106 Գովաբանե՛ք Յահին:
Շնորհակալություն հայտնեք Եհովային, որովհետև նա բարի է,+
Նրա հավատարիմ սերը հավերժական է:+
2 Ո՞վ կարող է Եհովայի զորավոր գործերի մասին պատմել,
Նրա գովելի գործերի մասին հռչակել:+
3 Երջանիկ են նրանք, ովքեր արդար են վարվում,
Ովքեր ամեն ժամանակ ճիշտն են անում:+
4 Ո՛վ Եհովա, երբ ժողովրդիդ հանդեպ բարեհաճ լինես, հիշիր ինձ,+
Հոգ տար ու փրկիր ինձ,
5 Որ ընտրյալներիդ հանդեպ դրսևորած բարությունդ ես էլ ճաշակեմ,+
Որ ժողովրդիդ ուրախությանը բաժնեկից լինեմ,
Ծառաներիդ հետ հպարտությամբ քեզ փառաբանեմ:
6 Մեր նախահայրերի պես մենք մեղք գործեցինք,+
Սխալ վարվեցինք, անօրենություն արեցինք:+
7 Եգիպտոսում մեր հայրերը զարմանահրաշ գործերդ չգնահատեցին,
Անսահման հավատարիմ սերդ նրանք չհիշեցին
Եվ ծովի՝ Կարմիր ծովի մոտ ապստամբեցին:+
8 Բայց Աստված, հանուն իր անվան, փրկեց նրանց,+
Որ հայտնի դառնա, թե որքան զորեղ է նա:+
9 Կարմիր ծովը ցամաքեց նրա հրամանով,
Նրանց անցկացրեց ծովի հատակով, ասես անապատով:+
10 Նրանց փրկեց ոսոխից,+
Խլեց թշնամու ձեռքից:+
11 Ջուրը հակառակորդներին ծածկեց,
Նրանցից և ոչ մեկը չփրկվեց:+
12 Այդ ժամանակ մեր հայրերը Աստծու խոստմանը հավատացին,+
Նրան երգով գովաբանեցին:+
13 Սակայն շուտով նրա արածները մոռացան,+
Չսպասեցին, որ նրանից առաջնորդություն ստանան:
14 Անապատում տեղի տվեցին իրենց եսասիրական ցանկություններին,+
Անջուր վայրում Աստծուն փորձեցին:+
15 Իրենց ուզածը նա տվեց,
Բայց հետո հյուծիչ ու մահացու հիվանդությամբ հարվածեց:+
16 Ճամբարում մարդիկ սկսեցին նախանձել Մովսեսին,
Նաև Ահարոնին՝+ Եհովայի սուրբ ծառային:+
17 Այդ ժամանակ էր, որ երկիրը բացվեց ու կուլ տվեց Դաթանին
Եվ ծածկեց Աբիրոնի հետ հավաքվածներին:+
18 Խմբվածների մեջ կրակ բռնկվեց,
Բոցը լափեց անօրեններին:+
19 Նրանք Քորեբում մի հորթ պատրաստեցին,
Ձուլածո կուռքի առաջ խոնարհվեցին,+
20 Նրա փառքը խոտակեր ցլի կերպարանքով ներկայացրին:+
21 Նրանք մոռացան իրենց Փրկչին՝ Աստծուն,+
Ով մեծամեծ գործեր արեց Եգիպտոսում,+
22 Զարմանահրաշ գործեր՝ Քամի երկրում,+
Ակնածանք ներշնչող բաներ՝ Կարմիր ծովի մոտակայքում:+
23 Քիչ էր մնում՝ Աստված նրանց ոչնչացնելու հրաման տար,
Բայց Մովսեսը՝ նրա ընտրյալ ծառան, բարեխոսեց նրանց համար,
Խնդրեց, որ չթափի իր զայրույթը կործանարար:+
24 Հետագայում նրանք փնովեցին ցանկալի երկիրը+
Եվ չհավատացին Աստծու խոստմանը:+
25 Տրտնջում էին իրենց վրաններում,+
Եհովայի ձայնին ականջ չէին դնում:+
26 Ուստի նա երդվեց, որ կմեռնեն անապատում,+
27 Որ նրանց սերնդին ազգերի ձեռքը կմատնի
Եվ երկրներով մեկ ցիրուցան կանի:+
28 Ապա նրանք Փեգորի Բահաղի պաշտամունքին մասնակից եղան+
Եվ մեռածներին մատուցված զոհեր կերան:
29 Իրենց արարքներով նրան վրդովեցրին+
Եվ իրենց վրա պատուհաս բերեցին:+
30 Բայց երբ Փենեհեսը գործի անցավ ու միջամտեց,
Պատուհասը դադարեց:+
31 Դրա համար նա արդար համարվեց
Սերնդեսերունդ, առհավետ:+
32 Այնուհետև նրանք բարկացրին Աստծուն Մերիբայի ջրերի մոտ,
Եվ Մովսեսը տուժեց նրանց պատճառով:+
33 Նրան հունից հանեցին,
Եվ նրա շուրթերից անխոհեմ խոսքեր հնչեցին:+
34 Նրանք Եհովայի պատվերի համաձայն չվարվեցին.+
Ժողովուրդներին չբնաջնջեցին,+
35 Այլ ազգերի հետ խառնվեցին+
Եվ նրանց բարքերը որդեգրեցին:+
36 Նրանց կուռքերին էին ծառայում շարունակ,+
Ինչը նրանց համար դարձավ ծուղակ:+
37 Իրենց որդիներին ու դուստրերին
Զոհաբերում էին դևերին:+
38 Նրանք անմեղ արյուն էին թափում՝+
Իրենց իսկ որդիների ու դուստրերի արյունը,
Որոնց Քանանի կուռքերին էին զոհաբերում.+
Նրանց արյունահեղությունից ապականվել էր երկիրը:
39 Այդպիսի բաներ անելով՝ նրանք պղծվեցին,
Իրենց արարքներով Աստծուն դավաճանեցին:+
40 Ուստի իր ժողովրդի դեմ Եհովայի բարկությունը բորբոքվեց,
Իր սեփական ժողովրդի հանդեպ նա զզվանքով լցվեց:
41 Նրանց բազմիցս ազգերի ձեռքը մատնեց,+
Որ իրենց ատողների տիրապետության տակ լինեն:+
42 Թշնամիները նրանց կեղեքեցին
Եվ իրենց իշխանությանը հպատակեցրին:
43 Աստված շատ անգամ փրկում էր նրանց,+
Բայց նրանք ըմբոստանում էին ու չէին հնազանդվում,+
Եվ նրանց հանցանքները նրանց անկման էին տանում:+
44 Բայց նա տեսնում էր նրանց նեղությունը+
Եվ լսում էր նրանց օգնության կանչը:+
45 Հանուն նրանց՝ իր ուխտն էր հիշում
Եվ իր մեծ հավատարիմ սիրուց մղված՝ նրանց խղճում:+
46 Նրանց բոլոր գերեվարողների սրտում
Նրանց հանդեպ գութ էր արթնացնում:+
47 Ո՛վ մեր Աստված Եհովա, մեզ փրկիր,+
Ազգերի միջից մեզ հավաքիր,+
Որ քո սուրբ անունը փառաբանենք
Եվ ցնծությամբ քեզ գովաբանենք:+
48 Թող փառք տրվի Եհովային՝ Իսրայելի Աստծուն,
Հավիտենությունից հավիտենություն:+
Եվ թող ողջ ժողովուրդն ասի՝ ամեն:
Գովաբանե՛ք Յահին: