2 Թագավորներ
11 Երբ Օքոզիայի մայրը՝ Գոթողիան,+ տեսավ, որ իր որդին մահացել է,+ վերացրեց ամբողջ թագավորական սերունդը:+ 2 Սակայն Օքոզիայի քույր Հոսաբեեն՝ Հովրամ թագավորի դուստրը, Օքոզիայի որդի Հովասին+ գաղտնաբար վերցրել էր թագավորի որդիների միջից, որոնց պատրաստվում էին սպանել, և նրան ու նրա դայակին թաքցրել էր ննջասենյակում: Եվ քանի որ Հովասին թաքցրել էին Գոթողիայից, նա չէր սպանվել: 3 Հովասը դայակի* հետ վեց տարի թաքցված մնաց Եհովայի տանը: Այդ ընթացքում Գոթողիան էր իշխում երկրում:
4 Յոթերորդ տարում Հովիադան մարդ ուղարկեց և կանչեց կարիական թիկնապահների* ու պալատի պահապանների*+ վրա նշանակված հարյուրապետներին, որ գան իր մոտ՝ Եհովայի տուն: Նա դաշինք* կապեց նրանց հետ ու Եհովայի տան մեջ երդում անել տվեց, ինչից հետո նրանց ցույց տվեց թագավորի որդուն:+ 5 Հովիադան հրամայեց նրանց. «Այսպես արեք. ձեր մեկ երրորդը թող Շաբաթ օրը հերթապահի և զգոնությամբ հսկի արքունական պալատը,+ 6 մեկ երրորդը Հիմքի դարպասի մոտ լինի, մեկ երրորդն էլ՝ պալատի պահապանների հետևի դարպասի մոտ: Հերթափոխով հսկեք տունը: 7 Ձեր այն երկու ջոկատները, որոնք Շաբաթ օրը հերթապահություն չեն ունենա, թող զգոնությամբ պահպանեն Եհովայի տունը, որպեսզի պաշտպանեն թագավորին: 8 Թագավորի չորս կողմը կկանգնեք՝ ամեն մեկդ զենքը ձեռքին: Ով որ փորձի շարքերից ներս մտնել, սպանեք նրան: Թագավորի հետ եղեք, ուր էլ որ նա գնա»:*
9 Հարյուրապետներն+ արեցին ճիշտ այնպես, ինչպես Հովիադա քահանան հրամայեց: Նրանք վերցրին իրենց մարդկանց՝ թե՛ Շաբաթ օրը հերթապահություն ունեցողներին և թե՛ չունեցողներին, ու եկան Հովիադա քահանայի մոտ:+ 10 Քահանան հարյուրապետներին տվեց Դավիթ թագավորի նիզակներն ու կլոր վահանները, որոնք Եհովայի տանն էին: 11 Պալատի պահապանները,+ ամեն մեկը զենքը ձեռքին, զբաղեցրին իրենց դիրքերը՝ տան աջ կողմից մինչև տան ձախ կողմը և զոհասեղանի+ ու տան մոտ, որպեսզի բոլոր կողմերից պաշտպանեն թագավորին: 12 Հետո Հովիադան դուրս բերեց թագավորի որդուն,+ նրա գլխին դրեց թագն ու Վկայությունը:*+ Նրան թագավոր հռչակեցին և օծեցին, ապա ծափ տալով բացականչեցին. «Կեցցե՜ թագավորը»:+
13 Երբ Գոթողիան լսեց իրարանցման մեջ եղող մարդկանց ձայները, անմիջապես գնաց Եհովայի տուն, որտեղ հավաքվել էր ժողովուրդը:+ 14 Նա տեսավ, որ սովորույթի համաձայն՝ թագավորը կանգնած է սյան մոտ:+ Զորագլուխներն ու շեփորահարները+ կանգնած էին թագավորի կողքին, և երկրի ողջ ժողովուրդը ուրախանում էր ու շեփոր հնչեցնում: Այդ ժամանակ Գոթողիան պատռեց իր հագուստներն ու բղավեց. «Դավադրությո՜ւն է: Դավադրությո՜ւն»: 15 Հովիադա քահանան զորքի վրա նշանակված հարյուրապետներին հրամայեց.+ «Դո՛ւրս տարեք նրան շարքերի միջից, և ով որ գնա նրա հետևից, սրի՛ քաշեք» (մինչ այդ քահանան ասել էր, որ նրան չսպանեն Եհովայի տանը): 16 Ուստի Գոթողիային բռնեցին, տարան այնտեղ, որտեղով ձիերը մտնում են արքունական պալատ,+ ու սպանեցին:
17 Այնուհետև Հովիադայի նախաձեռնությամբ Եհովայի և թագավորի ու ժողովրդի միջև ուխտ կնքվեց,+ ըստ որի՝ նրանք շարունակելու էին Եհովայի ժողովուրդը լինել, նաև ուխտ կնքվեց թագավորի և ժողովրդի միջև:+ 18 Դրանից հետո երկրի ողջ ժողովուրդը եկավ Բահաղի տուն,* քանդեց նրա զոհասեղանները,+ ջարդուփշուր արեց նրա կուռքերը,+ իսկ Բահաղի քահանա Մատթանին զոհասեղանների առաջ սպանեց:+
Հովիադա քահանան վերակացուներ նշանակեց Եհովայի տանը ծառայողների վրա:+ 19 Հետո նա իր հետ վերցրեց հարյուրապետներին,+ կարիական թիկնապահներին, պալատի պահապաններին+ ու երկրի ողջ ժողովրդին, որպեսզի թագավորին Եհովայի տնից միասին ուղեկցեն արքունական տուն: Նրանք պալատի պահապանների դարպասով գնացին այնտեղ, և Հովասը նստեց թագավորական գահին:+ 20 Երկրի ողջ ժողովուրդն ուրախ էր, և քաղաքը խաղաղվել էր, քանի որ Գոթողիային արքունական տան մոտ սպանել էին: