2 Տարեգրություն
14 Աբիան հանգչեց իր նախահայրերի հետ, և նրան թաղեցին Դավթի քաղաքում:+ Նրանից հետո սկսեց թագավորել նրա որդին՝ Ասան: Ասայի օրոք տասը տարի երկրում խաղաղություն եղավ:*
2 Ասան արեց այն, ինչը լավ էր ու ճիշտ իր Աստված Եհովայի աչքում: 3 Նա վերացրեց օտար աստվածների զոհասեղաններն+ ու սրբավայրերը, ջարդուփշուր արեց սուրբ սյուներն+ ու կոտրեց սուրբ ձողերը:*+ 4 Նա նաև Հուդայի բնակիչներին պատվիրեց երկրպագել* իրենց հայրերի Աստված Եհովային և պահել Օրենքն ու պատվիրանները: 5 Հուդայի բոլոր քաղաքներից Ասան վերացրեց սրբավայրերն ու խնկանոթները:+ Նրա օրոք թագավորության մեջ խաղաղություն էր տիրում: 6 Ասան Հուդայում ամրացված քաղաքներ կառուցեց,+ քանի որ երկրում խաղաղություն էր: Այդ տարիներին ոչ ոք չէր պատերազմում նրա դեմ, որովհետև Եհովան նրան հանգստություն էր տվել:+ 7 Նա ասաց Հուդայի բնակիչներին. «Եկեք քաղաքներ կառուցենք և դրանց շուրջը աշտարակներով,+ դարպասներով ու նիգերով պարիսպներ կանգնեցնենք: Երկիրը մեր տիրապետության տակ է, որովհետև մենք մեր Աստված Եհովային ենք երկրպագում: Մենք սկսեցինք երկրպագել նրան, ու նա մեզ ամեն կողմից հանգստություն տվեց»: Եվ նրանք շինարարությունը հաջողությամբ ավարտին հասցրին:+
8 Ասան մեծ վահան ու նիզակ կրող 300 000-անոց զորք ուներ Հուդայի ցեղից և 280 000 զորեղ ռազմիկներ՝ Բենիամինի ցեղից, որոնք ասպար* էին կրում ու զինված էին նետ ու աղեղով:+
9 Նրանց դեմ դուրս եկավ եթովպացի Զարան 1 000 000-անոց զորքով ու 300 կառքերով:+ Երբ նա հասավ Մարեսա,+ 10 Ասան գնաց նրան ընդառաջ: Նրանց զորքերը մարտական կարգով շարվեցին Սեփաթա հովտում՝ Մարեսայի մոտ: 11 Ասան իր Աստված Եհովային օգնության կանչեց՝+ ասելով. «Ո՜վ Եհովա, դու կարող ես օգնության հասնել թե՛ ուժեղին* և թե՛ թույլին:+ Օգնի՛ր մեզ, Եհո՛վա, մեր Աստվա՛ծ, որովհետև մենք քեզ ենք ապավինում+ և քո անունով ենք դուրս եկել այս բազմության դեմ:+ Եհո՛վա, դո՛ւ ես մեր Աստվածը: Թույլ մի՛ տուր, որ մահկանացու մարդը քեզանից զորավոր լինի»:+
12 Եհովան Ասայի և Հուդայի աչքի առաջ պարտության մատնեց եթովպացիներին, ու նրանք փախուստի դիմեցին:+ 13 Ասան և իր ռազմիկները հետապնդեցին եթովպացիներին մինչև Գերար՝+ սպանելով նրանց: Մեկն անգամ ողջ չմնաց, որովհետև Եհովան ու նրա զորքը նրանց կոտորել էին: Հուդայի ռազմիկները հսկայական ավար վերցրին, 14 ապա նվաճեցին Գերարի շուրջը եղող բոլոր քաղաքները, որովհետև Եհովան վախով էր համակել դրանց բնակիչներին: Նրանք թալանեցին այդ բոլոր քաղաքները, քանի որ ավար վերցնելու շատ բան կար այնտեղ: 15 Նրանք նաև հարձակվեցին հովիվների վրանների վրա ու մեծ թվով ոչխարների հոտեր և ուղտեր քշեցին տարան, ինչից հետո վերադարձան Երուսաղեմ: