1 Սամուել
18 Դավթի ու Սավուղի զրույցից շատ չանցած՝ Դավիթն ու Հովնաթանը+ մտերիմ ընկերներ դարձան,* և Հովնաթանը սկսեց իր անձի պես սիրել նրան:+ 2 Նույն օրը Սավուղը Դավթին իր մոտ ծառայության վերցրեց և թույլ չտվեց, որ նա վերադառնա հոր տուն:+ 3 Հովնաթանն ու Դավիթը ուխտ* կապեցին իրար հետ,+ որովհետև Հովնաթանն իր անձի պես սիրում էր նրան:+ 4 Նա հանեց իր անթև վերնահագուստն ու Դավթին տվեց, նաև տվեց իր ռազմական հագուստը, սուրը, աղեղն ու գոտին: 5 Դավիթը սկսեց պատերազմների գնալ, և ուր էլ որ Սավուղը նրան ուղարկում էր, նա հաջողություն էր ունենում:*+ Ուստի Սավուղը նրան զորքի հրամանատար նշանակեց:+ Այդ որոշումը դուր եկավ ողջ ժողովրդին և Սավուղի ծառաներին:
6 Երբ Դավիթն ու մյուս ռազմիկները փղշտացիներին կոտորելուց հետո վերադառնում էին, Իսրայելի բոլոր քաղաքներից կանայք դափերով, ջնարներով,* ուրախ բացականչություններով, երգ+ ու պարով դուրս էին գալիս՝ Սավուղ թագավորին դիմավորելու:+ 7 Տոնախմբությանը մասնակցող կանայք երգում էին.
«Սավուղը հազարավորների կոտորեց,
Իսկ Դավիթը՝ տասնյակ հազարավորների»:+
8 Ի վերջո Սավուղը խիստ բարկացավ.+ նրան դուր չեկավ այս երգը, և նա ասաց. «Նրանք երգում են, որ Դավիթը տասնյակ հազարավորների սպանեց, իսկ ես՝ հազարավորների: Մնում է՝ թագավորությունն էլ նրան տրվի»:+ 9 Այդ օրվանից Սավուղը սկսեց կասկածանքով նայել Դավթին:
10 Հաջորդ օրը, երբ Դավիթը սովորականի պես քնար էր նվագում,+ Աստծուց վատ ոգի* եկավ Սավուղի վրա,*+ և նա սկսեց իրեն տարօրինակ* պահել տանը: Սավուղի ձեռքին նիզակ կար:+ 11 Նա նետեց այն՝+ մտածելով. «Դավթին պատին գամեմ»: Բայց Դավիթը երկու անգամ խույս տվեց: 12 Սավուղը սկսեց վախենալ Դավթից, որովհետև Եհովան նրա հետ էր,+ իսկ իրենից հեռացել էր:+ 13 Սավուղը Դավթին հազարապետ նշանակեց, որ հեռու լինի իրենից. Դավիթը պատերազմի ժամանակ առաջնորդում էր զորքը:*+ 14 Նա ամեն ինչում հաջողություն էր ունենում,*+ ու Եհովան նրա հետ էր:+ 15 Երբ Սավուղը տեսավ, որ Դավիթը շատ հաջողություններ է ունենում, է՛լ ավելի վախեցավ նրանից: 16 Բայց ամբողջ Իսրայելն ու Հուդան սիրում էին Դավթին, քանի որ նա էր իրենց առաջնորդում ռազմարշավների ժամանակ:
17 Մի անգամ Սավուղն ասաց Դավթին. «Ահա իմ ավագ դուստրը՝ Մերոբը:+ Ես նրան կնության կտամ քեզ:+ Սակայն դու պետք է շարունակես խիզախորեն ծառայել ինձ և մղել Եհովայի պատերազմները»:+ Բայց Սավուղը մտածում էր. «Թող իմ ձեռքով չմեռնի: Թող փղշտացիները սպանեն նրան»:+ 18 Դավիթն էլ պատասխանեց Սավուղին. «Ո՞վ եմ ես, և ովքե՞ր են իմ ազգականները՝ իմ հոր տոհմը Իսրայելում, որ թագավորի փեսան դառնամ»:+ 19 Սակայն երբ ժամանակը եկավ, որ Դավիթն ամուսնանա Մերոբի՝ Սավուղի դստեր հետ, Մերոբն արդեն կնության էր տրվել մաուլացի Եդրիելին:+
20 Սավուղի դուստրը՝ Մեղքողը,+ սիրահարված էր Դավթին, և երբ այդ մասին հայտնեցին Սավուղին, դա նրան դուր եկավ: 21 Նա մտածեց. «Ես աղջկաս կնության կտամ Դավթին. դա ծուղակ կդառնա նրա համար, ու նա գուցե սպանվի փղշտացիների ձեռքով»:+ Եվ Սավուղը երկրորդ անգամ ասաց Դավթին. «Իմ փեսան դարձիր»: 22 Հետո նա իր ծառաներին պատվիրեց. «Դավթի հետ գաղտնի խոսեք ու ասեք. «Թագավորը քեզ հավանել է, և նրա բոլոր ծառաները սիրում են քեզ: Թագավորի փեսան դարձիր»»: 23 Երբ Սավուղի ծառաները Դավթին ասացին այս խոսքերը, նա պատասխանեց. «Ձեր կարծիքով՝ ինձ նման աղքատ ու աննշան մարդու համար հե՞շտ է թագավորի փեսա դառնալը»:+ 24 Դավթի այս խոսքերը ծառաները հայտնեցին Սավուղին:
25 Այդ ժամանակ Սավուղն ասաց. «Դավթին ասեք. «Թագավորը որպես հարսնագին,+ փղշտացիների 100 թլիփից+ բացի, ուրիշ ոչինչ չի ցանկանում, քանի որ ուզում է վրեժխնդիր լինել իր թշնամիներից»»: Բայց իրականում Սավուղը ծրագրել էր փղշտացիների ձեռքով սպանել Դավթին: 26 Նրա ծառաները Դավթին հայտնեցին այդ խոսքերը, և թագավորի փեսան դառնալու միտքը դուր եկավ նրան:+ Նախքան սահմանված ժամանակը կավարտվեր, 27 Դավիթն իր մարդկանց հետ գնաց, 200 փղշտացի սպանեց և բոլորի թլիփները բերեց ու տվեց թագավորին, որպեսզի նրա փեսան դառնա: Ուստի Սավուղը Մեղքողին կնության տվեց նրան:+ 28 Նա հասկացավ, որ Եհովան Դավթի հետ է,+ և որ իր դուստրը՝ Մեղքողը, սիրում է Դավթին:+ 29 Սավուղը սկսեց ավելի շատ վախենալ Դավթից և մինչև իր կյանքի վերջը թշնամությամբ վերաբերվեց նրան:+
30 Ամեն անգամ, երբ փղշտացիների իշխանները Իսրայելի դեմ պատերազմի էին դուրս գալիս, Դավիթը ավելի մեծ հաջողություն էր ունենում,* քան Սավուղի մյուս բոլոր ծառաները:+ Եվ նա մեծ անուն ձեռք բերեց:+