1 Սամուել
24 Երբ Սավուղը փղշտացիներին հետապնդելուց հետո վերադարձավ, նրան տեղեկացրին. «Դավիթը Ենգադի անապատում է»:+
2 Սավուղը ամբողջ Իսրայելից 3 000 մարդ ընտրեց և գնաց, որ լեռնայծերի ժայռերի վրա փնտրի Դավթին ու նրա մարդկանց: 3 Նա եկավ ոչխարների քարե փարախների մոտ, որոնք ճանապարհի վրա էին: Այնտեղ մի քարայր կար, և Սավուղը ներս մտավ իր բնական կարիքը հոգալու:* Դավիթն իր մարդկանց հետ նստած էր քարայրի խորքում:+ 4 Դավթի մարդիկ ասացին նրան. «Ահա սա այն օրն է, երբ Եհովան ասում է քեզ. «Թշնամուդ քո ձեռքն եմ մատնում.+ նրա հետ կարող ես վարվել այնպես, ինչպես ուզում ես»»: Ուստի Դավիթը վեր կացավ և մոտենալով Սավուղին՝ թաքուն կտրեց նրա անթև վերնահագուստի ծայրը: 5 Բայց հետո Դավթի սիրտը սկսեց դատապարտել* իրեն+ այն բանի համար, որ կտրել էր Սավուղի վերնահագուստի ծայրը: 6 Նա ասաց իր մարդկանց. «Եհովայի տեսանկյունից անթույլատրելի է, որ ես իմ տիրոջը՝ Եհովայի օծյալին, այդպիսի բան անեմ՝ ձեռք բարձրացնեմ նրա վրա, որովհետև նա Եհովայի օծյալն է»:+ 7 Այսպիսով՝ Դավիթը իր մարդկանց զսպեց* և թույլ չտվեց, որ հարձակվեն Սավուղի վրա: Սավուղը դուրս եկավ քարայրից ու շարունակեց իր ճանապարհը:
8 Դավիթը նույնպես դուրս եկավ քարայրից ու ձայն տվեց Սավուղի հետևից. «Տե՛ր իմ թագավոր»:+ Երբ Սավուղը հետ նայեց, Դավիթը ծնկի եկավ և մինչև գետին խոնարհվեց նրա առաջ: 9 Դավիթն ասաց Սավուղին. «Ինչո՞ւ ես լսում այն մարդկանց, որոնք ասում են, թե Դավիթն ուզում է վնասել քեզ:+ 10 Այսօր քո աչքերով տեսնում ես, որ Եհովան քեզ իմ ձեռքը մատնեց քարայրում: Բայց երբ ինձ ասացին, որ սպանեմ քեզ,+ ես քեզ խղճացի ու ասացի. «Ձեռքս չեմ բարձրացնի իմ տիրոջ վրա, որովհետև նա Եհովայի օծյալն է»:+ 11 Հա՛յր իմ, տե՛ս, քո վերնահագուստի ծայրը իմ ձեռքում է: Ես կտրեցի այն, բայց չսպանեցի քեզ: Հիմա տե՛ս ու հասկացի՛ր, որ քեզ վնասելու կամ քո դեմ ըմբոստանալու մտադրություն չունեմ, և ես քո դեմ մեղք չեմ գործել,+ մինչդեռ դու հետապնդում ես ինձ, որ խլես կյանքս:+ 12 Թող Եհովան դատի, թե մեզնից ով է մեղավոր:+ Թող իմ վրեժը քեզնից Եհովան առնի.+ իմ ձեռքը չի բարձրանա քեզ վրա:+ 13 Մի հին ասացվածք կա՝ «Չար մարդուց է չարություն դուրս գալիս», ուստի իմ ձեռքը չի բարձրանա քեզ վրա: 14 Ո՞ւմ հետևից է ընկել Իսրայելի թագավորը: Ո՞ւմ ես դու հետապնդում՝ ինձ նման սատկած շա՞նը, մի լվի՞:+ 15 Թող դատավորը Եհովան լինի. նա կդատի, թե մեզնից ով է մեղավոր, կքննի ու կպաշտպանի իմ դատը,+ արդարադատություն կիրականացնի ու կփրկի ինձ քո ձեռքից»:
16 Երբ Դավիթը ավարտեց իր խոսքը, Սավուղն ասաց. «Այդ քո՞ ձայնն է, Դավի՛թ, որդի՛ս»:+ Եվ սկսեց բարձրաձայն լաց լինել: 17 Ապա ասաց Դավթին. «Դու ինձնից արդար ես, որովհետև լավ ես վերաբերվել ինձ, իսկ ես քեզ չարով եմ հատուցել:+ 18 Այսօր էլ ինձ բարիք արեցիր, ասածիդ պես, ու չսպանեցիր, երբ Եհովան ինձ քո ձեռքը մատնեց:+ 19 Իր թշնամուն գտնելուց հետո ո՞վ կթողնի, որ նա անվնաս հեռանա: Եհովան բարիքով կհատուցի քեզ+ այն բանի դիմաց, որ դու արեցիր ինձ այսօր: 20 Հիմա ես գիտեմ, որ դու անպայման թագավոր ես դառնալու,+ և Իսրայելի թագավորությունը քո ձեռքում է մնալու: 21 Եվ այժմ երդվի՛ր Եհովայով,+ որ ինձնից հետո իմ սերունդը չես վերացնի և հորս տնից իմ անունը չես ջնջի»:+ 22 Դավիթը երդում տվեց Սավուղին: Դրանից հետո Սավուղը գնաց տուն,+ իսկ Դավիթը իր մարդկանց հետ բարձրացավ ապաստարան:+