Մարկոս
12 Հիսուսը սկսեց առակներով խոսել. «Մի մարդ այգի տնկեց,+ շուրջբոլորը ցանկապատեց, հնձան փորեց այնտեղ ու մի դիտաշտարակ կանգնեցրեց:+ Հետո այն վարձով տվեց մշակներին ու գնաց օտար երկիր:+ 2 Երբ եկավ բերքահավաքի ժամանակը, մշակների մոտ մի ծառա ուղարկեց բերքից որոշակի բաժին ստանալու: 3 Բայց նրանք բռնեցին ծառային, ծեծեցին ու դատարկաձեռն հետ ուղարկեցին: 4 Տերը նորից մի ծառա ուղարկեց մշակների մոտ: Բայց նրա գլխին հարվածեցին ու նվաստացրին նրան:+ 5 Հետո մեկ ուրիշին ուղարկեց: Եվ այդ մեկին սպանեցին: Ուրիշ շատերին էլ ուղարկեց, բայց ոմանց ծեծեցին, ոմանց էլ սպանեցին: 6 Այգու տերը մի սիրելի որդի ուներ:+ Վերջում նրան ուղարկեց մշակների մոտ՝ մտածելով. «Կհարգեն որդուս»: 7 Բայց մշակներն իրար ասացին. «Սա է ժառանգը:+ Եկեք սպանենք նրան, ու նրա ժառանգությունը մեզ կմնա»: 8 Այդպիսով՝ բռնեցին նրան, սպանեցին և այգուց դուրս գցեցին:+ 9 Ուստի այգու տերը ի՞նչ կանի: Նա կգա ու կսպանի մշակներին, այգին էլ ուրիշներին կտա:+ 10 Երբևէ չե՞ք կարդացել սուրբ գրվածքների այս հատվածը. «Այն քարը, որը մերժեցին շինարարները, դարձավ գլխավոր անկյունաքարը:*+ 11 Դա Եհովայի* արածն է և մեզ համար հիասքանչ է»»:+
12 Հիսուսի հակառակորդները ուզում էին բռնել* նրան, որովհետև հասկացան, որ այդ առակը պատմեց՝ իրենց նկատի ունենալով: Բայց քանի որ ժողովրդից վախենում էին, թողեցին ու հեռացան:+
13 Ապա փարիսեցիներից ու հերովդեսականներից մի քանիսին Հիսուսի մոտ ուղարկեցին, որ նրան իր իսկ խոսքերով ծուղակը գցեն:+ 14 Նրանք եկան ու ասացին. «Ուսուցի՛չ, գիտենք, որ դու ճշմարտախոս ես, չես փորձում հաճոյանալ որևէ մեկին, արտաքին բաներով չես դատում մարդկանց և Աստծու ճանապարհի մասին ճշմարտությունն ես սովորեցնում: Թույլատրելի՞ է* կայսրին գլխահարկ տալ, թե՞ ոչ: 15 Տա՞նք, թե՞ չտանք»: Տեսնելով նրանց կեղծավորությունը՝ Հիսուսն ասաց. «Ինչո՞ւ եք փորձում ինձ: Մի դինար* բերեք՝ տեսնեմ»: 16 Նրանք էլ բերեցին: Ապա Հիսուսը հարցրեց. «Ո՞ւմ պատկերը և ո՞ւմ մակագրությունն է սա»: Նրանք պատասխանեցին. «Կայսրինը»: 17 Ի պատասխան՝ Հիսուսն ասաց. «Կայսրինը կայսրին տվեք,+ իսկ Աստծունը՝ Աստծուն»:+ Այդ խոսքերը ապշեցրին նրանց:
18 Հիսուսին մոտեցան սադուկեցիները,+ ովքեր չէին հավատում հարությանը, և հարցրին.+ 19 «Ուսուցի՛չ, Մովսեսը գրել է, որ եթե ամուսնացած մի մարդ անզավակ մահանա, նրա եղբայրը պետք է ամուսնանա նրա կնոջ հետ և իր եղբոր համար սերունդ առաջ բերի:+ 20 Յոթ եղբայրներ կային: Առաջինն ամուսնացավ, բայց մահացավ ու սերունդ չթողեց: 21 Հետո երկրորդը ամուսնացավ նրա կնոջ հետ, և նա էլ մահացավ առանց սերունդ թողնելու: Նույնը պատահեց նաև երրորդին: 22 Այդպես՝ յոթն էլ մահացան առանց սերունդ թողնելու: Վերջում կինն էլ մահացավ: 23 Հարության ժամանակ նա ո՞ր մեկի կինն է լինելու, չէ՞ որ յոթն էլ ամուսնացել էին նրա հետ»: 24 Հիսուսն ասաց նրանց. «Դուք սխալվում եք, և պատճառն այն է, որ ո՛չ սուրբ գրվածքներն եք հասկանում, ո՛չ էլ հասկանում եք, թե որքան մեծ է Աստծու զորությունը:+ 25 Հարություն առնող տղամարդիկ ու կանայք չեն ամուսնանալու, այլ երկնքի հրեշտակների նման են լինելու:+ 26 Մահացածների հարության առնչությամբ Մովսեսի գրքում՝ այրվող փշաթփի դրվագում, չե՞ք կարդացել Աստծու խոսքերը, ով ասել է. «Ես Աբրահամի Աստվածն եմ, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը»:+ 27 Նա ոչ թե մահացածների Աստվածն է, այլ ողջերի: Դուք շատ սխալ եք մտածում»:+
28 Օրենքի ուսուցիչներից* մեկը մոտեցել ու լսում էր, թե ինչի մասին են խոսում, և տեսնելով, որ Հիսուսը լավ պատասխանեց, հարցրեց նրան. «Ո՞ր պատվիրանն է ամենակարևորը»:*+ 29 Հիսուսը պատասխանեց. «Ամենակարևորը սա է. «Լսեք, իսրայելացինե՛ր, Եհովան է մեր Աստվածը, Եհովան միակն է. 30 սիրեք ձեր Աստված Եհովային ձեր ամբողջ սրտով, ձեր ամբողջ հոգով,* ձեր ամբողջ մտքով և ձեր ամբողջ ուժով»:+ 31 Մյուսն* էլ սա է. «Սիրեք ձեր դրացուն ձեր անձի պես»:+ Սրանցից մեծ պատվիրան չկա»: 32 Օրենքի ուսուցիչն ասաց նրան. «Ուսուցի՛չ, շատ լավ ասացիր և ճշմարիտ է ասածդ, որ «նա միակն է, և նրանից բացի ուրիշը չկա»,+ 33 և նրան ամբողջ սրտով, ամբողջ բանականությամբ ու ամբողջ ուժով սիրելը, ինչպես նաև դրացուն սեփական անձի պես սիրելը շատ ավելի մեծ արժեք ունեն, քան բոլոր ողջակեզներն ու զոհերը»:+ 34 Տեսնելով, որ այդ մարդը ճիշտ է դատում՝ Հիսուսն ասաց. «Դու հեռու չես Աստծու թագավորությունից»: Դրանից հետո ոչ ոք այլևս չէր համարձակվում նրան որևէ հարց տալ:+
35 Հիսուսը շարունակեց ուսուցանել տաճարում: Նա ասաց. «Ինչպե՞ս են Օրենքի ուսուցիչներն ասում, թե Քրիստոսը Դավթի որդին է:+ 36 Դավիթն ինքը, սուրբ ոգուց մղված,+ ասաց. «Եհովան ասաց իմ Տիրոջը. «Նստիր իմ աջ կողմում, մինչև քո թշնամիներին ոտքերիդ տակ դնեմ»»:+ 37 Դավիթը նրան Տեր է կոչում, այդ դեպքում ինչպե՞ս նա կարող է Դավթի որդին լինել»:+
Հավաքված մեծ բազմությունը հաճույքով լսում էր Հիսուսին: 38 Շարունակելով ուսուցանել՝ նա ասաց. «Զգույշ եղեք, որ չնմանվեք Օրենքի ուսուցիչներին, ովքեր սիրում են երկար զգեստներով շրջել, հանրային վայրերում* ողջույններ ստանալ,+ 39 ժողովարաններում զբաղեցնել առաջին* աթոռները և ընթրիքների ժամանակ՝ ամենապատվավոր տեղերը:+ 40 Նրանք ուտում են այրիների ունեցվածքը* և ցուցադրաբար երկար աղոթքներ են անում: Նրանք ավելի խիստ դատաստանի կարժանանան»:
41 Հիսուսը նստեց մի տեղ, որտեղից երևում էին գանձանակները,+ ու սկսեց նայել, թե ինչպես է ժողովուրդը փող գցում գանձանակների մեջ: Շատ հարուստներ մեծ գումարներ էին գցում:+ 42 Հետո մի աղքատ այրի եկավ և չնչին արժողության երկու փոքր մետաղադրամ* գցեց:+ 43 Հիսուսն աշակերտներին մոտ կանչեց ու ասաց. «Հաստատ ասում եմ ձեզ. այս աղքատ այրին ավելի շատ գցեց, քան մյուս բոլորը,+ 44 որովհետև բոլորն իրենց ավելցուկը գցեցին, իսկ նա, չունևոր լինելով հանդերձ, գցեց իր ողջ ունեցածը՝ իր ողջ ապրուստը»:+