտիոքում էր, որ աշակերտները Աստծու կամքով քրիստոնյաներ կոչվեցին:+
27 Այդ օրերին Երուսաղեմից մարգարեներ+ եկան Անտիոք: 28 Նրանցից մեկը, որի անունը Ագաբոս էր,+ ոգու առաջնորդությամբ մարգարեացավ, որ մեծ սով է լինելու ողջ երկրում,+ ինչը եղավ Կլավդիոսի օրերում: 29 Ուստի աշակերտները որոշեցին օգնություն ուղարկել+ Հրեաստանում ապրող եղբայրներին՝ յուրաքանչյուրն իր կարողության չափով:+ 30 Նրանք այդպես էլ արեցին. Բառնաբասի ու Սողոսի միջոցով այն ուղարկեցին երեցներին:+